Պաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը


ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ այն հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով իրականացնել հանրային իրազեկման գործառույթը: Ներկայացրելով նոր կայքը` ՊՆ աշխատակից Հայկ Հարությունյանը հավաստիացրել է, որ այն անընդհատ համալրվելու է և առաջիկայում ներառելու է նաև վիճակագրական տեղեկություններ: Անպարտելի ես, եթե գիտակցում ես Ժամանակն է փաստել, որ կայուն բանակի հիմքը և գլխավոր գրավականը հոգեպես ամուր ու պատրաստված զինվորն է: Երիտասարդության ճիշտ և նպատակաուղղ ված դաստիարակությունը, նրան ազգային արժեքներով սնելը, հայրենասիրական բարձր ոգի և սեր արթնացնելը բոլոր ժամանակներում, իսկ հատկապես անհանգիստ մեր տարածաշրջանում` օրվա հրամայականն է: Հասարակությունը, ընտանիքը, այսպես` յուրաքանչյուր օղակ պարտավոր է դեռ վաղ տարիքից երեխայի մեջ արմատավորել հայրենիքի, պետության գաղափարը, մեր արժեքները ճանաչելու, դրանց հավատարիմ մնալու գիտակցումը: Ինչպես նաև` ամենամեծ ու կարևոր առաքելությունը` հայրենիքի պաշտպան դառնալու իրողության անհրաժեշտությունը: Նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակության ամենապարզ եղանակը ճանաչողությունն է` մեր պատմության դրվագները երիտասարդներին ճանաչելի դարձնելը: Պաշտպանության նախարարի Մեթոդական ցուցումներում նշվում է. «Զինվորն իրեն անպարտելի և ինքնավստահ կզգա, երբ գիտակցի, որ ինքը հերոս ժողովրդի զավակ է, երբ ծանոթ լինի իր ժողովրդի փառավոր ուղուն, հասկանալ նաև որ իր և իր ընկերների ընդհանուր գործը ազնիվ ու արդար է, նաև` անչափ կարևոր և գնահատելի»… Պատանուն հոգեբանորեն պատրաստելու առաքելությունն իրականացնող օղակներից ամենակարևորն ու ելակետայինը, թերևս, դպրոցն է: Իհարկե, դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկայի շրջանակներում պետք է երիտասարդ սերունդը հայրենասիրության դասեր առնի, սակայն նրան հոգեբանորեն պատրաստելու ու նաև անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման առումով բանակին նախապատրաստելու գործում մեծ է հատկապես նախնական զինվորական պատրաստության դերը, որն էլ բանակ-դպրոց կապն ավելի անմիջական է դարձնում: Իսկ պատասխանատվության ամենամեծ բաժինն այս գործում, անշուշտ, զինղեկինն է: Հենց նրանց հուզող խնդիրների և դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ժամանակակից մեթոդների բարելավման ուղիների քննարկման նպատակով էլ կազմակերպվել է խորհրդակցություն, որին ներկա էին ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանը, Հանրապետական զինկոմիսարիատի նախազորակոչի պատրաստման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայրապետյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը և Երևան քաղաքի դպրոցների զինղեկները: - Մեր ռազմավարական կարևորագույն փաստաթղթերում մեծ սպառնալիք է համարվում ռազմահայրենասիրական դաստիարակության բացթողումը: Հասարակության, երիտասարդության շրջանում մանկապատանեկան կազմակերպությունների բացակայությունը, կրթական, դաստիարակչական բացթողումները հանգեցրել են նրան, որ այսօր մեր պետության կարևորագույն ռազմավարական ծրագրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը համարվում է բացթողում: Արդեն 3¬րդ տարին է, որ Ռազմահայրենասիրական միջոցառումների և դաստիարակության բաժինն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում, և տեղաշարժեր կատարվել են: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանով կատարվեց դպրոցների կցագրում զորամասերին: Բավականին աշխատանքներ կատարվել են: Զորամասերն օգնել են դպրոցներին, կազմակերպվել են համատեղ միջոցառումներ: Հիմա անհրաժեշտություն է առաջացել վերանայելու այն ծրագրերը, մոտեցումները, որ ունեցել ենք նախորդ տարիներին,¬ տեղեկացրեց գնդապետ Վանիկ Մինասյանը: Նրա խոսքերով` Պաշտպանության նախարարի հրամանով հայտարարվել է Պաշտպանական բարեփոխումների որակական առաջընթացի տարի: Դա անմիջականորեն կապվում է նախազորակոչային պատրաստության հետ: Զինղեկները կիսվեցին իրենց մտահոգություններով: Հնչեցին տարաբնույթ հարցեր` կապված դասագրքերի, առարկային հատկացված ժամաքանակի ավելացման և այլ խնդիրների հետ: Արդյո՞ք այսօր հաջողվում է դպրոցներին գտնել իրենց առջև դրված խնդիրների լուծումը` նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում: Հաջողվո՞ւմ է կրթել հոգեբանորեն պատրաստ սերունդ: - Դպրոցի աշխատանքն այս հարցում, կարծում եմ, կախված է ոչ միայն ցանկությունից, այլև հնարավորություններից: Ցանկություն բոլորս ունենք: Բազմիցս խոսել եմ այս մասին: Կարծում եմ, մեր առարկայի շրջանակներում աշակերտներին ավելի շատ հետաքրքրում են զենք¬զինամթերքը, տեսապաստառները ու հատկապես` տեսաֆիլմերը: Գաղտնիք չէ, որ մեր երեխաները շատ քիչ են կարդում: Իսկ եթե չեն կարդում, բնականաբար, պետք է գտնել տեղեկատվությունը նրանց հասցնելու այլ եղանակ: Օրինակ` տեսաֆիլմերի ցուցադրումը: Սա ամենակարճ ճանապարհն է: Այս դեպքում զինվորի առօրյան ավելի կենդանի, շոշափելի ու պատկերավոր կդառնա,¬ համոզված է Երևանի N 68 հիմնական դպրոցի զինղեկ, մայոր Ա. Մարգարյանը: Պատանու մեջ հայրենասիրական ոգի սերմանող և կրթող արդյունավետ միջոցներից է ռազմահայրենասիրական միջոցառումների հաճախակի կազմակերպումը: Գնդապետ Վ. Մինասյանը գտնում է, որ համակարգված աշխատանքներում առկա են բացթողումներ: - Միշտ չէ, որ միջոցառումը կազմակերպվում է` ուշադրություն դարձնելով բովանդակային կողմին: Միշտ չէ, որ դրանք կրում են նպատակաուղղված, թիրախային բնույթ: Սա աններելի է: Մասնակցելով տարբեր միջոցառումների` նկատել եմ, որ այն հայրենասիրական բոցը, որ պիտի լինի երեխաների աչքերում, բացակայում է: Բոլորիս նպատակը պետք է լինի մեկը` կարողանանք այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք ինքնանպատակ կլինեն: Թող լինի փոքր մասշտաբի` մի դասարանի, մի դպրոցի, զորամասի մակարդակի միջոցառում, բայց ունենա իր նպատակները: Կարծում եմ, այն ծրագրերը, որոնց վրա աշխատում ենք, կունենան այդ ուղղվածությունը ,¬ ասում է նա: Այնուամենայնիվ, ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկվում են: Իսկ տեղաշարժեր նկատելի են: Մեծ անհրաժեշտություն է նաև ազգային երգ ու պարի ուսուցումը: Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Մարզառազմական և արտաուսում նական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը մտահոգ է, որ ծրագրերի խտության պատճառով հնարավոր չէ նոր առարկա ավելացնել, բայց, հաշվի առնելով ազգային երգ ու պարի կրթող դերը, ծրագիր է մշակվում ֆիզկուլտուրայի դասաժամերում ուսուցանել նաև հայոց ռազմապարերի շարժումներ: Իսկ քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշակվում է ծրագիր, որի շրջանակներում աշակերտները հնարավորություն կստանան պարբերաբար մասնակցել հայրենասիրական ֆիլմերի դիտմանը և հանդիպել հերոսներին: Եթե յուրաքանչյուր կառույց պատասխանատվորեն վերաբերվի և իր կարողությունների, հնարավորությունների շրջանակներում ակտիվ մասնակցությամբ իր թեկուզ փոքր ավանդը ներդնի, մենք կունենանք հայրենիքը սիրող, ազգային արժեքները ճանաչող ու գնահատող, դրանց պահպանման պատասխանատվությունը գիտակցող սերունդ, ավելի պատրաստված և հայրենասեր զինվորներով համալրվող բանակ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ