Վաշխառուները


 

Քրեական օրենսգրքի 213 հոդվածը պատիժ է սահմանում վաշխառությամբ զբաղվողների համար: Իսկ վաշխառուն, ժողովրդի լեզվով ասած, տոկոսով փող տվողն է: ՀՀ քրեական օրենսգիրքը տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքը դասվող այս հանցատեսակի համար հստակ պատիժ է սահմանում` հաշվի առնելով այն հանգամանքը, թե վաշխառության հետևանքով տուժողը նյութական ինչպիսի կացության մեջ է հայտնվել, կամ տուժողն ինչ կարգավիճակ ունի: Օրինակ, եթե տուժողն անչափահաս է կամ մտավոր զարգացման թերություններ ունի, պատիժն առավել խիստ է: Պատիժը խստանում է, եթե վաշխառություն կատարած անձի կողմից այդ արարքը դարձել է արհեստ: Օրենքի սահմանած պատիժը կոնկրետ այս դեպքում մինչև չորս տարի ժամկետով ազատազրկումն է: Վաշխառությունը, որ բուռն ծաղկում ապրեց 90-ականների սկզբներին, ցավոք, այսօր էլ արդիական է: Ճիշտ է, ոչ այն ժամանակների ծավալով, երբ «տոկոսի տակ ընկնելու» պատճառով տնանկ և ունեզուրկ դառնալը ոչ միայն համատարած, այլև սովորական երևույթ էր, բայցևայնպես, այսօր էլ մեր հայրենակիցներից ոմանք նյութական, տնտեսական հարցեր լուծելու համար դիմում են «տոկոսով փող տվողներին» և վերցրած մեկի փոխարեն երբեմն վճարում մի քանի անգամ ավելին` չգիտակցելով, որ իրենց «լավություն անողը» վաշխառու է, և նրա արարքը` քրեորեն պատժելի:

Մեր առաջին պատմության հերոսուհին` Անահիտ Ա.-ն, բավական պատկառելի տարիքի է: Նրան ծանոթները հենց այդպես էլ անվանում են` տոկոսով փող տվող: Շատերն են նրա հետ գործ ունեցել: Ոմանց հաջողվել է հաշտ ու խաղաղ բաժանվել, ոմանք էլ այլ ճանապարհ չտեսնելով` դիմել են ոստիկանություն:

Այդպես վարվեցին նաև Երևանի բնակչուհիներ, քույրեր Մերին ու Գայանեն: Մոտ մեկ տարվա տարբերությամբ տիկնոջից հազարական դոլար գումար էին վերցրել` ամսական 10 տոկոսով: Ամիսներ շարունակ, ինչպես պայմանավորվել էին (նաև` գրավոր), ամեն ամիս վճարում էին տոկոսագումարները: Սակայն հետագայում, հայտնվելով ֆինանսական նեղ վիճակում ու չկարողանալով վճարել, տեղեկացրին Անահիտին: Սակայն պարտապանների վիճակը նրան բնավ չէր հետաքրքրում: Նա իր գումարի տերն էր: Անահիտը քույրերին առաջարկում է մեկ ստացական գրել` խոստանալով պատռել նախկինները: Գայանեն երկուսի փոխարեն ընդհանուր ստացական գրեց, սակայն որոշ ժամանակ անց քույրերը պարզեցին, որ գոյություն ունի նաև մեկ այլ ստացական. Անահիտը պատռել էր նախկին ստացականներից մեկը, իսկ մյուսը պահել էր...

Հիշյալ իրողությունը պարզելուց հետո քույրերը դիմեցին իրավապահներին:

***

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործի մանրամասները ներկայացնելը կարևորվում է նրանով, որ երևույթը մեզանում տարածված է, և բազմաթիվ են ոստիկանություն դիմած քաղաքացիները: Ավելի մեծաթիվ են նրանք, ովքեր շարունակում են ունեզրկվել, հոգեկան ու նյութական վնասներ կրել վաշխառուների կողմից` համառորեն չդիմելով օրենքի օգնությանը միայն այն սին պատկերացմամբ` իբր այդ մարդիկ ժամանակին իրենց լավություն են արել, իբր ձեռք են մեկնել:

Ոչ մի չափազանցություն չկա ասվածի մեջ, ու դա հաստատվում է նաև հերթական օրինակով. տարիներ առաջ անհաջող բիզնեսի պատճառով Մամիկոն Վ.-ն ստիպված էր, այսպես ասած, տոկոսով փող վերցնել իր ծանոթ Արամ Կ.-ից` հինգ հազար դոլար` ամսական քսան տոկոսով: Ութ տարի է` պարտաճանաչ փակում է ամսական տոկոսադրույքը` չկարողանալով մարել մայր գումարը: Թե քանի հինգ հազար դոլար է արդեն տվել` հայտնի չէ, իսկ ծանոթ վաշխառուն անամոթաբար խժռում ու խժռում է հինգ հազար դոլարի տոկոսները: Պարտառուն այդ ընթացքում գրեթե բոլոր հարազատներից հասցրել է պարտք վերցնել, որ տոկոսները փակի...

Իսկ օրենքին չի դիմում, որովհետև չի ուզում «երախտամոռ լինել», չէ՞ որ այդ մարդը ժամանակին իրեն «լավություն» է արել...

Երախտագիտության այսպիսի թյուր պատկերացմամբ քանի˜-քանիսն են այսօր տնանկ և ունեզուրկ դառնում... Իսկ ահա Շենգավիթ համայնքի բնակիչ Մամիկոն Վ.-ն, ընկերոջ հյուսած «տոկոսային» ցանցում, իհարկե վերջնականապես խճճվելուց հետո, դիմեց ոստիկանություն:

***

Սարիթաղցի Սամսոն Վ.-ն ու Արթուր Դ.-ն ընկերներ էին, և դա էր պատճառը, որ Արթուրը նեղության պահին նրան դիմեց:  Ֆինանսական որոշ խնդիրներ ուներ, որոնք անհետաձգելի լուծում էին պահանջում: Դեռևս ամռանն էր. Արթուրն ընկերոջից պարտքով վեց հարյուր հազար դրամ խնդրեց: Սամսոն Վ.-ն, ափսոսանք հայտնելով, որ չի կարող օգնել ընկերոջը, փոխարենը այլ ելք առաջարկեց. իբր ծանոթ մի կին ամիսը 20 տոկոսով գումար է տալիս: Անելանելի վիճակում հայտնված Արթուրի համար դա էլ էր փրկություն: Մանավանդ, որ վստահ էր` երկու ամսում թե´ մայր գումարը, թե´ տոկոսները կմարի: «Տոկոսով փող տվող» կնոջ հետ չէր հանդիպելու. Սամսոնն այդ «բեռից» էլ էր նրան ազատում: Սակայն գումարը տալիս, իբր ծանոթ կնոջ անունից, ստացական պահանջեց, համաձայն որի` ինքը Արթուր Դ.-ին ութ հարյուր հազար դրամ պարտք է տալիս` երկու ամիս ժամկետով: Ութ հարյուր հազար դրամի մեջ մտնում էին վեց հարյուր հազար դրամն ու երկու ամսվա տոկոսները: Դեռ քառասուն հազար դրամ էլ Սամսոնը, այսպես ասած` զեղչ էր անում...

Երեք ամիս տոկոսն ու մայր գումարից որոշ մաս տալուց հետո Արթուրը նրան խնդրում է բարեխոսել ծանոթի մոտ, որ միայն «տոկոսը» տա` մինչև կարողանա վերադարձնել մայր գումարն ամբողջությամբ: Այդպես, անկանոն հաճախականությամբ, Սամսոն Վ.-ն ընկերոջից մեկ միլիոն չորս հարյուր քսան հազար դրամ գումար է վերցնում: Հետո արդեն սկսում է իրեն պարտք լինելու վերաբերյալ ստացականներ պահանջել: Եվ երբ պարտքի մասին համապատասխան ստացականներն ուներ, երկու միլիոն չորս հարյուր հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով դիմում է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Պահանջի ձևակերպումը հստակ էր` իբր Արթուր Դ.-ն իրենից պարտքով երկու միլիոն չորս հարյուր հազար դրամ է վերցրել և չի վերադարձնում:

Մինչ դատարանը կքններ հայցադիմումը, Արթուր Դ.-ն դիմում է ոստիկանություն. դա միակ ճշմարիտ ճանապարհն էր, որը կազատեր նրան ընկերոջ նյութած դավից:

Ագահության պատճառով Սամսոն Վ.-ն հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում: