ՃԳՆԱԺԱՄԸ` ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԱՌԻԹ


Տնտեսության անկումն, ինչպես հայտնի է, 18,5 տոկոսի է հասել, իսկ առաջիկա ամիսների համար արվող կանխատեսումներն ավելի հուսահատեցնող են: Նույնիսկ լավատեսներն են նախանշում, թե հայրենի տնտեսությունը տարեվերջը 20-25 տոկոսի հասած բացասական ցուցանիշով է «նշանավորելու»: Իր հերթին վիճակագրությունը գույներն ավելի է խտացնում, և ասվածին հավելվում է, որ այս առումով մեր հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում ռեկորդակիր է… Հակառակ մեր անգերազանցելիութ յանը` հետխորհրդային շատ հանրապետություններ արդեն իսկ ֆինանսատնտեսական պատուհասի հաղթահարման, նկատելի դարձող տնտեսական աճի առարկայացող միտումների մասին են ավետում: Իսկ մինչ այդ պարզվում է, որ մեզ արդեն հաջողվել է վազանցել 18 տոկոսանոց տնտեսական անկման փաստից շվարած նախկին առաջատարին` Ուկրաինային: Բայցևայնպես, հենց նույն ճգնաժամի պայմաններում և ուղեկցությամբ ընդգծվող առանձին իրողություններ շարունակում են նշված գործընթացներից անբաժան դարձած հարցականների հետագիծն ավելի տեսանելի ներկայացնել: Իսկ դրանց իրական շարժառիթները կամ ճգնաժամի «օգուտները», դարձյալ հակված ենք կարծելու, որ դրա հաղթահարումից հետո միայն ավելի պարզորոշ կերպով երևան կգան: Դեռևս տարեսկզբին կարելի էր ենթադրել, թե տարվա աղետի մեծագույն հարվածը բանկերն են կրելու: Տարօրինակ է, բայց այս ֆինանսատնտեսական կառույցներից ցանկացածի ամեն մի հաշվետվություն ուղիղ հակառակն է «պնդում». հայաստանյան բանկերը ներկայում ծաղկում ու բարգավաճում են ավելի զգալի չափերով, քան նախորդող և անհամեմատ կայուն ու բարենպաստ համարված տարիներին: Վնասով աշխատող կամ համենայն դեպս այդպես ներկայացող մեկ-երկու բանկերը եթե չհաշվենք, ապա այս համակարգում ստեղծված իրավիճակը նախանձելի լինելու չափ փայլուն է: Մի կողմից պահուստները տրաքվում են ցանկացած արտարժույթի առատությունից. հակառակ կանխատեսումների` սնանկացող բանկեր այդպես էլ չգտնվեցին, իսկ ներկայում էլ գրեթե հարյուր տոկոսանոց երաշխիքներ կան` մինչև ճգնաժամի ավարտը նման իրողություն ների գրեթե բացառված լինելու վերաբերյալ: Այս շրջանում նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցների ամենաուղղակի աջակցությունն է հաջողվել վաստակել, և արդյունքում (՞) վարկավորման ֆանտաստիկ տոկոսադրույքներն են փոքր-ինչ նվազեցվել: Եվ չնայած ֆանտաստիկան ու իրականությունը դեռևս շատ են իրարից հեռու, այսուհանդերձ, ստացվում է, որ դեռ նախորդ տարի կազմակերպություններն ու քաղաքացիներն ավելի պարտաճանաչ, բարեխիղճ և, որ ամենակարևորն է` վճարունակ են եղել: ՀՀ բանկերի միության նախագահը հայտարարել է, թե անցյալ տարվա համեմատությամբ 5-6 անգամ աճել է հայաստանյան բակերին չվերադարձված վարկերի թիվը: Այն, որ մոտավորապես այսքան անգամ կյանքը հայոց աշխարհում վատթարացել է, դա դեռ հարցի մի կողմն է: Հետաքրքիր է, որ լրջորեն «քցված» բանկային համակարգը կրած կորուստների հարցում համեստորեն լռում է` զարգացման, աճող շահույթների, նորանոր ծառայությունների թմբկահարումը անհամեմատ առաջնային համարելով: Փաստորեն գործնականում գաղտնի կամ անհայտ է մնում չվերադարձված վարկերի տեսքով բանկերի կրած կորուստների մոտավոր չափերը: Ավելի հավանական է, որ պատճառված վնասների հիմնական հեղինակները ոչ այնքան ոչ մեծ վարկեր ձեռք բերած քաղաքացիներն են, այլ անհամեմատ խոշոր ձեռնարկումներ իրականացնող հայտնի կազմակերպությունները: Չէ՞ որ ճգնաժամի ընձեռած պատեհությունից օգտվելու և փողեր մսխելու ավելի լավ առիթ Աստված գիտե, թե մեկ էլ երբ կընձեռվի: Մանավանդ, որ Կենտրոնական բանկն էլ, գոնե արտաքուստ, այս ամենի հանդեպ անտեղյակ է ներկայանում` փոխարենը նախընտրելով ամենայն հրճվանքով 100 հազարոց նոր թղթադրամը ներկայացնել: Առավել զավեշտալի է, որ Աբգար թագավորի դիմանկարով նոր հարյուրհազարանոցի ծնունդը (որն ըստ ԿԲ պատասխանատուների` նախ և առաջ դոլարիզացիայի հաղթարշավը կասեցնելուն է միտված) ամերիկյան արտարժույթի վերջին շրջանում հաստատուն դարձած գնի արժևորմամբ է զուգահեռվում: Միամիտներին կարող է թվալ, թե մեկ դոլարի ընդամենը 6-7 դրամով թանկանալը մեր կյանքում ոչինչ էլ չի փոխի: Բայց դրամադոլարային տատանումների հանդեպ նրբազգաց դարձած շուկան երբեք էլ չի անտեսել, և նախորդող օրերը նույնպես անխուսափելի թանկացումներով նշանավորվեցին: Երկարաշունչ անվամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար, իհարկե, նոր ասուլիսների վարման առիթներ են ստեղծվել: Աշոտ Շահնազարյանը հիմա ևս սովորականի պես հավաստիացնում է, թե որքան անդուր է, երբ տնտեսվարողներն, առիթից օգտվելով կամ այն օգտագործելով, թանկացնում են ապրանքը: Սա, իհարկե, երկրորդական է, քանի որ այն, ինչ հնչում է այս հանձնաժողովից, բոլորս գիտենք, ուր թերևս Ա. Շահնազարյանի ասուլիսներին ուշադիր հետևելու կարիքն էլ չկա: Խնդիրն այն է, որ եթե ասենք մեկ կիլոգրամ շաքարավազի գինը դոլարի կուրսին համընթաց անպայման պետք է վերանայվեր, ապա այն ոչ թե 30-40, այլ 3-4 դրամ պետք է կազմեր: Ձեթի մեկ լիտրի գինն էլ ոչ թե 50-60, այլ ընդամենը 5-6 դրամով պետք է աճեր: Այն էլ այն դեպքում, եթե շաքարավազ, ձեթ ու այլ ապրանքներ ներկրողների եկամուտն այնքան նվազ լիներ, որ նշված մի քանի դրամի տարբերությունը շահույթի հաշվին հնարավոր չլիներ փոխհատուցել: Բայց նման ճկունություն մեր տնտեսվարողներն անգամ լավ ժամանակներում չեն ցանկացել դրսևորել: Այնպես որ` շատերի համար ճգնաժամը շահութաբեր առիթ է. տնտեսական անկման շարունակաբար աճող ցուցանիշն ակնհայտորեն նրանց քիչ է հետաքրքրում… Իսկ եթե ավելի անկեղծ` բացարձակապես չի հուզում:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ