ՏՈՒՆ ԴԱՐՁԻ ԿԱՄՈՒՐՋ


Վաղը Մայր հայրենիքին հրաժեշտ կտան 7 երկրներից այստեղ ժամանակավոր հանգրվան գտած երիտասարդները: Եվ, որպես յուրօրինակ ամոփոփում Հայաստանում անցկացված անմոռաց օրերի, Գառնո հինավուրց տաճարի մոտ նրանք հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Երեխաների գիտելիքները ճշտելու նպատակով նրանց ճանաչողական հարցեր էին ուղղել Վարչապետը, Նախարարը, Կոտայքի մարզպետն ու Գառնիի գյուղապետը: Պատասխանողներն, իհարկե, խորհրդանշական նվերներ ստացան: Ինչպես բազմիցս նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը` 2009-ի մայիսին մեկնարկած «Արի տուն» «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձևավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Եվ 6 ամսյա ժամկետում Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձևավորված 14-25 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով հյուրընկալվում են հայաստանաբնակ հայ ընտանիքներում: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես հավաստում է, որ իրականանում է ծրագրի բուն նպատակը` Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձևավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը մեր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Գառնիի տաճարում հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին, գործադիրի ղեկավարը նշեց, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են, որ Հայաստան -Սփյուռք գործակցությունը կառավարության առաջնայնություններից է, և երիտասարդներին է վիճակված լինել հայրենիքի նոր դեսպանները: Տիգրան Սարգսյանն իր առանձնակի շնորհակալությունը հայտնեց այն ընտանիքներին, որոնք ընդունել են Հայաստանը ճանաչելու եկած երիտասարդներին, ովքեր նրանց հետ կիսել են իրենց ընտանիքների ջերմությունը: Վարչապետը հիշեցրել է, որ նրանք աշխարհի այս անկյունում Հայաստան կոչվող իրական հայրենիք ունեն և պատգամել է նրանց վերադառնալ: Կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել «Արի տուն» ծրագրի ինտելեկտուալ խաղի հաղթողներին: Այնուհետ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է մասնակիցներին հուզող տարաբնույթ հարցերի: Հայրենիքով լցված, պատանիներն արդեն իրենց իսկական տանտեր էին զգում, և ավանդական դարձած խարույկի շուրջ իրենց բարձրաստիճան հյուրերին նրանք շուրջպարի հրավիրեցին: Եվ պարն այդ թեև հրաժեշտ էր խորհրդանշում, սակայն հուշում էր նաև, որ այդ երեխաները նորից տուն են դառնալու: Հիրավի, այլևս կայացած կարելի է համարել «Արի տուն» ծրագիրը, որը ոչ միայն հաճելին ու օգտակարը շաղախող դարձի կամուրջ է, այլ նաև հայ մարդուն ազգային հպարտությունը վերադարձնելու, նրանց ակունքներին մերձեցնելու անվրեպ, անշահախնդիր «գործարք»: