«Կաթվածահարին» պարը թանկ արժեցավ


Օրինապաշտ երկրներին էլ են խաբում: Էն էլ ո˜նց են խաբում: Դե, իհարկե` եկվորները: Բայց աչալրջությունը թույլ չի տալիս խաբված մնալ: Ահավասիկ. Ոմն Մոհամեդ Բուզալիմ ամբողջ 10 տարի Մեծ Բրիտանիայում սոցնպաստ է ստացել` ընդհանուր առմամբ` 400 հազար ֆունտ (620 հազար դոլար)` որպես անկողնում գամված հաշմանդամ: Հիմա նա բանտաճաղերի ետևում է: Բուզալիմը մեղավոր է ճանաչվել 11 հոդվածներով (այդ թվում` խարդախություն, փաստաթղթերի կեղծում և ապօրինի մուտք գործելը երկիր) ու դատապարտվել 4 տարի 11 ամսվա ազատազրկման: Բացի այդ, չեղյալ է համարվել քաղաքական փախստականի նրա կարգավիճակը, որովհետև պարզվել է, որ նա ոչ թե թալիբներից հալածված աֆղանստանցի է (ինչպես ինքն էր ներկայացել), այլ` մարոկացի: Օգտագործելով տարբեր անուններ, անձնագրեր, վարորդական իրավունքներ և կեղծված տարբեր փաստաթղթեր, նա բազմաթիվ նպաստներ է ստացել: Իսկ վերջին տասնամյակում` շուրջօրյա խնամակալի կարիք ունեցող կաթվածահար է ձևացել և վճարներից բացի, Լոնդոնում նաև 3 սենյականոց բնակարան է ստացել: Ավելին, նա ծնողներին էլ է հրավիրել Բրիտանիա և ձևակերպել որպես իր խնամակալներ: Նրանք հիմա ամսական մոտ 2000 ֆունտ կենսաթոշակ և բնակվարձի նպաստ են ստանում: Բուզալիմը տիրապետում է 6 լեզուների. այդ թվում` փուշտուներենի: Մի խոսքով, ճարպիկ այս խարդախը «քաշվել» է` մի հարսանիքում պարելու պատճառով: Դատարանում հենց այդ տեսագրությունն է ցուցադրվել` ապացուցելով, որ անկողնուն գամված կաթվածահարը չէր կարող պարել (տեղեկացրել է BBCRussian-com¬ը):