Միայն խորհրդային մեթոդներով


Ռուսաստանում վերջին 5 տարիների ընթացքում կանխամտածված սպանությունների և առողջությանը սպառնացող ծանր հանցագործությունների երկու երրորդը ընտանեկան-կենցաղային մոտիվներով են: Այդ ցուցանիշներով երկիրը զգալիորեն գերազանցում է նույնիսկ իր սահմանակից Ուկրաինային ու Բելառուսին: Հաճախ դա բացատրվում է խորհրդային իշխանության տարիների` դրանց կանխարգելման աշխատաոճից հրաժարումով: Այսպիսի եզրահանգում է արել ՌԴ ՆԳՆ հասարակական կարգի պահպանության դեպարտամենտի (գերատեսչության) ղեկավար պաշտոնակատար Միխայիլ Արտամոշկինը: Հանցավորության աճի ամենատարբեր պատճառների շարքում, իհարկե, հիմնականը հարբեցողությունն է: Սակայն գեներալը, կարծեք շփոթում է թվերը, նշելով, թե Ռուսաստանում 1 շնչի հաշվով, տարեկան օտգագործվում է 14-15 լիտր ալկոհոլ (խորհրդային տարիներին այդ թիվը շուրջ 3 անգամ փոքր էր` 3,5 լիտր): Ընդ որում, անցած տարի, այսպես կոչված «խանձահոտ» սպիրտից թունավորվել է 5938 մոսկվացի, որոնցից 268-ը` մինչև 14 տարեկան երեխաներ: 1184 մարդ մահացել է թունավորումից: Իսկ նույն` հարբեցողության հողի վրա ընտանեկան բախումների արդյունքում տուժողներն հիմնականում կանայք են: Հակաալկոհոլային պայքարը, այսպիսով, անբավարար են համարում գերատեսչության ղեկավարները: Բայց արդյոք, միայն ա՞յս ուղղությամբ է անբավարար իրավապահների աշխատանքը: Իսկ ահագնացող ազգայնամոլությունը, որի արդյունքում «ոչ ռուսներ» են խոշտանգվում: Իրենց երկրի հեղինակությամբ մտահոգ իրավասուներն այս պարագայում նախընտրում են «ծածկադմփոցը» կամ հանցագործների համար արդարացում որոնե՞լը: Միայն հայազգի սպանվածների օրինակներն էլ բավարար են այսպիսի եզրահանգման համար: