Հայաստան, որին մենք ձգտում ենք և կհասնենք


Մենք ունենք երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական: Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի վրա հիմնված հասարակությունն է: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք և ինքնարտահայտման հնարավորություն` մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները: Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու: Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ: Այս ամենը կյանքի կոչելը հեշտ չէ: Մեր ժողովրդին որևէ նվաճում երբեք հեշտ չի տրվել: Մեզ միշտ հաջողվել է հաղթանակել կամքի և միասնականության շնորհիվ: Սա է մեր հաղթանակի բանաձևը: Նոր հաղթանակների կամք և վճռականություն մենք ունենք: Ուրեմն առա°ջ` դեպի նոր ձեռքբերումների Հայաստան, դեպի հաղթանակների Հայաստան, դեպի բարեկեցության Հայաստան: Այս Հայաստանի կառուցման երաշխավորն ու առաջամարտիկը պետք է լինի ՀՀ Նախագահը` նպատակ դնելով. n երկրում ամրապնդել սահմանադրականությունը` Սահմանադրության պահպանումը համարելով իր համար գերակա խնդիր, n պետական համակարգի արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիք համարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը, n որպես Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր` առաջնորդվել ոչ միայն ընթացիկ համապետական խնդիրների, այլև հեռանկարային, ռազմավարական մոտեցումների ու հիմնահարցերի առաջադրման և լուծման տրամաբանությամբ: