ՕԵԿ-Ը` ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ Դ ՈՒ Ր Ս


Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հստակվում են քաղաքական ուժերի դասավորություններն ու ամբիցիաները, այնքան պարզորոշ են դառնում այն հենարանները, որոնց վրա իշխանությունն ու ընդդիմությունը պիտի ձևավորեն իրենց պայքարի և շարժման ուղղությունները: Այս` երբեմն իրարամերժ զգացումներ և ընդհանրացումներ ծնող գործընթացների խորապատկերին առավել մտահոգ է դառնում կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության վիճակը, որը, մեղմ ասած, գրեթե օրհասական է հենց կուսակցության համար: Հայտնի է, որ այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմեց միայն այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն հրաժարվեց իրեն տրված տեղերից և գործընկերությունից` նախընտրելով «կառուցողական ընդդիմության» կարգավիճակը: Իհարկե, մինչ այդ էլ անհնար էր ՕԵԿ-ն ընդդիմադիր համարել, քանզի այն խորհրդարան եկավ իշխանությունների բարի կամքի դրսևորմամբ և դարձավ այն պահուստային ուժը, որին պիտի օգտագործեին` նրա միջոցով երևութականություն ստեղծելու համար: Եվ հենց այդ դերն էլ կատարեց Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը: Ստանալով հեռացած դաշնակցական նախարարների պաշտոնները, նոր փոխհամաձայնությունների շնորհիվ` խորհրդարանում ստեղծված մի քանի հանձնաժողովների նախագահների աթոռները, ՕԵԿ-ն, ըստ ամենայնի, լուծեց կոնյուկտուրային խնդիրներ` որոշակի բաժին ստանալով իշխանության «կերակրատաշտից»: Եվ ուրիշ ոչինչ: Հենց այս «սահմաններն» էին գծված, որոնցից կուսակցությունը չպետք է դուրս գար: Հետո արդեն բուն ՕԵԿ անդամներ հանդիսացող նախարարներին «հետ կանչեցին», ինչին հաջորդեցին արհեստականորեն ՕԵԿ անդամ դարձած նախարարների նշանակումները: «Օրինաց երկիրը» հաճույքով կատարեց ինքնաոչնչացման հերթական քայլը` բավարարվելով այն ամենով, ինչը դեռ իրենն էր համարվում: Այն տպավորությունն է, թե ավելին պետք էլ չէ այս կուսակցությանը, որը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, չունի հստակ արտահայտված «կադրային բանկ», չունի այնպիսի անհատներ, ովքեր կարողանան հանդես գալ կառուցողական մտքերով ու գաղափարներով: Ամեն ինչ կենտրոնացնելով մի քանի հոգու շուրջ, այսպես ասած բաղդասարյանական «կլիկի»` կուսակցությունը պասիվացրեց և դուրս մղեց այն առողջ ուժերին, ովքեր շարունակում էին մնալ կուսակցության շարքերում` հավատալով բարեփոխումների մասին հնչող կարգախոսներին: Այսօր «Օրինաց երկիրը» վերածվել է կիսամեռ մի կառույցի, որը չունի մարդկային այն ներուժը, ինչը նրա գլխավոր ձեռքբերումն էր 2003-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Կորցնելով ընտրազանգվածը և հանրային հենարանները, այսօր կուսակցությունը գործում է միայն ու միայն ինքնաբերա բար` նպատակ ունենալով պահպանել միայն կուսակցության վերնախավի ունեցվածքն ու «քաղաքական կապիտալը»: Սա այն վիճակն է, որն ամորֆ է դարձնում կուսակցության գործունեությունը` այն վերածելով քաղաքական խմբակի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կուսակցությունն այսօր մնացել է գրեթե առանց կառույցների, քանզի լուծարվել են մարզային կազմակերպությունները, դատարկ են այն գրասենյակները, որոնց վրա դեռ մեքենաբար պահպանվում են ՕԵԿ-ի ցուցանակները: Ճիշտ է, վերջին շրջանում, մոտեցող ընտրությունների շնչով պայմանավորված, հատկապես մայրաքաղաքում շատանում են այդ ցուցանակները, սակայն դրանք ձևական, ոչինչ ասող ցուցանակներ են, որովհետև դրանց հետևում չկա մարդկային ներուժ, չկա ընտրազանգված: Այսօր հայ հանրությունը կենտրոնանում է մի շարք ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև արդեն իսկ ավանդական համարվող Հանրապետական, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների շուրջ` անգամ անորոշ թողնելով Դաշնակցության ընտրազանգվածի հարցը: Ուստի դաշտում տեղ չի մնում «Օրինաց երկրի» համար, որն այլևս չի կարող հանրությանը գայթակղել երբեմնի հնարքներով, քարոզչական հայտարարություններով, ինչ-որ խոստումներով: Հանրությունը, որը վաղը վերածվելու է ընտրազանգվածի, տեսավ ու հասկացավ, որ այս կուսակցությունը կոչերի ու կարգախոսների տակ պարտակեց իր առաջնորդների` հարստանալու բուռն մղումներն ու ցանկությունները, պաշտոններ ստանալու մրցավազքը: Հանրությունն իր ուշադրությունը սևեռեց նաև վերջին զարգացումներին, երբ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դրած Արծրունի Աղաջանյանից հետո խորհրդարան եկավ ոչ թե համամասնական ցուցակում հաջորդ տեղը զբաղեցնող անձը, այլ` նրանից 3 համար ներքև գտնվող Մարզպետունի Մանուկյանը, որը, պարզվում է, Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալն է: Այսինքն` կարող է տիրապետել որոշակի ֆինանսական միջոցների… Ընտրություններին մոտ մեկ տարի ժամանակ կա, սակայն այսօր արդեն պարզ է, որ «Օրինաց երկիրը» ոչ միայն չի լինելու ֆավորիտների ցուցակում, այլև մեծ կռիվ է տալու` գոնե 2-3 տոկոս ձայներ ապահովելու համար: Հետևաբար, ժամանակն է, որպեսզի հասարակությունն արձանագրի մի նոր փոփոխություն ևս քաղաքական դաշտում և կենտրոնանա խարիզմատիկ և ծրագրային գործունեություն ծավալող ուժերի վրա…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ