Փոխատեղման անհնարինություն


ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ճգնաժամը շուրջկալել է քաղուժերին: Այսքանով հանդերձ` թերահավատություն կա` բարոյականության փնտրտուքն իսկապես պատկերացրած չափով հուզո՞ւմ է մեր կուսակցություններին, թե՞ այն ընդամենը մշտառկա ճառախոսություն է: Հավանականությունը տարբերակներից երկրորդի օգտին է: Չնայած` ինչքան նոսրանում են արմատականների շարքերը, այնքան նրանք ավելի սթափ հայացքով են սկսում նայել գոնե կարևոր համարվող հարցերին: Ընդդիմադիր դաշտ կոչվածի ղեկն իրենց ձեռքն առնելու պահից սկսած` ՀԱԿ առաջնորդները մեծագույն հպարտությամբ հայտարարում էին, թե իրենց և իշխանության երկխոսությունն աշխարհում տեղի ունենալիք ամենաանհավանական իրադարձությունը կարելի է համարել: Այն ժամանակներից շատ չի անցել, ու հիմա չնայած կոնգրեսականներն էլի մի թեթև չեմ ու չում են անում ու ավելի անհարմար իրավիճակում հայտնվելուց խուսափելով` մի քանի «եթե»¬ներ են առաջադրում, բայց հենց իրենք չեն խոսում երկխոսություն կոչվածի հեռանկարների ու հավանականության մասին: Լ. Տեր¬Պետրոսյանի` այսպես կոչված վերջնագրի կետերի մասին, դեռ նրանից էլ առաջ շատերն են խոսում: Այդ թվում նաև իշխանության վերնախավում գտնվող պաշտոնյաները: Տարբերությունը միայն այն է, որ ասենք գնաճը մեղմելու խնդիրն իշխանությունը փորձում է գործնական հարթություն տեղափոխել, իսկ ընդդիմության պարագայում թանկացումները միայն միտինգաշարերի ընթացքին բովանդակություն են փորձում հաղորդել: Նման ակամա համերաշխությունն առաջին հերթին ձեռնտու չէ հենց արմատականներին, քանի որ իրենց քաղաքական պայքարի նորացման բոլոր դրույթներն ինքնաբերաբար չեզոքանում են: Ընդ որում, դրա համար իշխանություններին 15 օրից էլ քիչ ժամանակ պահանջվեց: Եվ հիմա արմատականներին դարձյալ ոչինչ չի մնում, քան մի քիչ էլ մանկական խաղ հիշեցնող մանրուքների վրա կենտրոնանալ: Դիցուք, Ազատության հրապարակը մարդաշատ դարձնելու հնարավորությունը` նախորդ շաբաթվա գլխավոր «ձեռքբերումը» դարձավ: Հիմա էլ (հերթական հանրահավաքին ընդառաջ) գլխավոր և միգուցե միակ կռվանը մասնակիցների` իրենց պատկերացրած թիվը որպես ճշմարտություն ներկայացնելն է դարձել: Մարդիկ դեռ մի կարգին տեղյակ չեն կայանալիք միտինգի մասին, իսկ ՀԱԿ¬ը կոնկրետ թիվ է հրապարակում` 200 հազար: Մանկական խաղ հիշեցնող այս նախաձեռնությունը նույնքան զարմանալիորեն ոստիկանության հետաքրքրության առարկան էլ է դառնում, ու սկսվում է ծանոթ թվակռիվը… Հավանական մասնակիցների քանակի տասնապատիկ տարբերությունը երկու կողմին էլ զավեշտալի վիճակում է դնում: Համանման սևեռումներ ու լարումներ, իհարկե, բոլոր հանրահավաքներին են նախորդել: Սակայն ստացվում է, որ ավելի հետաքրքիր ու սպասվող թեմա չկա: Սխալ կլինի իշխանությանն ու ընդդիմությանը թեկուզև ուղղակիորեն չհայտարարված համերաշխության խորապատկերին նույնացնելը: Սրանով հանդերձ, դժվար է նաև չնկատելը, որ կողմերից երկուսն էլ նույն ուղղությամբ ու նույն կետին են հիմա նայում: Թեև` տարբեր դիտանկյուններից: Եվ հիմքեր չկան` կարծելու, որ խորհրդարանական ընտրությունների մոտ լինելն անգամ կարող է ավելի ուշագրավ զարգացումների նախադրյալներ ստեղծել: Ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, այլև հանրությունն արդեն պատկերացնում է փոխատեղման անհավանականությունը: Իսկ նման իրավիճակում ձանձրույթը վանելու և համակիրներին «պարապուրդի» չմատնելու համար մասնակիցների ենթադրյալ կամ միակողմանիորեն ցանկալի թվի շուրջ է «վեճ» ծավալվում: Ընդհուպ մինչև Հովհան Մանդակունու բարոյախոսությունը «վերծանվեց»` անսխալական ու արդարամիտ երևալու մարմաջով: