ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ


 

Կոալիցիայում չընդգրկվելու «Բարգավաճ Հայաստանի» որոշումն անկասկած դեռ երկար է քննարկվելու: Ինչ խոսք, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կարող էր շատ ավելի որոշակի լինել` պատասխանելով բոլորին հետաքրքրող այն հարցին, թե արդյո՞ք իշխանությանը մաս չկազմելով` կուսակցությունը ընդդիմադիրի զրահ է հագնում: Պարզ է սակայն, որ ԲՀԿ-ի հայտարարությունը բնավ էլ մեկ օրում չծնվեց: Այն, ինչ գրված է միանգամից հայտնի դարձած տեքստում, այս քաղուժի ակտիվ ու անսպասելի հնչերանգներով առանձնացած նախընտրական քարոզարշավի ամենաուղղակի ամփոփումն է:

Իսկ ինչո՞ւ կանխատեսելի թվացող հայտարարությունն այսքան ուշացավ: Չէ՞ որ դա կարող էր ներկայացվել մայիսի 6-ից անմիջապես հետո: Կասկածից վեր է, որ ԲՀԿ-ն նախորդող շաբաթներին ծանր երկընտրանքի առաջ էր կանգնած:

Մի բան պարզ է. ԲՀԿ-ն կոալիցիայում չընդգրկվեց` ընդամենը մի քանի շաբաթ առաջ ստացած վստահության քվեն «գետնով չտալու» ազնվագույն մղումներից ելնելով: Ի վերջո, Գ. Ծառուկյանը դեռ չի որոշել, թե ինքը մասնակցելո՞ւ է նախագահի ընտրություններին, և կամ ո՞ւմ է սատարելու կամ առաջադրելու ԱԺ ընտրություններում քվեների 30 տոկոսն ստացած «Բարգավաճ Հայաստանը»… Իսկ նրա խոստացած «հաջորդ դասը» շարունակաբար հետաձգվում է. հիմա էլ, ամենայն հավանականությամբ, առնվազն մինչև սեպտեմբեր:

Եթե մինչև փետրվար Բարգավաճը մեկ անգամ ևս կոալիցիայի դռնով մտներ ու ելներ, ապա աննկարագրելիորեն շատ կնմանվեր ՕԵԿ-ին` բոլոր տհաճ հետևանքներով հանդերձ: Իսկ նախընտրելով անորոշությունը, ամենամեծ կորուստը, որ կարող է գրանցել ԲՀԿ-ն` մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆելներն են, որոնք վերստին ձեռք բերելու հարցում կուսակցությունն առանձնապես շահագրգիռ էլ չէր:

Ի վերջո, այս կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները նախորդ կոալիցիայում ընդգրկված լինելու շրջանում աշխատում էին այնպես, ինչպես մյուսները, և աչքի ընկնելու, մյուսներից տարբերվելու ԲՀԿ մղումներն այդպես էլ անկատար մնացին:

Այլևս պարզ է, որ «չկա պաշտոն, չկա նաև իշխանության համար պատասխանատվություն» մոտեցումը Գ. Ծառուկյանին զերծ է պահելու «ավելորդ» քննադատությունից և իշխանական ուժերի հետ նույն հարթության վրա դիտարկվելու առիթներից: Այլ հարց է, որ նման խոստովանությամբ նա երբեք հանդես չի գա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն լքել պատրաստվող մեծահարուստներին, ապա դեռ ինչ-որ ժամանակ նրանք կհապաղեն: Այս քաղուժն ամենայն հավանականությամբ դեռ չի որոշել ընդդիմադի՞ր է դառնում, թե՞ առայժմ ոչ: Ուստիև գործարար ԲՀԿ-ականների համար ավելի նախընտրելի է սահուն և անցնցում անցումը դեպի ավելի իշխանական կուսակցություններ, քան մեկ օրում կուստոմսից հրաժարվելը: Ճիշտ է, նրանց մեծ մասն արդեն կդժվարանա թվարկել, թե քանի կուսակցություն է մինչև հիմա փոխել, բայց կկրկնի իշխանամետ լինելու կարևորության ու առավելությունների թեմաներով լավ սերտած «բաժակաճառը»: Ասել է թե նրանց հեռացումն առանձնապես զարմանքով չի ընկալվի: ԲՀԿ վերնախավը գործարարներին իր շարքերում ընդգրկելու պահից ի վեր թերևս նկատի է ունեցել նաև ամեն պահի նրանց կողմից կուսակցության նավը լքելու հավանականությունը:

Տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը ողջունեին ԲՀԿ որոշումը: Բայց նույնիսկ ոչ հեռու անցյալում այս ուղղությամբ ռևերանսներ անող Լ. Տեր-Պետրոսյանն է առայժմ չնկատելու տալիս տեղի ունեցածը: Իսկ մյուս ընդդիմությունների ցուցադրական անտարբերությունը վկայում է, որ մեր ընդդիմադիրներն, ինչպես բոլոր ժամանակներում, հիմա էլ են այնքան թույլ, որ դաշնակցի փոխարեն միանգամից մրցակցի են տեսնում: Իսկ ԲՀԿ-ն, կարծում ենք` արդեն իսկ լավ գիտե, որ ինչքան դեպի հայտնի ընդդիմությունների շարքերը մղվի ու հրապարակների հայհոյախոսներին նմանվի, այնքան հեղինակության ու վարկանիշի կորուստ կարձանագրի: Իսկ դա նրա ոճը չէ: