Ո՞ՒՐ Է ԳՆԱԼՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ


 

Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետը, ում անունը շրջանառվեց մամուլում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր ծանոթներից մեկին «հաղթեցնելու» համար կաշառք վերցնելու մեղադրանքով, այժմ խուճապի մեջ է: Նախկին իրավապահը կարողացել էր «հարմարվել» իր պաշտոնին, արդեն սկսել էր անձնական բիզնեսի խնդիրներ լուծել, բայց ահա ստիպված է թողնել պաշտոնը` կորցնելով նաև ազդեցությունները:

Նրա դրությունը բավական ծանր է նաև այն առումով, որ կաշառքի մասին պատմությունից հետո արժանացել էր Գագիկ Ծառուկյանի կշտամբանքներին և, ըստ էության, համարվել «անցանկալի անձ»: Ասում են, որ Գեղարքունիքում շատերն են ուրախացել` տեղեկանալով, որ արդեն վաղը կամ մյուս օրը մարզպետը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, իսկ ինքը` մարզպետը, խորը մտատանջությունների մեջ է: Այս օրերին նա չի ընդունում որևէ մեկի, չի զբաղվում իր պաշտոնական գործառույթներով: Նրան անգամ չեն տեսնում մարզպետարանում: Ըստ որոշ տեղեկությունների, մարզպետը մեծագույն ջանքեր է գործադրում, որպեսզի իրեն աշխատանք տան հարկային ծառայության որևէ ստորաբաժանումում: Իսկ թե ինչպես կպսակվեն նրա ջանքերը` առայժմ անհայտ է: