ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ


Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին` դարերի ընդմիջումից հետո, հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունքն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների, որոնք ձեռք բերվեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգու, բացառիկ համախմբվածության ու միասնության` կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի մարտնչող մեր աշխարհազորայինների, հոգեւորականության, մտավորականության, մեր ժողովրդի բոլոր խավերի համազգային սխրանքի շնորհիվ: Մայիսյան այդ հերոսամարտերի դասերը` ժողովրդի մեջ անմար պահելով ազատության ու անկախության գաղափարը եւ փոխանցվելով սերնդեսերունդ, իրենց նոր դրսեւորումներն ունեցան նաեւ Արցախյան ազատամարտում, որի փառավոր դրվագներից մեկի` Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանը, հիրավի, համազգային շուքով նշեցինք այս տարի: Նորօրյա մեր հաղթանակների արդյունքում ծնված եւ աշխարհի քաղաքակիրթ երկրների հետ ներդաշնակ զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետությունն արդեն 16 տարեկան է: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականությամբ այսուհետ եւս շարունակելու ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր անկախ պետականությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու, մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու, համաշխարհային գործընթացներում մեր պետության արժանի տեղն ու դերն ապահովելու համար: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ հարատեւ խաղաղություն, ստեղծարար աշխատանք եւ ամուր հավատ մեր պետության վաղվա օրվա նկատմամբ: ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ` ձեռքբերումների հանրագումար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ - Պատերազմական տարիներին Անկախության բանակի ստեղծումը անհրաժեշտություն էր` պաշտպանական խնդիրներ իրականացնելու համար: Սակայն այսօր մենք այդ իրողությունը նշում ենք առաջին հերթին մեր զոհված ընկերների շիրիմներին այցելելով, ևս մեկ անգամ նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելով: Կարևոր չէ, թե որ ջոկատներում են մարտնչել Հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիները. նրանք բոլորն էլ հայրենյաց պաշտպաններ էին: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր վայելում ենք խաղաղ օրերի բերկրանքը: Մենք հաղթանակած դուրս եկանք պատերազմից, որովհետև գիտակցում էինք, որ մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակը հաստատուն, քանզի ամեն ինչի ակունքներում հայրենասիրությունն է: Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ - Անկախության բանակի զինվորագրյալները առաջիններից էին, որ հանգրվանեցին Եռաբլուր-պանթեոնում: Արցախյան գոյամարտի օրերին, երբ հայրենասեր քաջորդիները մարտնչում էին Հայրենիքի սահմանների պաշտպանության համար, հրամայական էր դարձել ուժեղ թիկունքի գոյությունը: Մեր համեստ լուման ներդնելով, մենք էլ օժանդակում և աջակցում էինք Անկախության բանակի ջոկատներին` ինչով կարող էինք: Իրենց հիմնական մասնագիտության փոխարեն զենք վերցրած կամավորականներին օգնում էինք զենքին տիրապետելու, ռազմաուսումնական վարժանքների, լեռնային պայմաններում կողմնորոշվելու և ճիշտ որոշում կայացնելու հարցերում: Հիրավի ուրախալի է, որ օրը հիշարժան այս` նշվում է մեծագույն սիրով: Սա գնահատանքն է «Մահ իմացյալի»: Դա արդյունքն է անկախության գաղափարին մեր անմնացորդ նվիրումի: Հայրենապաշտության գաղափար, որի շուրջ էլ համախմբվում էին մարդիկ, ում առաջնորդում էին անկաշառ ոգին, ոգեղեն կամքը և, իհարկե, խիզախությունը: Այս և նման տոները լավագույն ապացույցն են, որ մեծ ձգտումները, մեծ նպատակները իրականանում են նվիրյալների շնորհիվ: Իսկ անկախության գաղափարը, որի շուրջ բյուր ազատատենչ հայորդիք բռունցքվել էին Ազատության հրապարակում, ամրագրվեց որպես պայքարի գնով ձեռք բերված հաղթանակ, և կա ու մնալու է որպես նվիրական արժեք: Վազգեն ԿԱՐԱԽԱՆՅԱՆ, ԱԺ պատգամավոր -Անկախություն բառն ինքնին փառավորում է հոգիդ: Ես և պատերազմի բովով անցած շատ-շատերը մշտապես երազել ենք անկախության մասին: Գաղափար, որն իրագործելու ճանապարհը եղել է բարդ ու դժվարին: Այդ ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներից շատերին: Բայց այդ տխրության մեջ մենք հպարտանալու առիթ ունենք` ունենք անկախ հայրենիք և պետականություն: Եվ պիտի հորդորեմ մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը` փայփայենք թանկ գնով ձեռք բերած մեր անկախությունը` Աստծո պարգևած ու մեր ընկերների արյամբ սրբագործված արժեքը: Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ, ԱԺ պատգամավոր - Անկախության բանակը կազմավորվեց հայ քաջորդիների ջոկատներից: Այն կա և մնալու է որպես բարձրագույն արժեք, որը թրծվել է հերոսական պայքարի բոցերում, և արժանիորեն վաստակել հաղթանակի բազում դափնիներ: Մեր առօրյայում ավանդական են դառնում այսպիսի տոնական միջոցառումները, որոնք էլ° ավելի են ամրացնում, հզորացնում ներքաղաքական կամքը, եռանդը և ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը: Աշոտ ԱՂԱԲԱԲՅԱՆ, «Անկախության բանակ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ - Բոլոր ազատամարտիկների համար Անկախության բանակի կազմավորման օրը դարձել է ոգեկոչման տոն: Մեզ` ազատամարտիկներիս համար հրամայական է մեր առաջնորդների գործը պատվով շարունակելը: Մենք հպարտ ենք, որ Անկախության բանակի հենքի վրա ստեղծվեց Հանրապետական կուսակցությունը: Կուսակցություն, որի առաջնորդները հիրավի բացառիկ անհատներ էին. Մովսես Գորգիսյան, Աշոտ Նավասարդյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան: ՀՀԿ-ն մեծագույն պատասխանատվությամբ ստանձնեց իշխանության ղեկը և իր գաղափարախոսությամբ ու որդեգրած սկզբունքներով երկիրը տարավ բարեփոխումների ճանապարհով: Այժմ երկրի Վարչապետի և Հանրապետականի ղեկավարի պատասխանատու պաշտոնները ստանձնել է Սերժ Սարգսյանը: Անհատ, ով բանակաշինության ընթացքի մեջ հայտնի է իր ազգանպաստ գործունեությամբ: Մայիսի 12-ի ընտրությունները փաստեցին, որ ՀՀԿ հաջողությունները պայմանավորված են կուսակցության գաղափարախոսությամբ և իր առաջնորդների անհատականությամբ: Ընտրություն ների առթիվ հնչած տարաբնույթ հարցերին ու կարծիքներին ժողովուրդը տվեց իր միանշանակ պատասխանը: Ես շնորհակալ եմ այն ժամանակաշրջանին, որի մեջ ապրում եմ: Անսահման լավատես եմ և վստահ, որ մեր վաղվա օրը հուսադրող է լինելու: Մեզ ժամանակ է հարկավոր: 70 տարիների ձեռքբերումները հողին հավասարվեցին 7 վայրկյանների ընթացքում: Այդ կորուստը անկարելի է միանգամից վերականգնել: Այն պետք է քայլ առ քայլ ամրագրվի ժամանակի և տարածության մեջ: Խաչիկ ԱՍՐՅԱՆ, «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ - Մեծ ու անմեկնելի է օրվա խորհուրդը: Տոն ենք նշում` Անկախության բանակի տարեդարձը: Որպես երիտասարդության ներկայացուցիչ, ինձ համար մեծ պատիվ է այս միջոցառմանը ներկա գտնվելը: Նման հիշարժան տոները ուսանելի են երիտասարդ սերնդի համար: Ստեփան ՍՏԵՓԱՆՅԱՆ, ազատամարտիկ - Մենք մեր խոսքը գործով ենք ապացուցել, որովհետև հայրենիքի հանդեպ սերը նժարվում է ծնողի հանդեպ ունեցած սիրուն: Ազատ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ազատամարտիկ - Անկախության բանակի տարեդարձն է: Մենք հուզված ենք, ուրախ և տխուր: Տխուր ենք, որ կորցրել ենք մեր լավագույն ընկերներին, բայց հպարտանում ենք, որ պայքարի գնով նվաճել ենք այսօրվա խաղաղությունը: Գևորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ազատամարտիկ - Այս օրը անչափ կարևոր արժեք ունի մեզ համար: Մենք ամեն ինչ արել ենք մեր բանակի և պետության կայացման համար, և Աստված ոչ արասցե` վտանգի դեպքում կրկին ոտքի կկանգնենք` հանուն նվիրական անկախության պահպանման: Արայիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ազատամարտիկ - Մենք այսօր եկել ենք խոնարհվելու Մովսես Գորգիսյանի, Աշոտ Նավասարդյանի և մեր մյուս ընկերների շիրիմներին: Եկել ենք Եռաբլուր պանթեոնում ևս մեկ անգամ խնկարկելու նրանց սրբազան հիշատակը և մեր զավակներին պատգամելու, որ թանկ գնով է նվաճվել այս օրերի խաղաղությունը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ