Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը պայթյունավտանգ է դառնում


Մի կարճ ժամանակաշրջան աշխարհը կարծես մոռացել էր Իրանի միջուկային ծրագրերի մասին: Սակայն իրանական միջուկային վտանգը կարծես ավելի առարկայացավ, երբ անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՄԱԳԱՏԷՆ իր զեկույցում տեղեկացրեց, որ Իրանը միջուկային ծրագրերը հասցրել է արդյունաբերական մակարդակի և ուրանի հարստացման համար ավելացրել է ցենտրիֆուգաների քանակը: ԱՄՆ-ի արձագանքը երկար սպասել չտվեց. այսօր 8 նավից բաղկացած ամերիկյան տորմիղն արդեն Պարսից ծոցում է, ընդ որում, դրանցից երկուսը ավիակիրներ են: Հունիսին ԱՄՆ-ում կսկսվեն անվտանգության ամերիկա-ադրբեջանական խորհրդատվությունները: Ամենայն հավանականությամբ, դրանց թեման նույնպես կառնչվի Իրանի միջուկային ծրագրերին: Ադրբեջանական օդանավակայաններն ամերիկյան օդուժին տրամադրելու մասին խոսակցությունները նոր չեն սկսվել: Իհարկե, ԱՄՆ-ը ժամանակին հայտարարել է, թե ադրբեջանական օդանավակայանները կօտագործվեն դեպի Աֆղանստան թռիչքներ իրականացնելու համար: Սակայն, ի՞նչ իմանաս… Ի դեպ, ամերիկա-ադրբեջանական հիշյալ խորհրդատվությունների համապատկերում են քաղաքագետները փորձում դիտարկել Իրանի նախագահի` Բաքու կատարելիք պաշտոնական այցի մասին Իրանի հայտարարությունը: Ըստ երևույթին, Ահմեդինեջաթը կփորձի հարաբերութ յունները հարթել անմիջական հարևան Ադրբեջանի հետ և վերջինից երաշխիքներ ստանալ, որ նա իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին` իրեն հարվածելու համար: Գուցե Ահմեդինեջաթն իր ադրբեջանցի գործընկերոջը նաև հիշեցնի իր սպառնալիքը, թե ԱՄՆ-ից հարված ստանալու դեպքում Իրանը կհարվածի Ադրբեջանում ԱՄՆ-ի շահերի՞ն, մասնավորապես, Բաքու-Ջեհյան նավթամուղին: ԱՄՆ-Իրան սրվող հարաբերություններում աննկատ չէ ռուսական գործոնը: Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միջուկային ծրագրերի հարցում Ռուսաստանը գիտատեխնիկական օժանդակություն է ցուցաբերում Իրանին: Եվ իրանա-ամերիկյան հարաբերությունների ստվերում, թերևս, թաքնված է աշխարհում ընդհանրապես և մասնավորապես, Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիների հարցում ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը: Այն ցայտուն կերպով դրսևորվեց Արևելյան Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգերի տեղակայման խնդրում ԱՄՆ-Ռուսաստան հակասություններում: Ինչպես հայտնի է, այս խնդրի շուրջ վերջերս Մոսկվայում կայացած` Կոնդոլիզա Ռայս-Վլադիմիր Պուտին բանակցություններում համաձայնություն ձեռք չբերվեց: Չնայած դրան, Լեհաստանն ու Չեխիան արդեն տվել են համաձայնություն` հիշյալ համակարգերն իրենց տարածքներում տեղադրելու համար: Վերլուծաբանների կարծիքով, դիվանագիտական հերթական պարտությունը կրելով Եվրոպայում, Ռուսաստանը փորձում է ամրանալ Արևելքում: «Ձիով քայլ». քաղաքագետներն այսպես որակեցին նավթի շուրջ Ղազախստանի և Թուրքմենստանի հետ Ռուսաստանի առայժմ բանավոր եռակողմ համաձայնությունը: Ըստ այդմ, ղազախական նավթը կհոսի ռուսական` Բուրգաս-Ալեքսանդ րապոլիս նավթամուղով: Ըստ էության, Ռուսաստանը հակադարձում է ադրբեջանա-ամերիկյան համագործակցությանը` ի դերև հանելով Բաքու-Ջեյհան նավթամուղի «տարողունակությունը» ղազախական նավթով լրացնելու Ադրբեջանի հավակնությունները: Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ ռազմական պատժամիջոցներ կիրառելուն, ապա այդ հարցում Միացյալ Նահանգները, չնայած ակտիվ պատրաստություններին, կարծես, երկընտրանքի մեջ է. համենայն դեպս չի շտապում: Վկայակոչելով բրիտանական աղբյուրները` լրատվամիջոցները տեղեկացնում են Իրանի քաղաքացիների շրջանում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ինչ-ինչ քարոզչական աշխատանքներ իրականացնելու նպատակների մասին: Իհարկե, չի բացառվում, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության այս արտահոսքը նույն այդ ծառայությունների նախաձեռնությունն է` Իրանին «խելքի բերելու» ակնկալիքով: Հատկանշական է նաև, որ Իրանի, նրա միջուկային ծրագրի հարցում Ջորջ Բուշի քաղաքականությունը պաշտպանում են նաև դեմոկրատները: Ինչևէ: Իրանի շուրջ ընթացող զարգացումները ավելի ու ավելի են լրջացնում իրավիճակը, ընդհուպ` չբացառելով ռազմական բախումը, չնայած որ հակամարտության մեջ ներգրավված կողմերն իրենք էլ նշում են ողջ տարածաշրջանի համար դրա վտանգավորության մեծ, եթե չասենք` աղետալի չափերը: