ԱՆՑՆԵ՞Լ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԹՐԻ ՏԱԿՈՎ»


Նոր քաղաքական միավորի ձևավորումն, ակներևաբար, տիտանական ջանքեր է պահանջելու Լևոն Տեր-Պետրոսյանից: Դեռևս մայիսի սկզբին կոնգրեսի ստեղծման գաղափարը, ինչպես հայտնի է, ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել հեղափոխական տրամադրությունները նույն դահլիճում մեկտեղած համակիր կուսակցությունների կողմից: Սակայն անցնող ամիսները ցույց տվեցին, որ նույն այդ քաղաքական ուժերը տարրալուծվելու խոստումն իրականացնելու հարցում այնքան էլ չեն շտապում: Իսկ նման «չպատճառաբանված» դանդաղկոտությունը, բնականաբար, հրավիրող կողմը երկար չէր կարող հանդուրժել: Մանավանդ, որ միավորման խոստումներն էլ իրենց հերթին էին մեծացրել սպասման լարումը: Եվ հիմա, երբ փակուղային իրավիճակը Լ. Տեր-Պետրոսյանի համար հրատապ ու անխուսափելի է դարձրել` գտնելու կոնգրես ստեղծել-չստեղծելու հարցի պատասխանը, ըստ երևույթին առաջին Նախագահն էլ իր հերթին է թիմում ներգրավված քաղաքական ուժերին խնդրի վերաբերյալ վերջնագրեր ներկայացնում: Այս առումով, կարծում ենք, բոլորովին էլ պատահաբար չեն օգոստոսի 1-ի հանրահավաքից առաջ ընդդիմադիր քարոզչամիջոցներում հայտնվող այնպիսի «անմեղ» հրապարակումները, որոնք այս կամ այն քաղաքական ուժի` կոնգրեսին միանալու կամ այդ խնդիրն առաջիկայում քննարկելու հարցին են առնչվում: Նոր քաղաքական միավորը վերջնական տեսքի բերելու ջանքերին` հակառակ որոշների ընդգծված անտարբերությունն ու պասիվությունն արդեն իսկ հուշում է, որ նոր ձևաչափում, անկախ ամեն ինչից, «Համաժողովրդական շարժումն» ամբողջությամբ ներգրավված չի լինելու: Ավելին, որոշների գործունեությունն էլ կարճատև ու ժամանակա վոր է լինելու: Կարճ ասած` ստեղծվել է մի իրավիճակ, երբ նորացվող միավորի հեռանկարներն անգամ այդ նույն թիմում չեն պատկերացնում: Իսկ միայն այն հանգամանքը, որ ոմանք զուգահեռաբար նույնիսկ սկսել են Նախագահի հաջորդ ընտրություններին իրենց մասնակցելու հավանականության մասին բարձրաձայնել` արդեն իսկ շատ բան է հուշում: Ասել է թե` փակուղային իրավիճակը շատերին ստիպում է արդեն «համաժողովրդական շարժումը» լքելու և ինքնուրույն քաղաքական խաղ սկսելու մասին մտածել: Համաձայնենք, որ այսպիսի անհեթեթ իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հայտնվել: Իրավիճակ, որն անհեթեթ լինելով հանդերձ, կանխատեսելի էր… Ահա թե ինչու էր առաջին Նախագահը վերջին հանրահավաքներում հետևողականորեն քննարկում և արժևորում շարժման` հսկայական ներուժ ունենալու իրողությունը և ընդգծում էր, թե անհրաժեշտության դեպքում և ցանկացած հարմար պահի իրենք մի տասը Նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունն ունեն: «Համաժողովրդական շարժման»` անփոխարինելի թվացող առաջնորդի այսչափ շռայլ գնահատականները վկայությունն են այն իրողության, որ նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանն ինքն է կասկածելի ու անորոշ համարում իր գլխավորելիք քաղաքական միավորի ապագան: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես նախկինում, հիմա էլ է թիմն առավելագույնն անում` օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները: Այս իմաստով` այն, ինչ Տեր-Պետրոսյանն ուներ ասենք փետրվարի վերջին, ինչ-որ չափով ունի նաև այսօր: Սակայն, մասնատման հեռանկարին զուգահեռ, այլևս չկա որևէ քաղաքական ուժ կամ ազդեցիկ գործիչ, որն առաջիկայում կոնգրեսին միանալու քայլին գնա: Այսինքն` հեռացողներին նորեկներով փոխարինելու տարբերակը նույնպես գրեթե բացառված կարելի է համարել: Վերջին պարագայում, եթե գոնե ինչ-որ փոքր քայլ անգամ կատարվեր, անկասկած, այն նոր լիցքեր կհաղորդեր թիմի գործունեությանը` միաժամանակ պահպանելով շարժման հզոր լինելու պատրանքը: Սրա կարևորությունը գնահատելով` թիմի PR-չիկները ավելի ցածր արդյունավետությամբ գործողությունների են դիմում: Այսպես. ժամանակ առ ժամանակ հրապարակ է նետվում մեզ հայտնի կամ անհայտ այս կամ այն գործչի` համերաշխության մոտիվներով անհասկանալի ու ոչ տեղին հայտարարությունը: Օրերս էլ Խաչատուր Սուքիասյանի կոչը երևան եկավ, որտեղ նա նորից էր պնդում, թե. «Բոլորս կանգնենք առաջին Նախագահի կողքին` մինչև վերջնական հաղթանակ»: Հետաքրքիր է, որ նման ինքնախոստովանությունները ներկայացվում են այնպիսի լույսի ներքո, թե իբր վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվել տվյալ գործչի քաղաքական կողմնորոշումների վերափոխման մասին… Տպավորությունն այնպիսին է, թե թիմում այլևս չգիտեն հետագա անելիքները և նման քայլերով (որոնց այլ կերպ, քան տեղում դոփել չես անվանի) պարզապես փորձ է արվում ժամանակ շահել: Հարկ է արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանը նույնպես չկարողացավ իրագործել ընդդիմության միավորման գործընթացը: Մի բան, որը չէր հաջողվել նաև այլ առաջնորդներով ներկայացած բոլոր նախկին ընդդիմադիրներին: Եվ ներկայում արդեն ակնհայտ է, որ մասնատման միտումները շուտով կվերափոխվեն իրականության: Այդ դառը հեռանկարն է առաջին Նախագահին մղում կոնկրետ պատասխաններ ստանալ իր բոլոր թիմակիցներից: Այլապես քսան և ավելի կուսակցությունների նախընտրական միավորման թեկուզև պատրանքը պահպանելու տրամադրվածությունը աստիճանաբար ավելի ու ավելի անիրատեսական է դառնում: Ինչ խոսք, պայմանականություններով դժվար է երկար առաջնորդվել: Մանավանդ, որ դրանք իրականում վաղուց արդեն հստակ, բայց ոչ այնքան ձեռնտու ուղղություններով են սկսել ընթանալ: Եվ հիմա արդեն անհրաժեշտ է հավատարմության անշրջելի երդումներ տալու առաջարկն ավելի հստակ ձևակերպել: Յուրօրինակ մի փորձաքար, որն անխուսափելիորեն զանազանելու է սկզբունքայիններին պատեհապաշտներից: Թեպետ վերջին դեպքում գնահատականն ինչ-որ իմաստով ամբողջական չէ: Իսկ մեզանում պատեհապաշտությունն ու քաղաքականությունը ջրի երկու կաթիլների պես նման են իրար: Այլ հարց է, որ տվյալ դեպքում Լ. Տեր-Պետրոսյանը քսանին իր շուրջն է համախմբել` կարճ ժամանակ հետո անխուսափելի հաղթանակը (դրանից բխող բոլոր ցանկալի հետևանքներով հանդերձ) տոնելու խոստումներով: Եվ հիմա, երբ ընտրական անհաջողությունից հետո «Համաժողովրդական շարժումը» պարզապես փակուղում է հայտնվել` այլևս ինքնանպատակ են անմեղներ ու մեղավորներ փնտրելու միտումները: