Հայ երգի դասականը


ՀՀ անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկրի բարձրագույն պարգևներին ու կոչումներին են արժանացել երևանաբնակ մի շարք նշանավոր արվեստագետներ, գրողներ, գիտության ու մարզաշխարհի ներկայացուցիչներ: Հայ երգարվեստում ունեցած անուրանալի վաստակի և մեծագույն ծառայությունների համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով են պարգևատրվել ազգային երգարվեստի ապրող դասականներ Օֆելյա Համբարձումյանը և Ռուբեն Մաթևոսյանը: Ռուբեն Մաթևոսյանը 20-րդ դարի 60-ական թվականներին հայ երգարվեստ եկած ամենաինքնատիպ անհատականություններից մեկն է, ով իր երգչական կենսագրությունը սկսեց Արաքսյա Գյուլզադյանի հովանավորությամբ: Կարճ ժամանակում նա հաստատուն տեղ գրավեց մեր կատարողական արվեստում` իր ինքնատիպ մեկնաբանություննե րով, ձայնային հրաշալի տվյալներով, անսահման զգացմունքայնությամբ, վոկալի առանձնահատկություններով նմանը չունենալով: Սպիտակյան արմատներ ունեցող և 1941 թվականին Երևանում ծնված երիտասարդը Արամ Մերանգուլյանի գլխավորած ժողովրդական նվագարանների անսամբլ եկավ այն ժամանակ, երբ իրենց փառքի բարձունքին էին Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը, երբ Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի անսամբլն ուներ հրաշալի ու վաստակած երգիչներ, երբ ազգային երգի ուրույն չափանիշներ էին համարվում Շարա Տալյանն ու Վաղարշակ Սահակյանը: Սովորելով մեծերից, նրանց գեղարվեստական սկզբունքները դարձնելով առաջնային` Ռուբեն Մաթևոսյանը, այնուհանդերձ, ձևավորեց սեփական կատարողական սկզբունքները, սեփական դպրոցը, որն այսօր արդեն ուսանելի է շատերի համար: Երգչի առաջին կատարումների հուզաթաթավությանը, ներքին մեծ այրումներին զուգադրվեցին վոկալ մի շարք առանձնահատկություններ, որոնք համահունչ էին նրա ձայնածավալին, մեղեդու մատուցման յուրատիպություններին: Սովորելով Երևանի պետական կոնսերվատորիայում և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում` Ռուբեն Մաթևոսյանը ոչ միայն ձեռք բերեց հիմնավոր կրթություն: Կոնսերվատորիական և համալսարանական կրթությունները նպաստեցին, որպեսզի նա իր համար առաջնային դարձնի բանաստեղծական տեքստի համակողմանի ընկալումն ու երգի մեջ փնտրի-հիմնավորի իմաստային մեկնաբանության նորանոր շերտեր: Իրեն համարելով Արաքսյա Գյուլզադյանի աշակերտն ու հետնորդը` Ռուբեն Մաթևոսյանը, բնականաբար, պիտի իր երգացանկում առանձնակի տեղ հատկացներ Ջիվանու և Շերամի ստեղծագործություններին, հայ աշուղական դպրոցի դասական արժեքներ համարվող նրանց ստեղծագործությունները մատուցեր զարմանալի մաքրությամբ, մեղեդու առինքնող զգացմունքայնությամբ: Ռուբեն Մաթևոսյանը ոչ միայն կատարման ընթացքում հավատարիմ էր մնում մեղեդուն, այլև ստեղծում էր երգի մատուցման «դրամատիկական տարբերակը»` ամեն մի երգ դիտարկելով որպես ինքնահատուկ բալլադ: Երգչի յուրատեսակ նվաճումները դարձան նաև 20-րդ դարի երկրորդ կեսի աշուղներ Աշոտի, Հավասու, Շահենի ստեղծագործությունների կատարումները: Իր բացառիկ ձայնածավալով, կատարման ինքնատիպություններով, զգացմունքային ահռելի կուտակումներով նշանավոր արվեստագետը, ով այսօր ազգային երգի ամենամեծ վարպետն է. ձայնագրել է մի քանի հարյուր երգ, հանդես եկել աշխարհի վաթսունից ավելի երկրներում, ունեցել մի քանի տասնյակ հազար համերգ… Նրան նվիրվել են բազմաթիվ հրապարակումներ և հաղորդումներ, ստեղծվել է «Ո՞վ կոտրեց ձայնապնակը» երաժշտական ֆիլմը… Ժողովրդական և աշուղական երգերից զատ` Ռուբեն Մաթևոսյանն իր երգացանկում ընդգրկեց հայ երգահանների ստեղծագործություններ և ռոմանսներ, դիմեց նաև օպերային երգեցողությանը` Սարոյի դերերգով հանդես գալով Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Շատերի համար անսպասելի համարվող այս կատարումն արժանացել է ժամանակի մեծագույն արվեստագետների, մասնավորաբար Գոհար Գասպարյանի բարձր գնահատականին: Դասավանդելով Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` մանկավարժ-երգիչը նաև նպաստեց, որ հայ երգարվեստ գան շնորհալի անուններ: Ռուբեն Մաթևոսյանը մեծ ավանդ բերեց նաև Արամ Մերանգուլյանի ստեղծած անսամբլի պահպանմանը` արդեն մոտ քսան տարի ղեկավարելով այն: