Մենամարտ ճակատագրի դեմ
(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -18-ում)
- Երևանում առանց կանոնների մարտերի մրցաշարեր են կազմակերպվում. հեռուստատեսությամբ եմ տեսել, կգնամ կմասնակցեմ: Ինչ լինելու է` թող լինի, եթե վիճակված է մեռնել, ապա ռինգում մահից ավելի լավ մահ չեմ էլ կարող երազել: Գոնե մեռնելուց կմեռնեմ որպես մարտիկ, այլ ոչ թե խղճուկ թշվառական: Հենց դա կլինի իմ վրեժը թե´ Նունեից, թե´ Արմենից, թե´ ճակատագրից, թե´ ինձանից` խորտակված կյանքիս համար,- որոշեց ինքը:
Հայացքը բարձրացնելով գտավ մատուցողուհուն և խնդրեց հաշիվը: Մատուցողուհին բերելով հաշիվը մի հայացք գցեց սեղանին ու հանդիմանանքով ասաց.
- Դուք այդպես էլ ոչինչ չեք կերել:
Ինքը նայելով հաշվին, մի խոշոր թղթադրամ մեկնեց նրան` ասելով.
- Ահա, խնդրեմ, մանրը պետք չէ և շնորհակալ եմ ամեն ինչի համար:
- Բայց սա շատ է:
- Դուք ավելի շատին եք արժանի:
- Կուզե՞ք տաքսի կանչեմ, ես կվճարեմ:
Կարենը գորովալից ժպտաց.
- Շնորհակալ եմ, մի անհանգստացեք, ավելի լավ է քայլեմ, ճանապարհին հաստատ չեմ կորչի` տեղ կհասնեմ: Իսկ դուք շատ լավն եք ու բարի, երջանկություն եմ մաղթում ձեզ: Նստեք, խնդրում եմ, մեկ րոպե:
Մատուցողուհին նստեց.
- Կխմե՞ք:
- Ոչ, կներեք, մեզ չի կարելի, կարելի՞ է ձեզ մի բան ասել:
- Ասեք:
- Կարծում եմ ձեր տրտմության պատճառը կին է, միայն կինը կարող է տղամարդուն այսպիսի վիճակի հասցնել: Որպես կին, ցանկանում եմ մի գաղտնիք բացել. կինը ստվերի նման է, որքան հետևից ընկնես, քեզանից կփախչի, և նրան երբեք չես հասնի: Կանգ առար` ինքն էլ կկանգնի, բայց եթե հեռացար` հետևիցդ է վազելու…:
Կարենը ժպտաց.
- Շնորհակալություն, խորհրդի համար: Երջանիկ եղեք: Լավ է, որ այս աշխարհում դեռ ձեր նման սրտացավ մարդիկ կան:
Կարենը համբուրեց մատուցողուհու այտը ու օրորվելով բարից դուրս եկավ:
Երկար թափառեց քաղաքի փողոցներում, տուն վերադարձավ լուսադեմին. նայեց իր բնակարանի մութ պատուհաններին, չարացած քմծիծաղ տվեց ու մտավ տուն: Խոհանոցում սուրճ պատրաստեց իր համար, հետո ցնցուղ ընդունեց ու հագնվելով գնաց ծառայության: Ողջ ընթացքում Նունեն քնած էր: Երեկվա գինաբուրքից հետո գլուխն ահավոր ցավում էր. աշխատանքի ավարտից հետո գնաց «մարտեր առանց կանոների» մրցաշարը կազմակերպող գրասենյակ: Գրասենյակում Կարենին դիմավորեց մարզիկի կազմվածքով մի երիտասարդ:
- Բարև Ձեզ:
- Բարև: Ցանկանում եք խաղադրո՞ւյք դնել առաջիկա մարտի համար:
- Ոչ, ցանկանում եմ մասնակցել մրցաշարին:
Երիտասարդը հեգնական ժպիտով ոտքից գլուխ չափեց Կարենին.
- Հորեղբայր, ի՞նչ է, կատակու՞մ եք:
- Ես նմա՞ն եմ անեկդոտ պատմող մարդու:
- Հորեղբայր, երբևիցե սպորտով զբաղվել ե՞ք:
- Չէ, բայց խորհրդային բանակում դեսանտային զորքերում եմ ծառայել:
- 100 տարի առաջ:
- Ի՞նչ նշանակություն ունի:
- Ախր, հասկացեք, մեր մարտերին մասնակցում են արհեստավարժ մարզիկներ, աշխարհի և օլիմպիական մրցաշարներում մրցանակային տեղեր գրավածներ, այս կամ այն մարզաձևից աշխարհի նախկին չեմպիոններ, ինչպե՞ս պիտի մրցեք նրանց հետ:
- Ձե՞զ ինչ, ինչո՞ւ եք անհանգստանում ինձ համար:
- Հորեղբայր, այստեղ շոու է, իսկ շոուն պիտի դիտարժան լինի, դրանից է կախված մեր եկամուտը: Մի քանի վայրկյան տևող մարտը, իսկ ավելիին Դուք չեք դիմանա, դիտարժան չի կարող լինել: Ձեր տարիքը:
- Էլի՞ տարիքը: Կարծում եք, ծե՞ր եմ: Ա´յ, հենց այդ ծերության դեմ եմ եկել կռվելու:
Երիտասարդը մտահոգ նայեց Կարենին, մի փոքր մտածելուց հետո ասաց.
- Մրցաշարին մասնակցելու թույլտվություն ստանալու համար դուք պիտի փորձնական մարտով անցնեք:
- Պատրաստ եմ, թեկուզ հենց հիմա:
- Լավ: Այդ դեպքում հետևեք ինձ:
Նրանք գնացին մարզադահլիճ, ուր արդեն մարզվում էին մի քանի մարզիկ: Երիտասարդը իր մոտ կանչեց մարզիկներից մեկին ու ասաց.
- Արամ, պարոնը ցանկանում է մասնակցել մեր մրցաշարին. ստուգիր, տեսնենք` ինչի՞ է ընդունակ:
Արամը հարգանքով բարևելուց հետո հարցրեց.
- Պատրա՞ստ եք:
- Այո:
- Այդ դեպքում խնդրեմ:
Կարենը պիջակն ու փողկապը զգուշությամբ դրեց նստարանին, հետո հանեց կոշիկները և մտավ մարզագորգ: Արամը ձեռքը մեկնեց Կարենին` ասես բարևելու համար, բայց երբ վերջինս իր ձեռքը մեկնեց, ինքն էլ չհասկացավ, թե ինչ արագությամբ Արամն ըմբշամարտի մի հնարքով գետին տապալեց իրեն ու սկսեց ձեռքը կոտրել: Կարենը հազիվ զսպեց իրեն, որ ցավից չգոռա: Անշարժացավ` այդպիսով ընդունելով իր պարտությունը:
- Արամ, բավական է, հորեղբորը հաշմանդամ չդարձնես,- գոչեց երիտասարդը:
Արամը բաց թողեց Կարենին ու օգնեց վեր կենալ: Կարեկցանքով նայելով նրան` երիտասարդն ասաց.
- Տեսա՞ր հորեղբայր, որ ասում էի…
Կարենը գլխիկոր կանգնած մրմնջաց.
- Ճիշտ էիր ասում, բայց ես դեռ կվերադառնամ:
Երիտասարդը օգնեց Կարենին հագնել պիջակը և հրաժեշտ տվեց:
- Մի քանի ամիս մարզվելուց հետո ես դեռ կվերադառնամ, նորից հնարավորություն կտա՞ք ինձ:
- Լավ, կտանք,- ժպտաց երիտասարդը,- հաջողություն եմ մաղթում: Մի խնդրանք-խորհուրդ` ծերության դեմ մարտնչեք այլ ասպարեզում:
Կարենն անխոս շրջվեց ու հեռացավ: Խորտակված էր, ատում էր ինքն իրեն.
- Մի՞թե այդքան ողորմելի եմ դարձել, որ երեկվա լակոտին անգամ կես րոպե դիմադրել չկարողացա,- ան-ընդհատ մրմնջում էր ինքն իրեն:
Տուն գնալ չէր ուզում, երեկվա գինարբուրքից հետո` խմել նույնպես: Ողջ երեկո աննպատակ թափառեց փողոցներով ու ուշ գիշերով տուն վերադարձավ: Տանը նրան դիմավորեց կինը:
- Ուտելու բան կա՞,- հարցրեց ինքը:
- Հա, խոհանոցում է. տաքացրու, կեր:
- Իսկ եթե դու տաքացնես, ձեռքերդ կկոտրվե՞ն:
Նունեն զարմացած նայեց նրան ու անտարբեր պատասխանեց.
- Իհարկե` ոչ, ուղղակի դու միշտ ինքդ ես տաքացրել ճաշը, այնպես որ…
- Այսուհետ, դու ինձ համար կտաքացնես, շուն-գել` ամուսինդ եմ վերջապես:
- Բարի, բայց նույն բանը կարող էիր ավելի հանգիստ ասել, բղավելու կարիք չկար:
- Ես դեռ չեմ բղավում,- գրգռված ասաց ինքը:
- Լավ, չշարունակենք, դու լվացվիր, ես հիմա ճաշը կտաքացնեմ,- ասաց Նունեն ու գնաց խոհանոց:
(Շարունակությունը` հաջորդ համարում)