«Պայքարն է հաղթանակի գրավականը»

ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՓԱՐԱՋԱՆՈՎԳՐԱԴԸ»

Թբիլիսիում և Մուշում են անթեղված դերասան-բեմադրիչ-սցենարիստ Վլադիմիր Գաբբեի (Գաբինոսյան) հայկական արմատները: Անցյալ դարի 90-ականներից հաստատվելով Մոսկվայում` ի զորու է եղել ՌԴ սրտում փարթամորեն ծաղկող թատերախճանկարում 1994-ին հիմնադրել և ցայսօր ճանաչելի դարձնել Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի ուրույն գրավչությունը: Փարաջանովյան երազների էկրանային-բեմական «Վիվատ, Մաեստրո» արտասովոր առաջնեկի ջերմ ընդունելությունը թռիչքի թևեր տվեց ապագա «Փարաջանովգրադի» հիմնադիր գեղարվեստական ղեկավարին: Բազմաթիվ հյուրախաղերը եվրոպական և ԱՊՀ տարբեր երկրներում նպաստեցին նորաստեղծ կամերային թատրոնի արդիաշունչ հմայքի հաստատագրմանը միջազգային մշակութային ասպարեզում: Ստվարացավ երկրպագուների բանակը: Եվ այժմ, նախորդ հայաստանյան բեմելներից 5 տարի անց, աշխարհում միակ փարաջանովյան թատրոն-լաբորատորիան պահանջկոտ և նրբազգաց հայ հանդիսատեսին է ներկայանում ծննդյան 20-ամյակը տոնող «Արմենիադա» և «Կյանքը չես խաղա կրկին» բեմադրություններով: Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հյուրընկալորեն բացվում են «Փարաջանովգրադի դարպասները»...

Աննկարագրելի հուզմունք էր համակել ստեղծագործական խմբին: Փարաջանովի վերազգային մտածողությանը հնարավորինս հարազատ մնալով` կատարողական վարպետության ամբողջ ներուժով փորձում էին փոխըմբռնում գտնել հայաստանցի հանդիսատեսի հետ: Մաեստրոյի պատմական հայրենիքում էին: Սրտխփոցների ինքնաբուխ հաճախացմամբ ջանում էին նրա ժառանգությունը պահպանող ներկա սերնդի արվեստագետներին ու թատերասերներին հասանելի դարձնել իրենց հոգու, մտքի ու երևակայության միաձույլ թռիչքի խորին խորհուրդը: Պատասխանատվության զգացումը գուցե թե անհարկի պրկված էր: Բայցև անկեղծ էին դրսևորումները: Հատկապես մեր օրերում, որոնցում ավելի քիչ տեղ է զբաղեցնում անկեղծ սերը:

- Երախտապարտ եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ում աջակցությամբ մենք` փարաջանովյան արվեստի հավատավորներս, հնարավորություն ունեցանք կրկին հանդիպելու հայաստանյան թատերասեր հանրությանը: Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այս հյուրախաղերը` նաև 2015-ի գլխավոր ասելիքին մեր խոսքը հավելելու տեսակետից,- ասում է պերճախոս Վլադիմիր Գաբբեն: - «Արմենիադան», խնկարկելով Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ փորձ է հասկանալու և իրագործելու նրանց չիրականացած երազանքները, փորձ է սպեղանի-խաղաղություն փոխանցել նրանց հոգիներին` Երազի պերճաշուք խրախճանքով: Չէ՞ որ ներկայացման ուղերձը հասցեագրված է Երկիր մոլորակի բոլոր բնակիչներին: Այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել, պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հերոսների օրինակով ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի գրավականը:

Մինչ օրս միջազգային արժանվույն ճանաչման չարժանացած Հայոց մշտամորմոք ցավի մասին համամարդկային փոխըմբռնում ակնկալող երկխոսություն ծավալելու առաջին փորձը Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» Գաբբեի թատերավարկածն էր: Վլադիմիր Գաբբեի, Էլինա Տեռայի, Ասյա և Արտեմ Ուզունովների ու դերասանա կան հաջող փորձերով թևավորված բեմադրիչի հարափոփոխ կերպավորումներով Հայոց եղերապատումը ներկայացվել է Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում: Ի զարմանս շատերի, կոմիտասյան մոտիվներին ներդաշնակված սևակյան հատու և հուզառատ խոսքով կարելի եղավ փոթորկել տարազգի հանդիսասրահը: Նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին իրազեկվում Հայոց ցեղասպանության փաստին, սարսուռ զգացին Կոմիտասի ծննդյան 140-ամյակին և Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ողբերգաշունչ թատերախաղից:

Հետո մանրախնամ տքնանքով ծնվեց «Ջանը»` «Հայաստանի երազների ալքիմիան»: 3 տարիների բեմադրական աշխատանքի արդյունքում որոշակի զարգացում ապրեց ներկայացման հիմնական ասելիքը, և 2015-ին «Ջանը» ինքնըստինքյան վերաճեց «Արմենիադայի»:

Գաբբեի հավաստմամբ` փոքր-ինչ դժվարամարս են «փարաջանովգրադցիների» արտահայտչամիջոցները` առավելապես էլիտար մտավորականության ընկալմանը հասու: «Արմենիադայի» ստեղծագործական կազմում քիչ են հայազգի արվեստագետները: Այդուհանդերձ, նրանց հոգու մասնիկն է դարձել Հայոց մեծ վիշտը, որի հանդեպ իրենց սպեղանի վերաբերմունքն են արտահայտում բեմից:

- Մեր գեղագիտության յուրահատկությունն արվեստի մի քանի ոլորտների` կինոյի, թատրոնի, պոեզիայի, երաժշտության, կերպարվեստի, պարարվեստի, երգարվեստի, պլաստիկայի տարրերի գերակայությամբ է պայմանավորված,- պարզաբանում է Վլադիմիր Գաբբեն: - Մեր ստեղծագործական հարթակում մեկտեղվում են Պարույր Սևակի չափածոն, Սերգեյ Փարաջանովի ֆանտաստիկ ինստալյացիաները, Կոմիտասի երաժշտության անկրկնելի մեղեդիներն ու փիլիսոփայությունը, Նարեկացու «Մատյանից» քաղված սուրբ մասունքները: Խախտելով բեմի ու հանդիսասրահի սահմանները` մենք ժամանակակից հանդիսատեսին հրավիրում ենք հոգևոր աննախադեպ ուխտագնացության դեպի հայ ազգի քանքարի հսկաների երազային աշխարհ: Մենք չենք վերապատմում հայոց պատմությունը, պարզապես ջանում ենք խմբավորել մնայուն արժեքները: Մեզ ոգևորում է այն հանգամանքը, որ «Արմենիադան» հնարավորություն է ընձեռում կատարելու մեր քաղաքացիական-հայրենասիրական պարտքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև հանուր մարդկության, Երկիր մոլորակի ներկա ազգերի ու ազգությունների հանդեպ:

- Երբ այս ապրիլին Մոսկվայում կայացավ «Արմենիադայի» առաջնախաղը,- ասում է թատրոնի երաժշտական ղեկավար, կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը,- մենք գոհունակություն ապրեցինք, որ գտնված բեմադրական, երաժշտական և հարակից լուծումներով Հայոց ցեղասպանության պատմական փաստը իսկապես համամարդկային հնչողությամբ ընկալելի դարձավ բազմազգ դահլիճին: Նույնիսկ այն դրվագներում, որտեղ գերիշխողը հայալեզու տեքստն ու մեր հնամենի շարականներն էին, ոչ ճապոնացու, ո´չ ռուսի, ո´չ չինացու, ո´չ անգլիացու, մի խոսքով` այլազգի որևէ հանդիսատեսի մոտ երբևէ հարց չառաջացավ, թե ինչ է կատարվում բեմի վրա: Բեթհովենի խոսքերով ասած` ինչ որ սրտից է բխում, հասանելի է դառնում սրտին: «Արմենիադան» պատմողական ավանդական ներկայացումների կարծրատիպից դուրս է, չունի հստակ սյուժետային գիծ: Այն դերասանախմբի արյան շրջանառությանը մերված խոսքի, երաժշտության, կինոյի, երգի և պլաստիկայի անսովոր համադրություն է, կուռ հյուսվածք, որով ավարտուն ամբողջացվում է ներկայացման հետամտած գլխավոր ասելիքը: Ինչպես և 2-րդը` «Կյանքը կրկին չես խաղա»-ն:

Արնախում ազերիների ձեռքով բնավեր դարձած բաքվեցի հայ երաժիշտը, ում կենդանի կատարումները հաճախ են հնչում ներկայացումների ժամանակ, համոզված է, որ մեր օրերում չափազանց կարևոր է հայկական հարցի ճշմարտացի արտացոլման ամրագրումը բազմազգ աշխարհի հայացքում:

- Վառ կրքերի ու կենդանի զգացողությունների հենքը ռուսական պոեզիայի հսկաների` Վիսոցկու, Օկուջավայի, Ցվետաևայի, Ռոժդեստվենսկու, Եվտուշենկոյի, Ախմադուլինայի և Կապուտիկյանի, Սևակի հանրածանոթ չափածոյի ներքին երաժշտության, առոգանության ու զգացական ելևէջումների ծաղկաքաղն է. աներևույթ պոետիկ խաչմերուկ: Զգացմունքները, որոնք հորդում են բեմից, անհնար է բառերով արտահայտել: Դրանք կուտակվում են տեսարանից տեսարան և փոխանցվում բարեկիրթ հանդիսատեսին: Կախարդական կերպարները հաջորդում են միմյանց, բեմական տարածությունը հագեցնում իրենց ներքին բովանդակությամբ: Միստիկ մթնոլորտն է շուտով թանձրանում` իրենում աննկատ ներգրավելով հանդիսատեսին, որն ակամա մասնակիցն է դառնում բեմական իրականության:

Կարծում ենք, «Արմենիադան» հարկավոր ընկալում կգտնի ֆրանսիական հյուրախաղերի ընթացքում, որով ասես նախապատրաստվում է նրա համաշխարհային շրջագայությունը Միացյալ Նահանգներում, Կանադայում և Իտալիայում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ