ԲԱՆԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐԳԱՆԱԼ ՆՐԱՆԻՑ ԱՆԿԱԽ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒ


... Ռազմական դոկտրինը համապետական նշանակության փաստաթուղթ է: Այն ուղեցույց է ռազմական անվտանգության համակարգի համար պատասխանատու բոլոր պետական գերատեսչությունների համար` ապահովելով նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում: Բացի այդ, ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, պետական և հասարակական այլ օղակների համար փաստաթուղթը ազգային անվտանգության, պաշտպանական քաղաքականության և դրա ֆինանսավորման նպատակով հասարակական աջակցության ապահովման կարևոր գործոն է: ... Ըստ էության, Ռազմական դոկտրինը, Ազգային անվտանգության ռազմավարությունից հետո, մեր երկրի անվտանգության ապահովման ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթուղթն է: Եթե Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնում է ազգային անվտանգության համակողմանի վերլուծությունը, սահմանում ազգային անվտանգության հիմնարար արժեքները և բացահայտում սպառնալիքները, ապա Ռազմական դոկտրինն առավել մանրամասնում է ռազմական ոլորտի դրույթները, սահմանում պաշտպանական ռազմավարությունը և ռազմական անվտանգության ապահովման համակարգը: Միաժամանակ Ռազմական դոկտրինը նախանշում է Զինված ուժերի բարեփոխումների ուղղությունները և հիմք հանդիսանում ազգային ռազմական ծրագրերի և պլանների մշակման համար, որոնք կվերանայ վեն և կլրամշակվեն 2008թ. ընթացքում և հստակորեն կսահմանեն Զինված ուժերի կառուցվածքը, խնդիրները և մարտավարությունը: ...Փաստաթղթի կառուցվածքը պայմանավորված է մի կողմից այն միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու հանգամանքով, մյուս կողմից անցումային ժամանակաշրջանին հատուկ առանձնահատկությունններով: Այս ամենով հանդերձ, փաստաթուղթն ունի համընդգրկուն բնույթ և ներառում է ռազմական անվտանգության ապահովման բոլոր ասպեկտները: ...Առաջին` «Ռազմաքաղաքական հիմնադրույթներ» բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից` «Ռազմական անվտանգության միջավայրն ու սպառնալիքները» և «Ռազմական անվտանգության ապահովումը»: Ռազմական անվտանգության միջավայրի ճշգրիտ գնահատումը չափազանց կարևոր է այդ միջավայրից բխող սպառնալիք ները վերհանելու և դրանց չեզոքացման ուղիները նախանշելու համար: Հայաստանի Հանրապետության պարագայում այդ միջավայրը ձևավորվում է ներպետական, տարածաշրջանային, արտատարածաշրջանային և ազգային անվտանգության հիմնարար արժեքների վրա ազդող գործոնների ներքո: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա իրենց բնույթից ելնելով, փաստաթղթում դրանք բաժանված են երկու խմբի` արտաքին և ներքին: ... Ռազմական անվտանգության երաշխավորված ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան երաշխիքների ստեղծումը: Եթե այս առումով ազգային երաշխիք են հանդիսանում մարտունակ և արդիական զինված ուժերը, ապա ռազմական անվտանգության ապահովման միջազգային երաշխիքը միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ համարժեք պարտավորությունների ստանձնումն է` դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատումն ու շարունա կական զարգացումը: Ոչ պակաս կարևոր է ռազմական անվտանգության ապահովման ճիշտ ուղիների ընտրությունը` պետության պաշտպանական ներուժի զարգացումը և զինված ուժերի բարեփոխումները, համակողմանի պաշտպանական համագործակցության խորացումը, միջազգային արդի ռազմական գիտության վրա հիմնված ուժերի, միջոցների և պաշարների ստեղծումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, ռազմական սպառնալիքների բացահայտումն ու դասակարգումը և դրանց արձագանքման միջոցառումների իրականացումը: Փաստաթղթի երկրորդ բաժինը նկարագրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է ռազմական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցների և միջոցառումների ամբողջությունը և ձևավորում է պաշտպանական քաղաքականությունը: ...Պաշտպանական ռազմավարության հիմքում դրված կարևոր սկզբունք է նաև նախահարձակ չլինելու սկզբունքը, ինչն ապացուցում է Դոկտրինի պաշտպանողական բնույթը: Սակայն անմիջական զինված հարձակման սպառնալիքի դեպքում Հայաստանն իրեն իրավունք է վերապահում իրականացնել դրանց չեզոքացմանն ուղղված ռազմական գործողություններ, ինչպես նաև դիմել իր դաշնակիցներին և գործընկերներին` համապատասխան օժանդակություն ստանալու համար: ... Պաշտպանական ռազմավարությունը սահմանում է նաև այն ռազմական նպատակները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման համար: Այդպիսի նպատակներ են հանդիսանում ռազմական անվտանգության սպառնալիքների կանխարգելումն ու չեզոքացումը, ճգնաժամերի հաղթահարումը, միջազգային հանցավորության դեմ պայքարը, ռազմական կարողությունների ամրապնդումը, հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և տեղեկատվական անվտանգության արդի համակարգերի մշակումը: ... Դոկտրինի 3-րդ բաժինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգը: Ռազմական անվտանգության համակարգը ՀՀ պետական լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի և ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական անվտանգության խնդիրների լուծման համար նախատեսված հաստատությունների և կազմակերպությունների ամբողջությունն է: Ռազմական անվտանգության համակարգի` ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը ներառում է զինված ուժերը, Հայաստանի Հանրապետության տարածքը, հասարակությանը և տնտեսությունը պաշտպանությանը նախապատրաստող միջոցների և միջոցառումների ողջ ամբողջությունը: Ինչ վերաբերում է Զինված ուժերին, ապա նրանց ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և Կառավարությունն` իր լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զինված ուժերը ռազմական անվտանգության համակարգի հիմքն են կազմում և կազմակերպորեն բաղկացած են կենտրոնական մարմիններից, զորամիավորումներից, զորատեսակներից և կենտրոնական ենթակայության զորամասերից: Պատերազմական ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո են անցնում նաև այլ զորքերը, որոնք են` Ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և այլ զինված ստորաբաժանումները: Զինված ուժերի հիմնական գործառույթներն ուղղված են Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և անվտանգության զինված պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետության տարածքում Զինված ուժերը տեղաբաշխվում են` հաշվի առնելով տվյալ ռազմավարական ուղղությամբ ռազմական սպառնալիքի հավանականությունը և չափերը, հակառակորդի հավանական գործողությունների բնույթը և ուղղությունները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների, շրջանների և միջանցքների առկայությունը, անհրաժեշտ տրանսպորտային ուղիների տեղաբաշխումը և այլն: Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերն են մարտավարական, օպերատիվ, ռազմավարական և հատուկ գործողությունները, սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործողությունները, դաշնակցային պարտավորություններից բխող գործողությունները, միջազգային խաղաղապահ գործողություննե րը և տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ գործողությունները: Ռազմական դոկտրինը սահմանում է նաև ռազմական անվտանգության համակարգի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովումը: Ռազմական անվտանգության համակարգի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովման խնդիրն այդ համակարգը ֆինանսական, արդիական ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և այլ միջոցներով ապահովելն է: Այն իրականացվում է հստակ սկզբունքներով, խնդիրներով և ուղղություններով: Ռազմական դոկտրինի 4-րդ բաժինը նվիրված է ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից ռազմական անվտանգության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքներն ու ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը: Բարեփոխումներն ուղղված են նաև ռազմական անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը, Զինված ուժերում օրինականության ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների, այդ թվում` ռազմական անվտանգության ապահովման խնդիրներին համապատասխան այլընտրանքային ծառայության իրավունքի երաշխավորմանը: Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների կարևոր առաջնահերթություններ են Զինված ուժերում գործող ռազմական չափանիշների կատարելա գործումը, անվտանգության ապահովման առաջատար համակարգերի և դաշնակից երկրների պաշտպանական համակարգերի ու Զինված ուժերի հետ համատեղելիության և փոխգործակցության, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունների զարգացումը: Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները նախատեսում են իրականացնել այդ համակարգի ռազմավարական վերանայում և դրա հիման վրա` տարբեր ոլորտներում բարեփոխումների գործնական իրականացում: Բարեփոխումների ենթակա հիմնական ոլորտներն են հանդիսանում ղեկավարման համակարգը, անձնակազմի կառավարման համակարգը, պահեստազորային ոլորտը, ռազմական կրթության ոլորտը, պլանավորման և բյուջետավորման համակարգը, թիկունքային ապահովման բնագավառը և այլն: Առանձին ոլորտներով փաստաթղթում ներկայացված բարեփոխումների ծրագրերը ուղղորդող-կողմնորոշիչ բնույթ ունեն, որոնք մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրման, տարբեր միջազգային ծրագրերով ստանձնած պարտավորությունների և անհրաժեշտությունների հիման վրա: Այժմ ներկայացնեմ առանձին ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական նպատակները: Ռազմավարական վերանայման հիմնական նպատակն է ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համար Զինված ուժերի առկա կարողությունների ու պահանջվող կարիքների հստակեցումը: Ղեկավարման համակարգի բարեփոխումներն ուղղված են Զինված ուժերի ղեկավարման շղթայի, այդ թվում ՊՆ և ԶՈՒ ԳՇ գործառույթների հստակեցմանը: Անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների նպատակն է զինվորական և քաղաքացիական անձնակազմի կառավարման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների մշակումն ու զարգացումը: Պահեստազորային համակարգի բարեփոխումների նպատակը Զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառման մեխանիզմների ստեղծումն է: Զինված ուժերի համար զինվորական և քաղաքացիական կադրերի պատրաստման և վերապատրաստման ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսվում է իրականացնել ռազմական կրթության համակարգի արդիականացում: Պլանավորման և բյուջետավորման ոլորտում բարեփոխումներն ուղղված են Զինված ուժերի քանակական և որակական չափանիշների սահմանման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների պլանավորման կարողություններ ունեցող առավել թափանցիկ ու արդյունավետ համակարգի ներդրմանը: Ինչ վերաբերում է թիկունքային բարեփոխումներին, ապա այստեղ հիմնական խնդիրը հուսալի, ճկուն, տնտեսապես շահավետ, արագ մատակարարումների և ծառայությունների մատուցման ապահովումն է: Բարեփոխումներ են նախատեսվում նաև փոխգործակցելիության ընդլայնման ուղղությամբ` տարբեր անվտանգության համակարգերի և առանձին պետությունների հետ համատեղելի ստորաբաժանումների ստեղծման համար: «Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումներ» բաժնում է ներառված նաև «Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն» գլուխը, քանի որ բարեփոխումների անցումային փուլում միջազգային ռազմական համագործակցությունն ամբողջությամբ ծառայեցվում է հենց Զինված ուժերի արդիականացման, մարտունակության բարձրացման նպատակին: Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային ռազմական համագործակցությունն իրականացնում է ռազմական անվտանգության համակողմանի ապահովման, ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդման, տարածաշրջանում ռազմաքաղաքական դաշինքների հարաբերական հավասարակշռության պահպանման, միջազգային փորձն ու օժանդակությունը զինված ուժերի արդիականացման գործին ծառայեցնելու, զինված ուժերի պահանջները բավարարելու և մի շարք այլ նկատառումներից ելնելով: Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություններն են համարվում ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, ակտիվ և գործնական մասնակցությունը ՀԱՊԿ-ի ծրագրերին, երկկողմ ռազմական համագործակցությունը հատկապես ԱՄՆ-ի և Հունաստանի հետ, համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը չի հակասում ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներին...