«Երանի եկեղեցի շինողաց...»


Դարերի հոլովույթում հայը գոյատևել է իր ոգեղեն կամքով և առ Բարձրյալն ունեցած իր անսահման հավատով: Եվ իբրև առհավատչյա իր հավատավոր ընթացքի, եկեղեցի է կառուցել, զորացրել հողը հայրենի: Այսօր էլ հավատացյալ հայը կառուցում է հույսի ու հավատի իր լուսավոր տունը` հայոց եկեղեցին: Այդօր տոնական տրամադրությունն էր թևածում Աբովյան քաղաքում: ՀՀ ԱԺ պատգամավոր, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը: Խորին խորհուրդ ուներ 16 վեմ քարերի օծման արարողությունը: Ուշարժան էր հիմնարկեքի առիթով եկեղեցանվեր բարերար ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ խոսքը. - Հայ մարդն ապրել է հավատով և պիտի շարունակի ապրել հավատով: Աբովյանում նախկինում եկեղեցի չի եղել, բայց այն կառուցելու պատիվը վեհափառն ինձ է շնորհել: Թող այսուհետ այս եկեղեցին ևս ծառայի մեր երկրին ու ժողովրդին, նպաստի հավատի ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն ու երկրի բարգավաճմանը: Աբովյանցիների հուշերում դեռ երկար կմնան եկեղեցու հիմնարկեքի արարողությունը և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնության խոսքը` ուղղված ներկաներին. - Շուրջ 1700 տարի առաջ մեր առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի կառուցելու հորդոր և պատգամ ուղղեց մեր հայոց ազգին, ասելով. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»: 1700 տարի շարունակ մեր ժողովուրդը, իր Հայրապետի այս նվիրական պատգամն իր հոգում, կառուցեց և շենացրեց հողը հայոց, հողը մեր սրբազան` նվիրական տաճարներով ու վանքերով, եկեղեցիներով ու մատուռներով: Այդ պատգամն առավել չափերով հնչեց նաև մեր ժամանակներում, և ազնիվ, բարերար հայորդիք ձեռնամուխ եղան եկեղեցաշինության աստվածահաճո, նվիրական գործին... Այսօր Աստծո ողորմած կամքով կատարում ենք հիմնարկեքը Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու, որ իր դռները պիտի բացի մեր հավատավոր զավակների առջև մեկ և կես-երկու տարուց: Մենք մեր գնահատանքն ենք բերում պարոն Գագիկ Ծառուկյանին, այս աստվածահաճո և ազնիվ նախաձեռնության համար և աղոթք բարձրացնում երկինք, որ Տերը իր հովանավոր աջը զորավիգ դարձնի տյար Ծառուկյանին` իր բոլոր բարի ձեռնարկում ներում: Երանի եկեղեցի շինողաց. մեր այս մաղթանքը որպես մաղթանք ենք վեր առաքում և հայցում Տիրոջ սերն և խաղաղությունը` Հայոց աշխարհին և մեր ժողովրդին` այժմ և հավիտյանս ամեն... Բազում են գնահատանքի ու երախտիքի խոսքերը բարեսեր անհատի` Գագիկ Ծառուկյանի մասին, բայց երբ մորն էլ են բաժին հասնում օրհնանքի խոսքերը. «Մայրդ քեզ նման տասը զավակ պիտի ունենար», ավելորդ են դառնում բոլոր մեկնությունները: Գագիկ Ծառուկյանի մոր` կատարած բարի գործերով հանրությանը հայտնի Ռոզա Ծառուկյանի խոսքերում հուզախառն թախիծ կա. - Ես ուրախ և հպարտ եմ, որ Աստծո կամքով և իմ որդու ձեռքով մի նոր եկեղեցի պիտի կառուցվի, Աստծո տուն, ուր աղոթելու կգան հավատացյալ մեր ազգակիցները` վերագտնելով իրենց հոգու խաղաղությունը: Դեռ մանկուց ես աստվածապաշտ ու աստվածավախ եմ: Եվ առ Աստված ունեցած իմ անսահման սիրով էլ փորձում եմ սատար կանգնել ինձ դիմողներին: Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանը անթաքույց հպարտությամբ է փաստում, որ նշանակալից է իրադարձությունը աբովյանցիների և Աբովյան քաղաքի համար. - Աբովյանի բնակչությունն անչափ երախտապարտ է իր ընտրյալին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանին, ում բարեսեր հովանավորչությամբ մեր քաղաքը շուտով կունենա իր նոր ուխատեղին` Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այս առիթով ես ուզում եմ շնորհավորել բոլորիս և մաղթել, որ Աստծո աջը միշտ պահապան լինի մեր ժողովրդին... Միջոցառման մասնակիցները դեռ երկար կհիշեն եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը` իրենց հոգում տանելով բանաստեղծի գողտրիկ տողը. - Եկեղեցին հայկական հանգստավայրն է հոգվույս...

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ