ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ


 

»Բազմաթիվ հրապարակումներ ենք նվիրել առողջապահության ոլորտին, հատկապես շատ ենք մտահոգվել դեղերի շուկայում տեղի ունեցող անօրինությունների, գների չարդարացված բարձրացումների մասին: Մեր հրապարակումներն ու հանրային դժգոհություններն անպատասխան են մնացել, որովհետև առողջապահության ոլորտի պատասխանա տուները շարունակել են իրենց որդեգրած ճանապարհով ընթանալ` արհամարհելով մարդկանց պահանջները, առողջապահությունը ոմանց համար վերածելով ահռելի եկամուտներ ապահովող աղբյուրի: Եվ ահա, հանրային բողոքների պատասխան որպես, հնչում է Հանրապետության նախագահի գնահատականը.

- Ես ուզում եմ հստակ հասկանալ` ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապա հության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է: Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով` «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից:

Նախագահի գնահատականը տևական ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունք է, քանզի չէր կարող երկրի ղեկավարը հենց այնպես, առանց հիմնավոր փաստարկների, քննադատություն հնչեցնել մի ոլորտի հասցեին, որի գործունեությամբ է պայմանավորված բնակչության առողջական խնդիրների լուծումը: Եվ ոչ միայն: Առաջնորդվելով ազատականացման պահանջներով, մեր երկրում չհրաժարվեցին բժշկական հիմնարկների սեփականաշնորհումից` անտարակույս, մի շարք բազմաբուժարաններ և հիվանդանոցներ հռչակելով հանրային: Սակայն առողջապահության նախարար Հ. Քուշկյանի կառավարման շրջանում լուծարվեցին գրեթե բոլոր հանրային հիվանդանոցները` այսպիսով բժշկությունն անհասանելի դարձնելով հասարակության ոչ ունևոր խավերի համար: Հենց Քուշկյանի պաշտոնավարման շրջանում «բարգավաճեց» կաշառակերությունը, գրեթե չգոյացվեց պետպատվերը, որի «առյուծի բաժինն» ուղղորդվեց արդեն նախկին նախարարի սեփականությունը հանդիսացող հիվանդանոցներին: Մեր երկրում հռչակվեց անվճար ծննդօգնության հիմունքը, սակայն աստիճանաբար նվազեց թիվն այն հիվանդանոցների, որոնք անվճար ծննդօգնություն են իրականացնում…

Ի՞նչ է սա, եթե ոչ` հակազգային քայլ, որը ոչ միայն մեծ վնաս է հասցնում աղքատ խավերին, այլև խոչընդոտում է բնակչության աճը: Հենց վերջին տարիներին դիաբետով հիվանդները գրեթե զրկվեցին անվճար դեղորայքային օգնությունից, իսկ համապատասխան դեղորայքը հայտնվեց դեղատներում…

Ժամանակն է իսկապես արմատախիլ անելու անբարո բարքերը, որովհետև այսօր, որքան էլ ցավալի է, շատերը մեռնում են միայն այն պատճառով, որ չեն կարողանում վճարել բուժօգնության համար: Մեռնում են` ի զորու չլինելով հագեցնել շատ բուժհիմնարկների «չփակվող ախորժակը»…