«Անձնական» «դասալիքը»

կամ` նյույորքյան «թնջուկներ»


 

Անչափ ցավալի է, երբ դավաճանության դառը պտուղը ամենավստահելի յուրայիններից մեկն է մատուցում: Ու հատկապես երբ դու պետության ղեկավար ես, իսկ այդ վայ-յուրայինը քո շուքի տակ ապրած մեկը: Ահավասիկ. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անձնական կինոօպերատոր Հասան Գոլ Հանբանը քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներում: Եվ հանդուգն այդ քայլը կատարել է այն պահին, երբ ուղեկցում էր իր ղեկավարին Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա կատարած այցի ընթացքում (տեղեկացրել է CBS News-ը` վկայակոչելով Հանբանի փաստաբանին):

Թե ի՞նչն է օպերատորին մղել ծայրահեղ այդ քայլին` չի մանրամասնվում: Նաև հայտնի չէ նրա գտնվելու վայրը:

Բնականաբար` Միացյալ Նահանգներն օպերատորի խնդրանքը չի մերժի: Վերջին հաշվով նա շատ կարևոր վավերագրեր կարող է տրամադրել հակառակորդ երկրի առաջնոր դի մասին:

Ի դեպ, սա վստահյալների միակ տհաճությունը չէ, որ մատուցվել է Ահմադինեժադին` նյույորքյան այցի ընթացքում: Նախ, ամերիկյան կողմը նրա պատվիրակներից 20-ին մերժել էր մուտքի թույլտվություն տալ: Իսկ արդեն Նյու-Յորքում իրանական ընդդիմադիրներն ու հրեական կազմակերպությունները իրանցի առաջնորդին դիմավորել են բողոքի ակցիաներով: Ավելին, Իրանից արտագաղթյալները ծեծել են ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստին:

Տհաճությունների տարափն այսքանով չի սահմանափակվել: The New York Post թերթի խմբագրությունն Ահմադինեժադի հյուրանոցային համար է ուղարկել մի զամբյուղ` լցված այնպիսի ուտեստներով, որոնք Ամերիկայում հրեական են համարվում` բորշչ, լցոնված ձուկ և ապխտած սիգ: Լրագրողները «հոգացել» էին նաև բարձրաստիճան հյուրի հոգևոր պահանջների մասին. նրան «Հին հրեաներն անեկդոտներ են պատմում» համերգի ու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը նվիրված կոմիքսների հրավիրատոմս են ուղարկել և Հոլոքոստի պատմության թանգարանի տոմս: