ԿՐՔԵՐ` ՄԵՐԻ ՄՆՋՈՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ 


 

Ավարտվեց «Արմենիա» հ/ը եթերով ընթացող «Հայաստանի ձայն» մրցույթը: Ինչպես շատերն էին սպասում, հաղթող ճանաչվեց 18-ամյա գյումրեցի երգչուհի Մերի Մնջոյանը` Մաշան, ում երաժշտական աշխարհի շատ մասնագետներ համարում են հզոր ձայնով վառ անհատականություն: Երգչուհի Սոնայի թիմից հանդես եկող երիտասարդ երգչուհու ընթացիկ ելույթների առթիվ բազմիցս էր արտահայտվել նշանավոր երաժիշտ-երգիչ Արտո Թունջբոյաջյանը` զարմացնելով իր ընդգծված սուբյեկտիվիզմով: Շատերը փորձել էին «Գրեմմի» մրցանակի դափնեկրի խոսքում տեսնել մասնագիտական մտահոգություն երգչուհու ձայնի, կատարողական խնդիրների առթիվ: Սակայն պարզվեց, որ բնավ էլ թյուրըմբռնում չէր եղել. մի շարք երկրներում ճանաչում ունեցող անվանի երաժիշտը պարզապես ի հայտ էր բերել չկամություն և անհանդուրժողություն` հավանաբար այն պատճառով, որ իր թիմում հանդես եկող երգչուհին շատ ավելի «փայլում» էր ռեստորանային որակներով` խառնելով կոլորիտային-ոճական առանձնահատկությունները պարզապես պրոֆեսիոնալ արվեստին ոչ հատուկ «մաներաներով»: Շատերն էին խոսում, թե Արտոյի սանուհու հաղթանակը կանխորոշված է, թե ամեն ինչ արվել է, որպեսզի հենց այդ երգչուհին կանգնի հաղթողի պատվանդանին: Ինքը` երգչուհի Գայանան էլ էր համոզված դա պնդում` չընդունելով որևէ մրցակցություն:

Եզրափակիչ համերգի օրը ֆեյսբուքյան շատ օգտատերեր աղմուկ բարձրացրեցին, որ հօգուտ Մերի Մնջոյանի իրենց քվեարկությունը չի արձանագրվում, որ պատասխաններ չեն ստացվում: Միայն աղմուկից ու բողոքից հետո սկսեցին գրանցվել Մերիին տրվող SMS քվեարկությունները... Անկախ այս ամենից, Մերին դարձավ հաղթող: Սրան հաջորդեց Թունջբոյաջյանի բավական թունոտ ու նշանավոր արվեստագետին ոչ վայել գնահատականը.

- Մերին հետագայում երգելու է «Բելաջիո» ռեստորանում:

Հավանաբար, Արտոն այսպես կամենում էր հավասարության նշան դնել տաղանդավոր երգչուհու և իսկապես ռեստորանում երգող իր սանուհու միջև: Ի պատասխան մեր հարցին, Մերի Մնջոյանն ասաց.

- Ժամանակը ցույց կտա, թե ով որտեղ կերգի:

Նա այլ մեկնաբանություններ չտվեց` չկամենալով որևէ կերպ մեկնաբանել երաժշտի մաղձով լի խոսքը: Դաստիարակությունը թույլ չտվեց: Մենք լավ ենք ճանաչում այս տաղանդավոր աղջկան, հետևել ենք նրա ելույթներին մանկության վաղ տարիներից, լսել ենք բազմաթիվ կարծիքներ նրա մասին ու մշտապես համոզվել ենք, որ Մաշա-Մերին իսկապես բնությունից հզոր ձայնով օժտված անհատականություն է, ով կարող է մեծ ձեռքբերումներ արձանագրել երգարվեստում: Մնում է միայն զարմանալ, որ աշխարհահռ չակ երաժիշտն էլ կարող է լինել չար ու անհանդուրժող, փորձել ջարդել ու ավերել երիտասարդների ոգևորությունը, տալ ոչ օբյեկտիվ գնահատականներ: Հավանաբար, նա ոմանց խոստումներ էր տվել, թե անպայմանորեն հաղթելու էր իր սանուհին...

Ինչևէ: Մրցույթն ավարտվեց: Հաղթողի պատվանդանին կանգնեց ամենատաղանդավորը, իսկ այս մրցույթում ամենից շատ շահեց երիտասարդ երգիչ Նարեկ Մակարյանը, ով ամուսնության առաջարկ ստացավ իր մարզչից` երգչուհի Սոֆե Մխեյանից... Ճիշտ է, նրանց միջև տարիքային տարբերությունը մեծ է, սակայն սերը տարիք չի հարցնում... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ