Զբոսաշրջային նոր վախ 


 

Գուցե տարակուսողներ լինեն` «մե˜զ ինչ»: Մեզանում, իհարկե (և` բարեբախտաբար) լկտիությունն այսչափ տարածված չէ, բայց ասում են` վատ օրինակը վարակիչ է: Եվ հետո, ո˜վ գիտե, գուցե ոմանք Հնդկաստան կամ Ռիո մեկնել կամենան: Տեղեկացված լինելը ոչ մեկի չի խանգարի:

«Կրքոտ գրոհայինները»

Չլսվա´ծ, մինչ օրս` անպատկերացնելի, բայց այսօր արդեն միանգամայն իրատեսական անհանգստություն, որից չզգուշանալ չի´ կարող բանական արարածը: Զբոսաշրջությունը ամենահետաքրքիր ու նաև նյութական միջոցներ պահանջող ակտիվ հանգիստ է: Սակայն որոշ երկրներում օտարերկրացիների պատվի ու արժանապատվության ոտնահարման դեպքերը զգուշավոր են դարձրել մարդկանց:

Օրինակ, այս տարվա առաջին 3 ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը Հնդկաստանում նվազել է 25%-ով: Այս մասին տեղեկացրել է The GuΖrdiΖn-ը` վկայակոչելով երկրի Առևտրա-արդյունաբերական միացյալ պալատի հետազոտությունները: Ընդ որում` կին զբոսաշրջիկները պակասել են 35 %-ով: Պատճառը բռնաբարությունների վտանգն է:

Վերջին շրջանում ամենաաղմկահարույցը 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպն էր. հենց ավտոբուսի մեջ 6 ստահակներ բռնաբարել էին մի ուսանողուհու` նրա ընկերոջ աչքի առաջ: Որքան էլ իշխանությունները փորձում են հակառակն ապացուցել, զբոսաշրջային կազմակերպությունները փաստում են, որ Դելիում կատարվածից հետո առնվազն 6 արտասահմանցի կին դիմել են ոստիկանություն` իրենց նկատմամբ սեռական ոտնձգության բողոքով: Արդյունքում` շատերը հրաժարվել են Հնդկաստան մեկնել` նախընտրելով ավելի անվտանգ ուղղությունները` Մալայզիա, Վիետնամ, Ինդոնեզիա:

Դեկտեմբերի վայրագությունը վերջինը չէր Հնդկաստանում: Ընդամենը օրեր առաջ` մարտի կեսերին, Մադհյա-Պրադեշ նահանգում բռնաբարել են մի շվեյցարուհու, ով հեծանիվով շրջագայում էր ամուսնու հետ: Դրանից մի քանի օր անց էլ Ագրա քաղաքում, ուր գտնվում է Թաջ-Մահալը, մի բրիտանուհի հյուրանոցային իր համարի պատուհանից դուրս է նետվել` փրկվելով սենյակ ներխուժած տղամարդկանցից: Բարեբախտաբար նա կյանքը չվտանգող վնասվածքներ էր ստացել: Իսկ մարտի վերջին հնդկական հյուսիսային Ռիշիկեշ քաղաքում տեղաբնակներից մեկը թալանել էր ռուսաստանցի Ալեքսանդրա Կապիտոնովային: