ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԴԵՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ


Ով գոնե մեկ անգամ եղել է Արցախ աշխարհում, անշուշտ, հմայվել է գեղեցկությամբ: Ամեն քար ու ժայռ ականատես վկան են մեր պատմության: Ասում են` բնությանը մերձենալու համար նրա լեզուն պետք է հասկանալ` պարուրված ինքնաբուխ սիրով: Բայց երբեմն վիշտն ու արցունքը խեղդում է կոկորդդ` ավերակված գյուղերն ու քաղաքները տեսնելիս: Ցավն ավելի ու ավելի է սաստկանում` տեղացիների պատմությունները լսելիս: Չկա մի ընտանիք, որ զոհ չունենա: Իսկ նրանք ապրելու են իրենց բնակավայրերում` զոհերի շիրիմներին խնկարկելու համար: Գոյապայքարում որքա˜ն քաջեր են դարձել հավերժի ճամփորդներ... Սահմանամերձ Թալիշում անբացատրելի զգացողություն է պարուրում` հակառակորդի դիրքերը նկատելիս: Թալիշցին ամեն օր կռիվ էր տալիս քարի ու հողի հետ, մայրամուտին ծածուկ աղոթում խաղաղության համար, իսկ լուսաբացին մրմնջում` լույսդ բարի, տեր Աստված… Ապա իր ամենօրյա հոգսերին է անցնում: Իսկ հոգսերը գյուղում անսպառ են… Գրետա մայրիկի ընտանիքն էլ չամոքված վերքեր ունի: Վլադիմիր ու Գրետա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐՆ ունեցել էին տասը զավակ` երեք տղա, յոթ աղջիկ: Ինչպես Գրետա մայրիկն էր ասում` մեկը մեկից լավը, մեկը մեկից խելացի: Արտաքուստ մեղմ ու հանգիստ բնավորությամբ, իսկ ներքուստ կրակոտ Մհերը, 1990 թ. ավարտելով դպրոցը, հրաժարվել էր ուսումը շարունակել` ասելով. - Կսովորեմ, մայր, հո չմեռա՞… Հիմա երկիրը պաշտպանելու ժամանակն է, ոչ սովորելու: Գոյատևման ու սահմանն անառիկ պահելու համար բոլորն էին ոտքի ելել` ստեղծելով ինքնապաշտպանական ջոկատներ: Պաշտպանական շտաբում Մհերին մերժել էին մարտերի պատրաստ ջոկատում ընդգրկել: Նա էլ միացել էր նորեկների խմբին, բայց ամեն իրիկուն հայտնվել էր դիտակետերում` մարտական հերթապահություն իրականացնող ազատամարտիկների կողքին: 1992 թ. ապրիլին թշնամին մեծաքանակ ուժով հարձակվել էր Թալիշի վրա: Մհերը ստացել էր իր առաջին լուրջ ու վտանգավոր մարտական առաջադրանքը` շտապ մարտադաշտ հասցնել զինամթերք: Թշնամու գնդակների տեղատարափի տակ ճարպկորեն ու անվնաս հասցրել էր: Դրանից հետո արդեն որպես մարտիկ մարտական այլ առաջադրանքներ էր ստացել: Բայց մոր սիրտն անհանգիստ էր… 1992 թ. մայիսի 4-ին հերթական առաջադրանքը փայլուն կատարած` նոր էր վերադարձել մարտադաշտից, հենց տան բակում ծորակի մոտ լվացվելիս` թշնամու հեռահար հրետանու արկը պայթել էր նրա ոտքերի տակ և… Մոր աղեկտուր ձայնն էր լսվել. - Որդուս դիակն եմ ուզում, անվնաս դիակը, միայն դիակը… Վլադիմիրի մյուս որդին` Մխիթարը, ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Մասնակցել էր Թալիշի պաշտպանական մարտերին: 1992 թ. հունիսի 14-16-ը գյուղացիները բռնել էին գաղթի ճանապարհը, բայց նա մնացել էր Արցախում: Հայրապետյանների ընտանիքն ապաստանել էր Հայաստանի Չարենցավան քաղաքում: Վեց ամիս շարունակ ոչ մի լուր չէին ունեցել Մխիթարից: Մի օր էլ ուշ երեկոյան դուռը թակել էին, որդին էր… Գրետա մայրը գրկախառնվել էր ու անվերջ կրկնել` որդիս ծնվել է… Մխիթարի վերադարձը նոր կյանք տվեց տառապանքի անխնա հարվածից տնքացող ընտանիքին: Բայց ի՞նչ իմանար Գրետա մայրը, որ պատերազմից անվնաս վերադարձած զավակին խաղաղ երկրում կկորցնի: Մի քանի ամիս անց Մխիթարն ընտանիքով մեկնեց ՌԴ, որտեղ էլ 1996 թ. ավտովթարից մահացավ: Որդու մահից երկու տարի անց մահացավ նաև Վլադիմիր Հայրապետյանը: Գրետա մայրը միայնակ մնաց կյանքի ալեբախումների դեմ: Նրա երրորդ` ամենափոքր որդի Արմենը գաղթի ժամանակ ինը տարեկան էր ընդամենը, բայց մորը թախանձում էր` տուն վերադառնան: 1999 թ. վերադարձան հայրենի գյուղ: - Հարազատների շիրիմների կանչը, հայրենի գյուղի կարոտն ստիպեց վերադառնալ: Եկել ենք ու տեսել հիմնովին ավերված գյուղ: Թալիշցին շատ է տառապել: Դժվար է նկարագրել այն պահը, երբ մոտեցանք մեր տան փլատակներին: Հենց այդ պահին երդվեցի շենացնել հայրենի տունը, ուր թողել էի անցյալս: Մեր նախնիներն այստեղ են ամփոփված, պետք է անառիկ պահել թշնամուց ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը: Պատմական այս վայրում մեր հայրերն են դարերով մարտնչել: Երբևէ չեմ մտածել հեռանալու մասին,- պատմում էր Արմենը: Արմենն այսօր գյուղի դպրոցում պատմություն է դասավանդում` իր սաների հոգում սերմանելով սեր, նվիրվածություն բնօրրանի հանդեպ, որը նրան շղթայել է բազում լավ ու վատ հուշերով:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ