ԷՏՅՈՒԴ
ՀՈԳԻՆ ԷՐ ՍԻՐՈՒՆ
- Ծաղիկնե˜ր...
- Ծաղիկնե˜ր, ծաղիկնե˜ր, անթառա´մ ծաղիկներ...- պատասխանեցին կարծես իմ կանչին` մի խումբ երիտասարդ անցորդներ:
- Ի՞նչ արժե ձնծաղիկը,- հարցրեց մի պարմանի` ուրախացած:
- Երկու հարյուր դրամ:- Ես ևս ուրախացա, որ վերջապես գնորդ հանդիպեց:
- Մեկ փունջ տուր, միայն խնդրում եմ` ամենալավը:
- Սեր ու երջանկություն քո գեղեցկուհուն,- մաղթեցի ես:
- Տատիս համար եմ տանում,- շառագունեց պատանին:
- Տատին էլ է գեղեցկուհի, ում նույնպես կերջանկացնի քո սերը, տղաս:
***
Գարնան մեղմ արևից և´ հողն է ջերմանում, և´ մարդիկ: Իսկ ավետաբեր ձնծաղիկները ոչ մեկի անտարբեր չեն թողնում:
- Քույր ջան, ի՞նչ արժե ձնծաղիկը,- հարցնում է մի տարեց կին:
- Ձեզ համար` 100 դրամ:
- Իսկ ուրիշների համա՞ր որքան է:
- Տղամարդկանց համար` 200, իսկ գեղեցիկ սեռի համար` 100 դրամ:
- Տղամարդիկ քեզ ի՞նչ վատություն են արել, որ թանկ ես վաճառում:
- Ոչ մի վատություն, պարզապես կանայք գարնան պես ջերմ են ու գեղեցիկ:
- Ուրեմն մի փունջ էլ ինձ տուր,- զվարթանում է կինը:
- Ձեզ սե´ր ու երջանկությո´ւն,- իմ ավանդական մաղթանքը նրան ևս ուղղում եմ ես:
- Այս տարիքիս էլ ի՞նչ սեր,- քրթմնջում է կինը:
- Սիրելի´ս, բոլոր տարիքներում մարդուն սեր է պետք` ընկերոջ, բարեկամի, զավակի... Ո՞վ չի ուզում սիրված լինել:
- Ճի´շտ ես, քույրս. այն էլ ինչքա˜ն: Թեև հիմա դա հազվագյուտ է պատահում: Շնորհակա´լ եմ:
***
Գարնան արևը վերևից սե´ր է ցողում մարդկանց հոգիներին. ժպիտ, ուրախությո´ւն, գգվա´նք, հրճվանք պարգևում: Աղջիկների հայացքներն ավելի են քնքշանում` իմ ծաղիկներին նայելիս,
- Ծաղիկնե˜ր, ծաղիկնե˜ր,- մայթից մայթ անցնելով փորձում եմ գրավել անոցորդների ուշադրությունը: Ոչ միայն անցորդների, նաև` աստիճանների վրա կանգնած գեղեցկուհու ուշադրությունը:
- Տատի´ ջան, ի՞նչ արժեն ծաղիկները: Երեք հատ տուր:
- Խնդրե´մ, քեզ սեր ու երջանկություն, աղջի´կս:
Աղջիկը ժպտում է և մտնում գրասենյակ: Ես հայացքով նոր գնորդ եմ որոնում: Հանկարծ կողքիս լսում եմ ջահել մի տղայի ձայնը.
- Տատ ջա´ն, ի՞նչ արժեն ծաղիկները,- շնչասպառ հարցնում է` կարծես ինչ-որ բանից ուշացած երիտասարդը:
- Երկու հարյուր դրամ, տղաս:
- Տատ ջան, նախ տոնդ շնորհավոր: Ես մի խնդրանք ունեմ. այս ծաղիկը կտանե՞ս այն աղջկան, որը նոր ձեզանից ծաղիկ գնեց:
- Տանեմ, տղա ջան:
- Դե սպասիր` մի քիչ պահեմ ձեռքիս մեջ:
- Ի՞նչ է աղջկա անունը:
- Օֆելյա: Ա´յ այն աստիճանների կողքի դուռն է: Հո չե՞ս նեղանում, տատ ջա´ն:
- Ո´չ տղաս, չե´մ նեղանում, սիրով կտանեմ: Սեր ու երջանկություն քո Օֆելյային:
Ես մինչ կհավաքեի իմ փնջիկները, երիտասարդը ծաղիները մի քանի անգամ ձեռքից ձեռք անցկացրեց և տվեց ինձ:
- Տատ ջան, ներող կլինես: Շնորհակալություն նախապես:
***
Աստիճանների կողքի դուռն ինչ-որ գրասենյակ էր, որտեղ տոնական սեղանի շուրջ հավաքվել էին բոլոր աշխատակիցները: Քիչ առաջ ինձանից ծաղիկներ գնած աղջկան իսկույն նկատեցի. միայն նա էր, որ սեղանին չէր մոտենում. անհանգիստ քայլում էր դռնից-պա տուհան: Սպասում էր...
- Բա´րև, աղջիկս: Դո՞ւ ես Օֆելյան:
- Ես եմ,- հայացքը պատուհանից չկտրելով, տարակուսեց նա:
- Այս ծաղիկները քեզ են նվիրել. քեզ ու այն լավ տղային երջանկություն,- ասացի ես:
- Սիրո՞ւն տղա էր, տատ ջան,- փորձեց կատակել սեղանակիցներից մեկը:
- Ամենակարևորը` հոգին էր սիրուն,- պատասխանեցի:
Իմ խոսքերը կարծես ավելի ուրախացրին Օֆելյային: Այդ պահին նա ինքնամոռաց ծաղիկներն էր շոյում. ասես զգում էր սիրեցյալի շունչը, ջերմությունը, կարոտը:
Լարիսա ՔԻՇՄԻՐՅԱՆ