Այսչափ տգե՞տ


Նիհարելու չհայտարարված մարաթոնին ինքնակամ «անդամագրված» որոշ կանայք իսպառ խելազրկվել են` մարմնի կշռի հետ կորցնելով նաև գիտակցելու ունակութ յունը: Ախորժակը զսպելու փոխարեն, սրանք սկսել են հյութի մեջ թաթախած բամբակ ուտել: Ու դեռ գովազդային տեսահոլովակներ էլ են պտտում համացանցում` անտեղյակներին գայթակղելով, թե «բամբակային դիետան» նախ արագ կշտացնում է և չի փչացնում մարմնի կառուցվածքը:

Բժիշկները, սակայն, ահազանգ են հնչեցնում. բամբակ ուտելը վտանգավոր է: Մանավանդ` օրը երեք անգամ սննդի փոխարեն:

- Բամբակի գնդիկները, որպես կանոն, պատրաստվում են սպիտակեցված պոլիեթերային թելիկներից, որը քիմիա է պարունակում: Դա նույնն է, թե կոճակներ, մետաղադրամ և անուտելի ուրիշ առարկաներ ուտեն: Դա կարող է հանգեցնել ինչպես շնչահեղձության, այնպես էլ մարսողական համակարգի խաթարման,- ասել է Դենվերի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Օվիդիո Բերմունդեսը: