ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ

«Միայն զենքով կա հային փրկություն...»


 

Արթուր Ղարիբյանը սովորում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտում, երբ սկսվեց Արցախի ազատագրական պատերազմը: Նրա հոգում երևի թե ապագայի ազատամարտիկն ու քանդակագործը միմյանց հետ «վիճել են», գուցե և մտորել` ո՞րը նրանցից պիտի հաղթի: Արթուրի վճռորոշ պատասխանը սիրասուն մորն ուղղված խոսքն էր.

- Երբ պատերազմը վերջանա, ես էլի քանդակագործ եմ, մայր Հայաստանին հիմա ոչ թե արվեստ է պետք, այլ` բռունցք:

Ազատամարտիկները պատմում են, որ խոշոր մարտերի ժամանակ Արթուր Ղարիբյանը մարտադաշտում ևս արվեստագետ էր. կռվի թեժ պահին անգամ նա երգը շուրթին («Արյունոտ դրոշ»), վրեժխնդրությունը հոգու մեջ` իր մարտիկներին տարել է դեպի հաղթության ու մահվան դուռ… Նրա անունն արցախյան ազատամարտի տարիներին դարձավ հերոսության խորհրդանիշ, որն իրենց հոգիներում սրբորեն պահպանում են նրա զինակից ընկերները:

Արմատներով ջավախքցի նախնիների հետնորդը լինելով, Արթուր Ղարիբյանը երազում էր Արցախն ազատագրելուց հետո գտնել այն ուղին, որը պիտի բացեր Էրգիր տանող իր երազանքի ուղեծիրներ, դեպի հայոց դատի իրագործում: Արթուրը հասկանում էր, թե ինչ է նշանակում պայքարել Ղարաբաղի ազատագրության համար և ազատագրված Խոջալուից հետո տեսնել Շուշիի գրավումը: Նա վաղուց էր ըմբռնում, որ երևանյան հանրահավաքները, որքան էլ անհրաժեշտ, բայց Արցախի հարցին վերջնական լուծում չէին տալու: Նա ճիշտ էր հասկանում, որ «Միայն զենքով կա հային փրկություն»: Այդ կարգախոսի թելադրանքով էլ Արթուրը կռվի դաշտում զբաղված էր մարտական խմբերի բանակումների կազմակերպմամբ, զենքի ձեռքբերմամբ: Ռազմադաշտում արդեն թրծված մարտիկ ու հրամանատար Արթուրը միշտ էլ կռիվների ամենաթեժ կետերում է եղել և միշտ` առաջին շարքում: Եվ որտեղ էլ նա մարտական ջոկատներ է ստեղծել ու կռվել ոսոխի դեմ` միշտ ամենադժվարին պահերին, ինչպես մարտական իր ընկերներն են վկայում` չի կորցրել իր կենսուրախությունը, խանդավառ վերաբերմունքը, զենքին տիրապետելու իր վարպետությունը:

Հակամարտության հենց առաջին օրերից արվեստագետ-մարտիկը կռիվներին մասնակցել է Երասխավանից Շահումյան, Գետաշենում, Բերդաձորում, Բուզլուխում, Սրխավենդում, Մարտակերտում, Լեսնոյում, Քարինտակում, Կրկժանում, Սղնախում: Մասնակցել է Շուշիի գրավմանը:

- Եվ փոթորկոտ, տեղատարափ անձրևի ներքո, Շուշիի գումարտակի լուսավոր ոգին, բոլորի սիրելի Արթուր Ղարիբյանը, ցավոք, հաջորդ առավոտյան ձյունածածկ Սրխավենդի մթին անտառում մահաբեր ականի պայթյունից մահացու վիրավոր ընկնում է` 25 տարին նոր բոլորած: Տողերն այս ընթերցում ենք հերոսին նվիրված` «Արծվի թռիչք էր նա» գրքում:

Արթուր Ղարիբյան շնորհաշատ արվեստագետը զոհվեց Հայրենիքի ազատագրության լույս ճանապարհին: Նրան մրցանակներ, շքանշաններ, կոչումներ տրվեցին նաև հետմահու. «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններ, Շուշիի ազատագրման պատվավոր մեդալ: Եվ ամենացնցողն այն էր, որ հերոսի ավարտական դիպլոմը ստացան աննկուն հրամանատար քանդակագործի ծնողները, ովքեր մինչ այդ ամեն օր արցունքներով խոնարհվել են նրա կերտած բազմաթիվ նկարների առաջ: Հատկապես այն գեղանկարի, որն Արթուրը գիշերվա իր տեսիլք-երազից հետո, չգիտես ինչու, առավոտյան առանց մորը վերջին անգամ հրաժեշտ տալու` կտավին էր հանձնել երազն իր և մեկնել ռազմաճակատ:…

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ