«Երկիրը»` երկրի մասին կարգախոսով «Երկիր-Մեդիան» 4 տարեկան է


«Երկիր-Մեդիա»-ն վերջերս տոնեց իր հիմնադրման չորրորդ տարեդարձը: Մերօրյա լրատվամիջոցների բազմազանության մեջ ինչո՞վ է առանձնանում այս լրատվամիջոցը, ո՞րն է համարում հրատապ լուծում պահանջող թիվ 1 խնդիրը: Ի վերջո, ո՞րն է հեռուստաընկերության առաքելությունը. սոսկ լրատվության ապահովում, թե՞ հասարակական կարծիք ձևավորելու ամբիոն: «Ավանգարդ»-ի հետ իր մտորումներն է կիսում «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. - Հեռուստաընկերությունը, բնականաբար, տարբերվում է տպագիր մամուլից և ռադիոյից: Իրենց ուղղություններով տարբեր են նաև հեռուստաընկերությունները: Դրանց մի մասի խնդիրը հասարակությանը զվարճալի, ավելի թեթև, մատչելի ծրագրեր մատուցելն է: Մեր հեռուստաընկերությունը հիմադրման հենց առաջին օրից առաջնորդվել է «Երկիրը` երկրի մասին» կարգախոսով, որը նշանակում է` մեզ համար երկիրն ամբողջ աշխարհն է: Իրականում մեզ վերապահված էր դժվար առաքելություն` և մրցակցության և հասարակության պահանջները բավարարելու առումով: Չէ՞ որ շատ ավելի դյուրամարս է թեթև ոճի սերիալներով ու բազմապիսի զվարճալի ծրագրերով եթերը, և շատ ավելի բարդ խնդիր է քաղաքականությանն ու հասարակությանը առնչվող հարցեր արծարծելը: Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր հեռուստաընկերության սեփականատերերի և 150 աշխատակից ունեցող կոլեկտիվի ջանքերի ու հետևողական աշխատանքի շնորհիվ «Երկիր-Մեդիան» երբևԷ չշեղվեց իր նախանշած ուղուց: Նույն հպարտությամբ կարող են նշել, որ մենք լրատվական թողարկումների ապահովմամբ (2 ժամը մեկ պարբերությամբ) կարող ենք առաջինը համարվել: Ի դեպ, միտում կա էլ ավելի ընդլայնել մեր ծրագրերը: Մենք հայ աշխատավոր մարդու կերպարի բացահայտման լուրջ խնդիր ունենք, ինչը, ցավոք, բացակայում է շատ լրատվամիջոցներում: Եթերում այսօր կարելի է հանդիպել ծաղրածուների, գողականների, գռեհկության, այլանդակության… Ի դեպ, խոսքը օտարերկրյա ֆիլմերի մասին չէ, այլ վերաբերում է հայկական ծրագրերին: - Ձեր հեռուստաեթերի ո՞ր ծրագրերը կցանկանայիք առանձնացնել: - «Եռման կետ». Անդրադարձներ` մեր հասարակության հիմնախնդիրներին, տեսակետների բախումներ ու բուռն քննարկումներ: «Հրապարակ». մի փայլուն հաղորդաշար, որտեղ մեր ժողովրդի պատմությանն ու գլոբալ հարցերին առնչվող խնդիրներ են արծարծվում: «Կիզակետ»-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մեկնաբանությունները այն թիվ 1 հարցը, որ գտնվել է հայաստանյան իրադարձությունների կիզակետում: Թող անհամեստություն չհամարվի, ցանկանում եմ նշել իմ հեղինակային «Նոր երկրի նախագահը» հաղորդաշարի մասին: Դա նորամուծություն էր եթերում: Մինչ 35 տարեկան երիտասարդները փորձում էին երկրի նախագահ ընտրվել: Ի տարբերություն Նախագահի իրական ընտրությունների, որտեղ միմյանց քարկոծելը, փնովելն ու ցեխոտելն էր ամեն ինչի հիմքում, մեր եթերում հեռուստադեբատներով հեռուստադիտողը քվեարկեց իր նախընտրած թեկնածուի օգտին: Այդպիսի ինտելեկտուալ մակարդակն ուղղակի նախանձելի էր: Մշակութային-հասարակական հաղորդաշարերից, ցանկանում եմ ընդգծել Հռիփսիմե Վարդանյանի (Գեղամյան) «Եվս մի հատոր» հաղորդաշարը: Ցավոք սրտի, Հռիփսիմեն այժմ Հայաստանում չի ապրում, բայց հուսով ենք, որ մի օր, կվերադառնա և կշարունակի մեր հանրաճանաչ մտավորականների մասին իր հաղորդումը, որտեղ հերոսները հենց իրենք են բացահայտում իրենց կյանքի չբացահայտված էջերը: - Ի՞նչ լսարան ունի «Երկիր-Մեդիան» և ո՞ր ծրագրերն են առավել հետաքրքրում հեռուստադիտողին: - Մեր լսարանը քաղաքականացված լսարան է. երիտասարդ և միջին սերունդը, մտավորականությունը և պաշտոնյաները, ովքեր շատ են վախենում «Երկիր-Մեդիայի» քննադատությունից: - Մեր լրատվական դաշտում արդյո՞ք, օրախնդիր է նոր լրատվամիջոցի ձևավորումը: - Եթե Հայաստանում առկա է, ապա դա օբյեկտիվության խնդիրն է: Քանի որ մեր երկիրը իր չափերով փոքր է և հասարակությունը շաղկապված է միմյանց, ուստի շատ հաճախ որևէ խնդրի անդրադառնալիս առնչվում ես սուբյեկտիվ գործոնների. պաշտոնյա, զանգ, խնդրանք… Եվ երբ կարողանում ես խուսափել այդ ամենից, թող անհամեստ չհնչի, դառնում ես հասարակության սիրելին: Ես կարծում եմ, որ մեր հասարակության գոնե քաղաքականացված լսարանի համար «Երկիր-Մեդիան» սիրելի հեռուստաընկերություն է: - Միգուցե շատերին հայտնի չէ, որ «Երկիր-Մեդիան» կայուն բազա է համարվում ապագա լրագրողների համար: Պրակտիկան անցնելուց հետո, նրանցից շատերը մնում են այստեղ աշխատելու: Ի՞նչ կասեիք այս մասին: - Հիրավի, ամեն ամիս տարբեր բուհերի տասից ավելի ուսանողներ իրենց պրակտիկան անց են կացնում մեր հեռուստաընկերությունում: Վերջերս նամակ էր ստացվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից, որով շնորհակալություն էր հայտնվում ուսանողների պրակտիկան պատշաճորեն կազմակերպելու համար: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր դռները մշտապես բաց են երիտասարդ սերնդի առջև…

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ