Ինչպես նախընտրական օրերին


Ճիշտ այդպիսին էր եռուզեռը Մարտունիում և Վարդենիսում` գարնան վերջին օրը: Գարնան վերջին օրը` ասել է թե երեխաների միջազգային օրվա նախօրյակին, որին հատկապես այս տարի հուզումով էին սպասում Հայաստանի հյուսիսային այդ բնակավայրերում և որին առանձնակի խնամքով էր նախապատրաստվել «Բարգավաճ Հայաստան»-ը: Կուսակցության` բարեսիրությունը գործելակերպ դարձրած նախագահը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով բազմանդամ երիտասարդ երեք ընտանիքների բնակարանամուտ նշելու վայելքն էր պարգևել: Եվ այլևս նրանցը դարձած այս բնակարանների սեփականության վկայականներն ու բանալիները հանձնելու արարողությունը կատարյալ տոն էր ոչ միայն Հակոբյան-Հասոյան, Մանուկյան և Նունեյան ընտանիքների համար: ԲՀԿ ներկայացուցիչների թվում հեռավոր մարզ էին մեկնել նաև «Մուլտի-Ագրո» Գ/Ա միավորման գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորուհիներ Նաիրա Զոհրաբյանն ու Գոհար Ենոքյանը և կուսակացության փոխնախագահ Սամվել Ադամյանը: Իսկ իրենց ընտրյալներին ընտրությունից ընտրություն հանդիպելու սովոր բնակիչները չէին կարող արարողատեղի չշտապել` իրենց հոգս ու ցավից խոսելու, առաջարկելու, պահանջելու… Մարտունեցիների թիվ 1 մտահոգությունը նախօրյակին տարածված լուրն էր, թե ծննդատունը տեղափոխվելու է Գավառ: Տարակուսած ու զայրացած` ընդվզում էին բոլորը: Խնդրին հնարավորինս արագ լուծում գտնելու իր սկզբունքին հավատարիմ Նաիրա Զոհրաբյանն իսկույն զանգահարում է Առողջապահության նախարարին և փարատում մարդկանց. մարտունեցի երեխաները այսուհետ ևս Մարտունիում կծնվեն: Ռոզա Ծառուկյանը, ում բոլորը ակնածանքով մայր ու ավագ քույր էին անվանում, ինքն էլ հուզված` փորձում է մեղմել իրեն երախտիքի խոսքերով դիմող հավաքվածների հուզմունքը. - Աստված մեզ հնարավորություն է տվել` այլոց օգտակար լինելու համար: Ի դեպ, նա չէր մոռացել քաղցրավենիքներ բերել նաև վարդենիսցի ու մարտունեցի մյուս երեխաների համար, ովքեր, վստահ էր` հավաքվելու էին արարողությանը ներկա մեծերի կողքին: Որդու և կուսակցության կանանց խորհրդի ջերմ բարեմաղթանքները հղելով բոլորին` Ռ. Ծառուկյանն ասում է. - Մեզ համար բարեգործությունը կյանքի իմաստ է դարձել: Հպարտ եմ, որ մայրն եմ այն հայորդու, ում համար բարի գործեր կատարելը դարձել է սուրբ պարտականություն: Կուսակցության ծրագրերը կյանքի կոչելու և իր խոստումներն իրագործելու, խոսքը գործի վերածելու համար Գագիկ Ծառուկյանը չի խնայում եռանդն ու միջոցները: Մեր ընտանիքում առանց աշխատելու ապրել չենք կարող ոչ մեկս: Իսկ աշխատանքի արդյունքը նեղյալի հետ կիսելը մեծագույն հաճույք է: Իմ խորին համոզմամբ` իրեն հարգող յուրաքանչյուր մարդ պետք է ունենա երեք կարևոր հատկանիշ. լինի աշխատասե°ր, բարի° և աննախա°նձ: Հետո ավելացնում է. - Այս փոքրիկ նվիրատվությունը անկեղծ սրտով է, բարով վայելեք: Այս բնակարանների բանալիները թող նաև երջանկության դուռ բացեն մեր հայրենակիցների համար: Ցանկանում եմ, որ մեր երկիրն իսկապես բարգավաճի, որ գալիք տարիներին ոչ մեկն այսպիսի նվերի կարիքը չունենա: * * * Ինը զավակների մայր է Քրիստինե Հակոբյանը: Հուզմունքը խեղդում է նրան. իր յոթ որդիների ու երկու դստրիկների հետ այսուհետ իրենց սեփական տանն են ապրելու: Արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի հայրն էլ, հավանաբար այսուհետ հայրենի Վարդենիսում կփորձի իրենց ապրուստը հոգալ: Իրենց կրտսեր որդուն Գագիկ են անվանել. ոչ միայն ի պատիվ բնակարան նվիրած Գագիկ Ծառուկյանի, այլև թաքուն հույսով, որ նա էլ իր անվանակրին կնմանվի: Եվ ոչ միայն այս մայրը. տարածաշրջանում մեծացող շատ մանչուկներ երազում են գործարար դառնալ` Գագիկ Ծառուկյանի նման: Երազում են կամ արդեն վստահ են, որ կդառնան ու իրենց մերձավորներին օգտակար կլինեն: Տա° Աստված, որ շենանա Հայոց տունը, և մեր լա°վ գալիքում վերանա անապահովությունը վանելու անհրաժեշտությունը: Որ մեր նախնիների երազած Երկիր դրախտավայրը, արժանապատիվ վայելչությամբ, աշխարհասփյուռ իր զավակներին ընդ հայրենյաց տանիք ժողովող ամենատաքուկ անկյունը դառնա: Տա° Աստված… Վարդենիսում այդօր երկու ընտանիք ըմբոշխնեց սեփական տանիք ունենալու վայելքը: Տասը զավակներ ունեցող Անդրանիկ Մանուկյանի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում, կրտսերը հազիվ 2 տարեկան է: Իսկ իրենց վեցերորդ զավակին սպասող Նունեյան ամուսիններն արդեն գիտեն, որ աղջիկ է ծնվելու և անունն էլ որոշել են` Ռոզա` ի պատիվ Ռոզա Ծառուկյանի… ԲՀԿ-ն տարածաշրջանում բարեսիրական այլ ձեռնարկումներով էլ է հանդես եկել: Եվ երախտիքի խոսքերը բազում էին ու սրտաբուխ: Անկեղծությունն, ասում են, մանկան շուրթերով է հնչում: Մարտունու քաղաքապետարանի մանկական կենտրոնի «Վերնատուն» ակումբի 12-ամյա սանուհի Դիանայի խոսքն, ասես ամփոփումն է բոլոր կարծիք-մաղթանքների` - Թո°ղ ձեզ նման մարդիկ շատ լինեն մեր երկրում: Թո°ղ զորանա և բարգավաճի մեր հայրենիքը…