ԱՀԱԶԱՆԳ

ՈՂՋԱԲԵՐԴԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է


 

Մենք հաճախ ենք դժգոհում, որ մեր տնտեսությունը հատկապես մարզերում չի զարգանում, որ տասնամյակներ շարունակ անլուծելի են մնում տնտեսությանն ու զբոսաշրջությանը վերաբերող շատ խնդիրներ: Անլուծելիությունը բացատրում ենք բյուջետային միջոցների սղությամբ: Սակայն այս դեպքում մեղավորը ոչ թե բյուջետային միջոցներն են, այլ` մտքի ու նախաձեռնությունների պակասը: Շատ քիչ բան է հարկավոր Հայաստանը զարգացնելու համար` համակողմանի ու խորքային տնտեսագիտական մտածողություն և համաշխարհային փորձի ուսումնասիրություն ու տեղայնացում: Ուրիշ ոչինչ:…

Այս օրերին ավելացել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների, հայրենիք եկող սփյուռքահայերի թիվը: Բնականաբար, շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվում Գառնին` աշխարհում հեթանոսական մշակույթի եզակի հուշարձաններից մեկը: Ու շատերն են կամենում տեսնել հելլենիստական շրջանի այս կոթողը, որը յուրատեսակ կամուրջ է ձևավորում իր և հունական ճարտարապետության միջև: Իսկ Գառնի տանող ճանապարհն էլ անցնում է Ողջաբերդ գյուղի միջով, որն էլ ծնում է բազմաթիվ անհանգստություններ ու տագնապներ: Հնամենի այս գյուղը հայտնվել է սահանքային գոտում և մոտ երկու տասնամյակ պարզապես «սահում է»` վտանգելով իր գոյությունը, սպառնալիք ներկայացնելով գյուղաբնակների համար: Վերջիններից շատերը հեռանում են այստեղից` փախուստ տալով իրական վտանգներից: Ճանապարհն ամբողջապես ավերված է, քանի որ, չնայած դեպքից դեպք կատարվող կոսմետիկ վերանորոգումներին, սահող հողն ավերում է ամեն ինչ` անանցանելի դարձնելով երթևեկությունը: Ինչպես վկայում են մասնագետները, չի բացառվում, որ սահող ճանապարհի պատճառով մի օր Գառնին հայտնվի մեկուսացման մեջ` կտրվելով դեպի իրեն բերող ճանապարհից: Ինչպես վկայում են տեղաբնակները, կառավարությունը որոշել է ոչ թե քայլեր ձեռնարկել գյուղի փրկության համար, այլ սահմանել է բնակելի շինությունների փոխհատուցման կարգ` հաստատված ՀՀ կառավարության 5 մարտի 1998 թ. N 58 որոշմամբ:

Դեռևս 1997 թվականին այս գյուղը ճանաչվել է աղետի գոտի, տարհանվել են դպրոցն ու նախակրթարանը, բուժկետը և տեղավորվել տնակներում: Սողանքներից փլված տների դիմաց գյուղի բնակիչներին փոխհատուցում է տրվել երկու փուլով, պայմանով, որ նրանք հեռանային վթարային տներից: 1998 թ. կառավարությունը գումար է հատկացրել 90 տնտեսության, 2004 թ.-ին` 27 տնտեսության: 2006 թ. փոխհատուցում ստացածների թիվը կազմել է 117: Գուցե սա համարվեր լուծում, եթե չլիներ շատ ողջաբերդցիների վճռականությունը` մնալ ու ապրել գյուղում, ուր բերքատու ծառեր կան, որտեղ կարելի է հակասողանքային աշխատանքների իրականացմամբ` հասնել խնդրի վերջնական լուծմանը: Գյուղն աղետի գոտի ճանաչելու և մարդկանց տեղահանելու մասին որոշում ընդունելով` ժամանակի իշխանությունները չեն մտածել Գառնու մասին, այն մասին, որ արդեն լքված գյուղը կարող է փակել ճանապարհը, պատնեշ հանդիսանալ զբոսաշրջությանը: Մենք տարածքային կառավարման նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ է արվում, որպեսզի Գառնին չկորցնի իր հանդեպ գոյություն ունեցող համընդհանուր հետաքրքրությունը: Ցավոք, այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չստացանք: Պատասխան չստացանք նաև Կոտայքի մարզպետարանից, որտեղ ակնհայտ անտեղյակություն է տիրում:

Մնում է հուսալ, որ կառավարությունն ու Ազգային ժողովը համատեղ կքննարկեն Գառնու հարցը, գուցե օրենք ընդունեն և յուրաքանչյուր տարի համապատասխան բյուջետային միջոցներ տրամադրեն Ողջաբերդի և Գառնու փրկության համար: Գուցե նաև վերջապես ռիսկի դիմեն և Գառնին ու նրա տարածքը վերածեն ազատ զբոսաշրջային գոտու` այստեղ բերելով ներդրողների: