Շեքսպիրյան հայկական թատրոնը Բրա°վո, Խանդիկյան...


Ժամանակի տիեզերական անսահմանության մեջ մի ակնթարթ տևող մարդկային անցողիկ կյանքի ունայնությունն են խորհրդանշում Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության ներկայացման առաջին համր տեսարանները Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում` իրենց երկրային կարճատև գոյության ընթացքում վաղնջական ժամանակներից ըստ էության շարունակ Սիզիփոսի քարն են տեղափոխում թե° ծաղրածուն, թե արքան… Բեմականացման հեղինակ Արմեն Խանդիկյանը, մինչև բուն պիեսին անդրադառնալը, մտահղացել է յուրօրինակ մի նախերգանք մարդկային հզոր կրքերի, Չարի և Բարու փոխներթա փանցման, հարատև պայքարի մասին հանճարեղ անգլիացու չհնացող պատմությանը£ Սկսվում է բեմական խորհրդանշական անսովոր եռուզեռ, որում ներգրավվում են ներկայացման մեջ ընդգրկված բոլոր դերակատարները` անսպասելիորեն անշարժանալով որոշակի դիրքերում£ Կիրառված կինեմատոգրաֆիական հնարքները, լուսային, գունային ու ձայնային էֆեկտները ուշագրավ ու իմաստալից են դարձնում այս ինքնատիպ նախերգանքը, ներկայացվելիք պատմությանը լավատեղյակ հանդիսատեսին ներշնչում, որ ինքը ականատեսն է լինելու գեղանկարչական խոհուն մտածողությամբ արված թատերական հանդիսության£ Շուտով գոհունակ ժպտում է նաև ավանդապահ հանդիսատեսը` սկսվում է ներկայացումն ըստ շեքսպիրյան տեքստի, և բեմական գործողությունը վայրկենապես ստանում է բնականոն ընթացք£ Նկատելի բեմադրական ինչ¬ինչ փոփոխությունները ամենևին չեն խաթարում հանրածանոթ ստեղծագործության հստակ ու խորը մեկնաբանությունը, դարերի խստապահանջ փորձությանը դիմագրաված ենթատեքստային խորունկ շերտերի բացահայտումն ու շեշտադրումը£ Փոքր¬ինչ այլ կերպ են ընկալվում վհուկները£ Որպես եթերային հմայիչ ոգիներ ներկայացնելով ավանդաբար որպես գարշելի արտաքինով արարածներ պատկերացվող վհուկներին, բեմադրիչը նրբանկատորեն սրել է հակադրամիասնությունը Գեղեցիկի ու Այլանդակի, Բարու ու Չարի միջև` այդպիսով հեռավոր զուգահեռ անցկացնելով սատանայի այդ սպասավորների և լեդի Մակբեթի միջև, միաժամանակ արտասովոր քնարականություն հաղորդելով ողբերգական իրադարձություններով ներծծված բեմական պատումին£ Այսօրվա հեռվից մանկամտություն կլիներ հավատալ այդ գերբնական արարածների ռեալականությանը, բայց և` մարդկային արատավոր էությանը միանգամայն բնորոշ են շեքսպիրյան վհուկների երբեմն արտառոց, հաճախ անհեթեթ, սակայն միշտ ստոր ու չարանենգ դրսևորումները, ձգտումներն ու երազանքները£ Եթե կուզեք, այդ վհուկները կամ ոգիները խտացումներն են մարդկանց ներթաքույց արգահատելի նկրտումների, որ իրենց հրեշավոր, անկանխատեսելի ողջ խորքով ի հայտ են գալիս արտակարգ հանգամանքներում` ապշահար անելով անխտիր ամենքին` ստնտուից մինչև ռազմի դաշտում բազմիցս փորձված զինակցին, երբեմն հենց իրենց` սատանայական կախարդական ոլորապտույտում ջանասիրաբար փառքի դափնիներ ու աննախադեպ երջանկություն որոնող մութ ուժերի «ակամա» ձեռնածուներին, որ գիտակցելով կամ կանխազգալով սեփական մոտալուտ կործանման անխուսափելիությունը, այդուհանդերձ չեն ապաշխարում, չեն փորձում փրկել, մաքրել իրենց երբեմնի բարի համբավը, անունը, հոգին այլանդակության զազրելի ժանգից… Բեմադրիչի կողմից գտնված է բանալին, որով ամենաընդհանրական, բնութագրական կողմերով անձնապես կերպավորվում են Մակբեթն (Արթուր Ութմազյան) ու իր չքնաղատես կինը (Լիլիթ Մեսրոպյան), նրանց մարդկային նկարագրերն ու պիեսի հիմնական ասելիքը համոզչականորեն ամբողջացնող մյուս բոլոր գործող անձանց կենսականորեն հիմնավորված բեմական մարմնավորումները£ Հնարամտորեն համակարգելով դերասանախմբի կատարողական ներուժը` Խանդիկյանը լեդի Մակբեթի ոգեղեն չարության տպավորիչ արտահայտչականությանը հասնում է` ընդգծելով նրա հոգեհարազատությունը Չարի ու Բարու միջև տարուբերվող անհատների փառասիրական կրքերը միտումնավոր բորբոքելով նրանց կործանման դատապարտող օդեղեն վհուկների հետ£ Լուիզա Ղամբարյանի, Նաիրա Շահիրյանի, Լուսինե Հարությունյանի ոգիները, Գոհար Իգիթյանի Հեկատեն, որ առաջին հայացքից հավերժահարսեր են թվում, իրենց բեմական դրսևորումներով մեծապես նպաստում են լեդի Մակբեթի նկարագրի ամբողջացմանը` Լիլիթ Մեսրոպյանի հետ միասին ստեղծելով գեղեցիկ կաղապարում ներամփոփված Չարի հավաքական կերպարը£ Այս յուրատեսակ հուշկապարիկների համերաշխ դաշնությամբ ու կախարդանքով Մակբեթի անչար էությունը հետևողականորեն նենգափոխվում է` իշխանատենչության ձգտումների անսպասելիորեն բավարարման երևութականությամբ շոյելով նրանում բռնկված անսահման փառասիրությունը, միաժամանակ նախապատրաստելով անփառունակ, շուտափույթ վախճանը` չարյաց հերթական խրախճանը£ Եվ կնոջ ու ոգիների չար կախարդանքով Դունկանի քունը մորթած Մակբեթը, որ ինքն իր արածից սոսկում է, շատ շուտով վերածվում է անսիրտ դահճի` արյունով ու խարդավանքով ձեռք բերած գահը պահպանելու մոլուցքով բռնված արյունռուշտ գազանի, որ իր երազած համեղ պատառը լիարժեք վայելելու համար անխնա հոշոտում է բոլոր ենթադրյալ հավակնորդ ներին` ինքն էլ իր ստոր կրքերի զոհը դառնալով£ Այսպիսին է Արթուր Ութմազյանի Մակբեթը£ Թող որ շեքսպիրյան հանրահայտ հերոսների ավանդական ստերեոտիպերից կառչած հանդիսատեսը ճանաչված դերասանի այս կերպավորումը ոչ մի կերպ չկամենա հարմարեցնել իր կաղապարված գնահատման չափանիշներին£ ՀՀ ժողովրդական արտիստի Մակբեթը հարազատ է շեքսպիրյան նկարագրին և հատկապես աչքի է ընկնում խոսքի հստակությամբ, որ միաձուլվելով հոգեբանական խաղի պոռթկումներին` որոշ կիզակետային դրվագներում յուրովի խորացնում է ներկայացման զգացական¬խոհական ընկալումը£ Կարևորը` առանց կեղծ պաթոսի ու լալկանության£ Իրենց խաղացած երկրորդական թվացող հերոսներին կարևորելու վարպետությամբ փայլում են Ռոբերտ Հարությունյանն (Դունկան) ու Հովհաննես Բաբախանյանը (Մակդուֆ)` ոչ մի կեղծ նոտա, անհարկի սեթևեթանք£ Բեմադրական խնդիրների համարժեք կերպարային զգացողությամբ են ներկայանում Ռուբեն Կարապետյանի Բանքոն, Գրիգոր Խաչատրյանի Մալկոլմը, Վահագն Գալստյանի ծաղրածուն, Էդուարդ Գասպարյանի մարդասպանը, Հովհաննես Թեքգյոզյանի լրաբերը…Շատերը£ …Հարգում եմ խորին ակնածանքը, որով Դրամատիկական թատրոնում վերաբերվում են Շեքսպիրին£ Մեծ ողբերգասացի երկերի բեմականացումների Հրաչյա Ղափլանյանի հաստատած («Ռիչարդ 3¬րդ», «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը») գեղեցիկ ավանդույթը պահպանելով` թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը («Համլետ», «Հուլիոս Կեսար», «Ռոմեո և Ջուլիետ») երբեք չնսեմացրեց Վերածննդի հսկայի գրական ժառանգության արժեքը, չփորձեց այդ գոհարները մասմասել` ծառայեցնելով դրանք իր բեմադրական քմահաճույքների բավարարմանը£ Հանրահայտ ողբերգությունները իր գեղագիտական նուրբ մտածողությամբ թատերականացնելիս կարողացավ դրանցում ճանաչելի դարձնել մերօրյա աղերսները, հնարամտորեն օգտագործել փոքր բեմը, ուղղորդել դերասանախմբի կատարողական ողջ պոտենցիալը շեքսպիրյան խորունկ խոհականությանը համարժեք կենսափիլիսոփայական մեծ ընդհանրացումների կենդանի, ներգործուն մարմնավորմանը` պատմական կոնկրետ ժամանակաշրջանի թատրոնական պատրանքն ապահովող բեմական միջավայրում£ «Մակբեթի» բեմադրությամբ հուսալիորեն ամրապնդվում են հայ թատրոնի շեքսպիրյան ավանդույթները, որոնց նկատմամբ, չգիտես ինչու, անարդարացիորեն մարել է այսօր գործող մյուս թատերախմբերի հետաքրքրությունը£ Բրա°վո, Խանդիկյան£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ