«Կալաշնիկովներն» արդեն պետք չեն


Հռչակավոր այս ինքնաձիգներն այլևս պետք չեն ռուսական բանակին` գրել է Le Monde¬ը` վկայակոչելով Պաշտպանության նախարարության պաշտոնական որոշումը` «Իժմաշ» գործարանին պատվերները դադարեցնելու վերաբերյալ: Նախ, այդ զենքի պաշարները տասն անգամ գերազանցում են բանակի կարիքները, բացի դա` լեգենդար կալաշնիկովներն արդեն չեն համապատասխանում արդի պահանջներին: Խորհրդային փառաբանված «Իժմաշ» գործարանը, որի միակ արտադրանքը հանրահայտ AK-47¬ն է, այսօր հայտնվել է ծանր վիճակում` անարդյունավետ կառավարման պատճառով: Իրավիճակը չի փրկում նույնիսկ այն իրողությունը, որ «կալաշնիկովների» 90 %¬ն օգտագործվում է մոլորակի «թեժ կետերում»: - Ռազմական տերություն լինելու իր կարգավիճակով մտահոգ Ռուսաստանը բանակը վերասարքավորելու և արդիականացնելու ծավալուն ծրագիր է մշակել: Մինչև 2020 թ. 474 միլիարդ եվրո կհատկացվի այդ նպատակով: Բայց ինչի՞ց սկսել: Արդյունաբերական ինֆրակառուցվածը հնացել է, որակավորված աշխատակիցների պակաս կա, նորարարությունները դանդաղ են իրականացվում,¬ հիմնավորում է լրագրող Մարի Ժեգոն: Իժևսկում նորությունը հանգիստ են ընդունել: Պաշտպանական արդյունաբերության աշխատողների համառուսաստանյան արհմիության նախագահ Գրիգոր Չեռնիխի հավաստմամբ` պետությունն արդեն վաղուց իրենց ոչինչ չի պատվիրում: Բարեբախտաբար կան այնպիսի հավատարիմ պատվիրատուներ, ինչպիսիք Վենեսուելան ու Ադրբեջանն են: Միևնույն ժամանակ` չի կարելի այս նորությունը հայտնել AK¬ի հորը` 91-ամյա Միխայիլ Կալաշնիկովին, ում համար դա կարող է չափազանց ծանր հարված լինել (գրել է Le Monde¬ը):