Միամիտ խաչագողը


 

Մի մարդ շուկայում կանգնած հիանում էր գեղեցիկ ծաղկամանում աճած մեծ ու փարթամ ֆիկուսով: Կյանքում այդքան գեղեցիկ ֆիկուսի ծառ չէր տեսել: Ուզում էր հեռանալ, հանկարծ մեկը հարցրեց.

- Ախպեր ջան, ապրանքդ ծախո՞ւ ա, ֆիկուսդ ի՞նչ արժե:

«Վաճառողը» երևի լոռեցի էր: Հիշեց Թումանյանի «Բարիկենդանը», մտածեց` ասեմ հա, տենանք ինչ ա դուրս գալիս:

- Հա, ախպեր, ծախու ա, ի՞նչ ես տալի: 4.800 տվել են, չեմ տվել, երևում է դու լավ մարդ ես, թխի գա` 5000:

Գնորդն էլ իր հերթին մտածեց` սա միամիտ լոռեցի ա երևում ու իր ուզած գինը տվեց: Առևտուրը կայանում է: Երկու կողմն էլ գոհ են. հատկապես «վաճառողը», որը փողն առանց հաշվելու ձեռքում պինդ պահած շտապ հեռանում է: Ֆիկուսի «տերը» կողքից բեռնակիրներ հրավիրեց, որ այն տուն տանեն: Այստեղ արդեն տանձ ու խնձոր վաճառողները խառնվեցին իրար`

- Ո՞ւր ես տանում, էհե˜յ...

- Ո՞նց թե, նոր առա, 5.000-ով:

Ծիծաղում են.

- Ո˜նց թե առար, էդ ո՞ւմ ես ուզում խաբել, սա մեր բազարի ֆիկուսն է:

- Ես էլ բազար եմ արել:

Շուկայական այս հեքիաթն ավարտվեց ոստիկանների միջամտությամբ: