Քարերը հավաքելու ժամանակն անցել է


Հանրապետության նախագահի ընտրություններ… Քաղաքական գործիչներից ոմանք զգուշացնում էին և այսօր էլ կրկնում են` դրսի ուժերը ջանում են աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող` տարածքով փոքրիկ մեր երկիրը ենթարկել իրենց շահերին, որոնք չեն համընկնում մեր ազգային ձգտումների հետ: Իրենց նպատակին հասնելու համար այդ նույն ուժերը պետք է փորձեին թուլացնել մեր պետությունը… Մեր իսկ ձեռքերով պառակտելով հասարակությանը: Մանրամասներին նորից չանդրադառնալով կրկնենք` դա չհաջողվեց 88-ին. այն ժամանակ ազգային զարթոնքն ու ինքնագիտակցությունն իրենց վերելքի գագաթնակետին էին… Այսօր բարձրաստիճան այրերը խոստովանում են` հասարակության մեջ փոքր չէ դժգոհների թիվը, ժողովրդավարության, բոլոր հարցերում ու բոլորի համար օրենքի գերակայության առումով, մեղմ ասած, շատ թերացումներ կան: Մեզանում դեռևս արմատավորված չէ այն գիտակցումը, որ ընդդիմությունը նույնպես քաղաքական համակարգի մաս է կազմում ու շատ կարևոր դեր ունի վերջինիս ամրապնդման ու առաջընթացի գործում: Այս բացը վերացնելուն էլ հենց ուղղված էր ընտրություններում հաջողության հասած Վարչապետի` համագործակցության առաջարկը: Այն արձագանք գտավ, ու ազգային համաձայնության կայացման շեմին էինք: Բայց… Լրագրողական գործունեությանս ընթացքում մի առիթով դիմեցի կառավարության անդամներին ու քաղաքական գործիչներին` «Մեր հասարակությունը հիվա՞նդ է»: Պատասխանն ընդհանուր առմամբ բացասական էր` «Ինչպե՞ս կարող է հասարակությունը հիվանդ լինել»: Դա մի քանի տարի առաջ էր. «տեցի կռուգներում» «բեզպրեդելի» հասած մաֆիոզ խմբավորումների «ռազբորկաներ», հասարակության խուսափողների` լրագրողների հանդեպ բռնարարքներ, նրանցից մեկի` Տիգրան Նաղդալյանի սպանություն… Պետությունն իր պարտքը, կարծես, կատարեց. հանցագործները պատժվեցին: Բայց այդ ամենի գլխավոր մեղավորը` մեզանում բուն դրած ընչաքաղցությունն ու ատելությունը մնաց… Այդպես էլ հասանք մեր օրերը: Գարնան առաջին օրվա իրադարձությունները վկայում են, որ տարիներ առաջ շատերիս հուզող հարցն այսօր էլ հրատապ է: Ցավոք, ստիպված ենք արձանագրել` վերը նշված դրսի ուժերին հաջողվեց արթնացնել մեր մեջ եղած ապաքաղաքացուն, ում համար սեփական ճշմարիտ շահ ասվածն անգամ գիտակցված չէ և առաջնորդվում է վայրագության բնազդով: Ստիպված ենք կրկին վերհիշել 88-ը: Այն ժամանակ Ազատության հրապարակում նույնիսկ կատակում էինք` գողերն էլ են գործադուլ անում: Իրոք, գողության, գրպանահատության դեպքեր չարձանագր վեցին: Իսկ լույս մարտի 2-ի գիշերը Երևանի մի հատվածում թագավորում էր վանդալիզմը: Պետությունը պետք է պաշտպանվեր և ստիպված` ուժի դիմեց: Ցավոք, զոհեր եղան: Իրականում կատարվածը մեր ճակատամարտն էր դրսի աներևույթ ուժերի դեմ: Այն, թերևս, չի ավարտվել. մեզանում ատելության սերմանումը չի ավարտվել: Ուժ կգտնե՞նք մեր մեջ` չտրվելու ատելության ու հակակրանքի` ամենակուլ որդին և աշխարհին, նաև ինքներս մեզ ապացուցելու, որ մեր ազգային նպատակներին հասնելու կամքին ոչինչ ի զորու չէ դիմակայել: Ուժ կգտնե՞նք, կկարողանա՞նք ազնվաբար խոստովանել, որ ամենամեծ մեղավորը իրենց հավատացողներին փորձության տանողների բնավորված ատելությունն ու ընչաքաղցությունն է… Քարերը հավաքելու ժամանակն անցել է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ