ԱՌԱՋ ՆԱՅԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը հետաքրքիր դրսևորումներով է արտահայտվում` ստանալով բավական ուշագրավ հանգուցալուծումներ: Թերևս, այլ կերպ չէր էլ կարող լինել, և փետրվարի 19-ին հաջորդող շաբաթը բոլոր կողմերի համար լիուլի բավարար էր` ավելի աչալուրջ հայացքով նոր իրողությունները գնահատելու, սեփական հնարավորութ յունները վերահաշվարկելու և ընդհանրապես նոր հայացքով ապագային նայելու համար: Մինչ այդ, սակայն, տեղին է անդրադառնալ ներքաղաքական կյանքում արձանագրված մի քանի կարևոր անցքերի: Քվեարկության արդյունքները, որքան էլ ոչ միայն սոցիոլոգների, այլ նաև հանրության գերակշիռ մասի սպասելիքների տեսքով արտահայտվեցին, այդուհանդերձ, փետրվարի 19-ին հաջորդող օրերն առանձնացան ԿԸՀ ներկայացրած տվյալները կասկածի տակ առնող դժգոհություններով, և, իբրև դրա հետևանք` թեթև լարվածությամբ: Սակայն, թե° վերահաշվարկի ենթարկված առանձին տեղամասերի արդյունքների անփոփոխ մնալու փաստը և թե° մինչ այդ շուրջ երկու հազար ընտրատեղամասերի գերակշիռ մասում քվեարկությունն ամփոփող արձանագրություններում բոլոր հանձնաժողովականների, այդ թվում նաև ընդդիմության ներկայացուցիչների ստորագրությունները վկայում էին, որ տեղամասերից ամենակասկածելիներում անգամ մեկ-երկու փոքրիկ անճշտությունից բացի ուրիշ ոչինչ հայտնաբերել չի հաջողվելու: Ասել է թե` Նախագահի արդեն նախկին թեկնածուներին ընտրական անհաջողության փաստի հետ հաշտվելուց բացի, ուրիշ ոչինչ չէր մնում անել: Եվ հանրահավաքային շարժումն էլ բացարձակապես չէր կարող փոխել իրերի դրությունը: Ուստիև անհրաժեշտ էր նոր հայացքով նայել ապագային: Ինչ խոսք, այս գործում իր կարևոր դերակատարությունն ունեցավ ներքին համերաշխության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված քարոզչական արշավը: Ինչպես նաև` քաղաքական ուժերի գերակշիռ մասի կողմից դրա կարևորության գիտակցումն ու համապատասխան կեցվածքի ու դիրքորոշման որդեգրումը: Հանրահավաքային տրամադրությունների հետևանքով հասունացող անկայունության դեմ լուրջ հակակշիռ փորձեց ստեղծել հատկապես հաղթած թեկնածուն: Նախորդ շաբաթ Հանրապետության հրապարակում հնչած ելույթում Սերժ Սարգսյանը դիմեց, թերևս, ամենաանսպասելի քայլին` Ազատության հրապարակից ծայր առնող թշնամանքի մթնոլորտում ձեռքսեղմում առաջարկելով նաև Լ. Տեր-Պետրոսյանին ու նրա կողմնակիցներին: Նման համագործակցության կարիք Սերժ Սարգսյանը հազիվ թե ունենար, բայց գերադասեց անկայունությունը համագործակցության վերափոխել: Ահա թե ինչու գործող վարչապետն շտապեց ուժերը մեկտեղելու, համերաշխության և երկխոսության կոչով դիմել թե° իր ոչ վաղ անցյալի մրցակիցներին և թե° արտախորհրդարանական ու այս ընտրություններում պասիվ դերակատարություն ունեցած քաղաքական ուժերին: Հաղթած թեկնածուն իր այդ քայլի նպատակն այսպես հիմավորեց. «Օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման»: Եթե հետընտրական լարված մթնոլորտի հանդարտեցումը ոչ միայն, բայց հատկապես Վարչապետն է անհրաժեշտություն համարում, ապա համագործակցության առաջարկը թերևս է°լ ավելի բարձր կարելի է գնահատել: Վերջին հաշվով, ընտրություններում հաջողության չհասած թեկնածուները, կամ գոնե նրանց մեծ մասը, բարեփոխումների կառուցողական ծրագրեր կյանքի կոչելու նպատակով էին մրցապայքարի դուրս ելել: Ընտրություններից հետո արդեն նրանց հնարավորությունների շաղկապումը առավել համակարգված կդարձնի առաջիկայում ձևավորվելիք իշխանության գործունեությունը: Հիրավի, առաջ նայելու ժամանակն է: