Բռնակալը` դպրոցական տետրերի շապիկներին


 

Ռուսաստանը կարծես ոչ մի կերպ չի կարողանում մեկընդմիշտ հրաժեշտ տալ Ստալինի ուրվականին: Որքան էլ զարմանալի է` բնակչության մի հատվածի շրջանում դեռ պաշտամունքի հետքեր գոյություն ունեն: Ասվածը վկայում են բռնակալի հիշատակը հավերժացնող վայրերը, ուխտագնացությունները, նրա մասին պատմող ֆիլմերն ու գրքերը: Օրերս Ստալինի նկարը հայտնվել է դպրոցական տետրերի շապիկներին, ինչը շփոթության մեջ է գցել շատերին: Նախաձեռնության հեղինակն ուկրաինական «Alt» հրատարակչութ յունն է, որը մաքուր խղճով Ստալինին դասել է իսկական մեծությունների շարքը` Կուտուզով, Ռախմանինով, Կառլով…: Դպրոցական տետրերի շապիկները զարդարող նկարում Ստալինը ներկայացված է իր ողջ «շուքով»` մեդալների ու շքանշանների փայլի մեջ: Ու թեև շապիկի վրա գրված է, որ նրա իշխանության օրոք գնդակահարվել է 640 հազար և աքսորվել շուրջ 2.5 միլիոն մարդ, ի հակադրություն այս փաստի` նշված է նաև, որ մեծ առաջնորդի ղեկավարման տարիներին ծաղկում է ապրել տնտեսությունը, իսկ բանակը ճանաչվել է հզորագույններից մեկն աշխարհում: Այս փաստն իսկական խառնաշփոթ է առաջացրել իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: Նրանք համոզված են, որ Ռուսաստանը պետք է մեկընդմիշտ հրաժեշտ տա իր անցյալի վիճահարույց դրվագներին, ինչպես վարվեց Գերմանիան: