Գիշերային մղձավանջներն օգտակա՞ր են


Ստեպ-ստեպ բոլոր մարդիկ ապրում են այդ մղձավանջները: Երազում, թեթև նիրհի ընթացքում, երբ թվում է քնած չես` հանկարծ սարսափելի ինչ-որ պատկերներից վեր ես թռչում… Ոչ մեկին հաճելի չեն «սարսափ»-երազները, բայց արի ու տես, որ գիշերային այդ տեսիլքները կարող են նաև օգտակար լինել մարդու հոգեկան առողջության համար:

Որոշ հետազոտողներ համոզված են, որ ծանր, վատ երազները հույզերը թոթափելու միջոց են, ինչն էլ օգնում է ձերբազատվել տագնապներից ու հոգեկան ցնցումներից (տեղեկացրել է turuΘuΘu.ru-ն):

Իրականում երազները մեզ անհանգստացնող և օրվա եռուզեռի մեջ մոռացության մատնվող խնդիրներն են, որոնք դաջվում են ենթագիտակցության մեջ: Նիրհող ուղեղը շարունակում է «վերամշակել» մեր անհանգստությունները, երազները` դրանք «ներկայացնելով» խորհրդանշական ինչ-որ պատկերներով:

Ըստ այս նոր տեսության հեղինակների` մղձավանջը մարդու ներքին տագնապներն ու վախերը դարձնում է սովորական հիշողություն: Այսինքն, քնած ժամանակ մի լա˜վ վախենում ես, լա˜վ տագնապում ու այլևս այդ սուր զգացողությունները քեզ չեն հետապնդում արթուն ժամանակ: Սրա մեջ կա մի ճշմարտություն. քնած թե արթմնի մեր մեջ կուտակված հոգու ցավը մեկ-երկու անգամ պոռթկում է լացի կամ վայնասունի տեսքով, որից հետո հոգին սկսում է խաղաղվել:

Սակայն այս տեսությունը չի տալիս կարևոր մեկ այլ հարցի պատասխան. մարդու ենթագիտակցությունը (որն էլ հենց ծնունդ է տալիս երազներին) նաև կանխատեսում կամ հուշում է անելիքը: Ասել է թե` երազները, այդ թվում նաև մղձավանջային, կարող են և կանխատեսում-հուշում լինել…