Քոչվորական բլեֆ` եվրոպական «փաթթոցով»


 

 

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ «ՌԱՊՍՈԴԻԱ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅԱՄԲ `

Անցյալ դարասկզբին եվրոպական տերություններից մեկը մերժեց օգնել ցեղասպանվող հայերին` «արդարանալով», թե իրենց նավերը չեն կարող հայոց լեռները բարձրանալ: Հիմա էլ մարդու իրավունքների մունետիկ եվրոպական ընտանիքի մեկ այլ անդամ եղերագործ մարդասպանին ազատություն բարեմաղթեց:

Քոչվոր ցեղախմբի ժանտ ստահակը սովորական մարդասպան չէ. կանխամտածված դաժանությամբ հոշոտել է հայ սպային: Այն էլ` Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպած դասընթացների ժամանակ: Ու ո՞նց չհեգնես. դասընթացները կրում էին «Գործընկե րություն հանուն խաղաղության» հավակնոտ անվանումը: Երևում է` պաշտոնական Բուդապեշտը դեռ չի ձերբազատվել միակողմանի այդ «գործընկերությունից»: Երկրորդ հայ սպան էլ միայն երջանիկ պատահականությամբ է փրկվել: Բայց որևէ խոսք չեղավ այդ դասընթացների կազմակերպիչ ՆԱՏՕ-ի և հրավիրյալներին ընդունած Հունգարիայի պատասխանատվության, ինչու չէ` նաև փոխհատուց ման մասին: Քաղաքակիրթ այս երկիրը չմտածեց անգամ` գոնե բառերով մեղանչել. իսկ ամեն նորմալ տանտեր պատասխանատու է իր հյուրի կյանքի համար: Դատավարության ընթացքն ու դատավճիռը, սակայն, կարծես մեղմեցին այս հարցադրումների սրությունը: Հունգարական արդարադատությունն, այո, մնաց անկաշառության բարձունքում, բայց նույն երկրի իշխանություններին շլացրեց հայի արյամբ շաղախված նավթադոլարների փայլը: Այսօր էլ չքմեղանում են, թե ադրբեջանցիներն իրենց խաբել են` իբր խոստանալով, որ այսպես կոչված` արտահանձնումից հետո ռամիլսաֆարով-վիժվածքին կալանավայրում են պահելու: Խաբելը խուժանի, ելուզակի փեշակն է (Եվրոպան էլ` մարդու իրավունքների պաշտպան), իսկ խաբվելը կա´մ կարճամտության, կա´մ շահամոլության արդյունք է: Այս պարագայում` կաշառասիրության:

Ասում են` այս միջադեպը «բացեց աշխարհի աչքերը», և բոլորը ճանաչեցին Ադրբեջանի իրական դեմքը:

Աշխարհի աչքերը երբեք փակ չեն եղել: Մանավանդ` այս առնչությամբ, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից անմիջապես հետո ոճրագործն իր երկրում ազգային հերոս էր հռչակվում, և խաշնարածի հրճվանքով հեյդարօղլին նրան ազատություն էր խոստանում:

Սա իր խոստումը պահեց: Այլ խնդիր է` արնախում «հերոսի» համար ի՞ր երկրում է ապահով, թե՞ «խաբված» Հունգարիայում:

Ավելի կարևոր մի հարցադրում էլ կա. ինչո՞ւ հատկապես հիմա, երբ մեր տարածաշրջանում իրավիճակն այնքա˜ն փխրուն է, որ ցանկացած կայծ կարող է անշիջանելի բոցեր բռնկել: Վերջին հաշվով` քանի˜ պայթյունավտանգ շահեր են այս պահին բախվում Այսրկովկասում: Աշխարհաքաղաքական խաղերում պատահական զուգադիպություններ չեն լինում: Ինչո՞ւ բացառել դիցուք պարզունակ այսպիսի մի սցենար. ռամիլսաֆարով-ստահակը սպանվում է իր իսկ հոտի ձեռքով, ու հենց իրենք էլ վայնասուն են բարձրացնում, թե «Ադրբեջանի 20 %-ը բռնագրաված հայերի ձեռքով սատակել է իրենց ազգային հերոսը»: Հրահրողների պակաս հաստա´տ չի զգացվի, և կթեժանան սահմանային բախումները: Իսկ այդ կրակից քանի˜ շագանակ հանող կհայտնվի: Մանավանդ` նրանցից ոչ մեկի ձեռքերը չեն այրվելու այդ կրակում:

Աշխարհաքաղաքական մթնոլորտը ձևավորող տերություններից միայն Միացյալ Նահանգների նախագահն անհապաղ արձագանքեց կատարվածին, և նրա անկեղծությունն ինքնաբուխ էր, շիտակ, պայմանականություններից զերծ: Ամենակարևորը տարանջատվեցին հակամարտության կողմերը և Ադրբեջանի վարքագիծը կոնկրետ որակում ստացավ: Մյուսների հապաղումն ինչո՞վ բացատրել. ժամանակ չունեի՞ն, թե՞ ետնաբեմային հստակեցումներ էին կատարում: Կատարվածը միայն հայ-ադրբեջանական խնդիր չէր. ուրեմն...

Բավական ընդգրկուն էր ՀՀ նախագահի հակիրճ խոսքը` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Գնահատականը հստակ է, վճռականությունն` անթաքույց, և համարժեք պատասխանը երկար չի սպասեցնի: Եթե մեզ թույլ տանք շա˜տ մեծ լավատեսությամբ համակվել, գուցե նույնիսկ անշահախնդիր վերաբերմունք ակնկալենք թեկուզ նույն եվրաընտանի քից: Օրինակ, Ադրբեջանից «խաբված» Հունգարիան և մարդու իրավունքների ջատագով մի քանի այլ երկրներ վերջապես վերցնում ու ճանաչում են Ղարաբաղի անկախությունը` որպես սպեղանի բռնաբարված արդարությանը: Բայց սեփական տառապանքի փորձով մենք այնքա˜ն իրատես ենք արդեն:

Քոչվոր մեր դրկիցների վերջին խեղկատակության առնչությամբ հնչած տեսակետներից տպավորիչ էր հատկապես այն կարծիքը, թե կատարվածը լավագույնս հիմնավորում է այն, որ հայասպանին հերոսացնող երկիրը չի´ կարող հայաբնակ Արցախի անվտանգութ յան երաշխավորը լինել: «Տարածքային ամբողջականությունից» բարբաջողների քիմքին որքան էլ անհաճո, բայց հիմնավոր փաստարկ է սա. առավել ևս` ինքնորոշված 20-ամյա պետության պարագայում: