Համակրանք չվայելող Օլանդը 


 

1981 թվականից հետո ֆրանսիական նախագահներից ամենաքիչ ժողովրդականություն ունեցողը կամ հասարակական համակրանք չվայելողը Ֆրանսուա Օլանդն է: Այսպիսի եզրակացության է հանգեցրել սոցհարցման արդյունքը: Պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում Ֆրանսիայի գործող առաջնորդի վարկանիշը նվազել է մինչև 30 %:

Իրենց համակրանքի ու վստահության քվեն սոցիալիստ-նախագահին տված ֆրանսիացիներն աստիճանաբար ավելի քիչ են հավատում, որ իրենց ընտրյալը կարող է լուծել երկրի հիմնախնդիրները: Այդ հիմնախնդիրներից հարցվածներն ընդգծել են շարունակվող տնտեսական ճգնաժամը, արտադրության կրճատումը և գործազրկության բարձր մակարդակը:

BlooΗberg գործակալության տվյալներով` ներկայումս Ֆրանսիայում 3,17 միլիոն գործազուրկ կա: Գործազրկության բարձրակետն այստեղ գրանցվել է 1997 թ. հունվարին, երբ գործազուրկ է եղել 3,21 միլիոն մարդ:

Ֆրանսիայի համար հուսադրող չեն նաև Եվրահանձնաժողովի կանխատեսումները: Սպասվում է, որ երկրի տնտեսությունն այս տարի ընդամենը 0,1 % աճ կարձանագրի, թեև իշխանությունները նպատակամղված են 0,8 % ապահովել: Իսկ գործազրկության վերաբերյալ կանխատեսումն ավելի տագնապալի է. այն ոչ միայն չի նվազել, այլ կավելանա ևս 10,7 %-ով:

5 կետով իջել և 28 % է դարձել նաև պետության վարչապետ Ժան-Մարկ Էյրոյի վարկանիշը:

Օրեր առաջ` փետրվարի 21-25-ին հարցումներն անցկացրել է TNS-Sofres գործակալությունը` 1000 հարցվողի մասնակցությամբ: