ՏՈՆ, ՈՐ ՀԱԳՆՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԴԵՐՁԸ


«Նորաձևություն 2011» Բարի ավանդույթ դարձած ամենամյա մրցույթ-հանդեսին այս անգամ մասնակցում էին Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողները` ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների ավելի քան 200 նմուշ` նորաձևության տարբեր ոճերում: Անցկացվեց մրցույթ` յոթ անվանակարգերում` առօրյա, մանկական, կոկտեյլային, ազգային ոճերում, ինչպես նաև լավագույն կերպարային լուծում, լավագույն գունային համադրություն: Ժյուրին, որի կազմում էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ, ընտրելու էին տարվա ոգուն համահունչ, նորաձևության աշխարհի չափանիշներին համապատասխանող ստեղծագործությունները: - Ժյուրին ընտրելու էր լավագույն նմուշները, որոնք էլ հետագայում կարող են ներկայացվել տարբեր միջազգային մրցույթների: Ընտրված նմուշները տեղադրվելու են նաև քոլեջի ինտերնետային կայքում (www.slic.am),- ասաց քոլեջի տնօրեն Ս.Քոչարյանը:- Այս ցուցադրությունը նպաստում է նաև ուսանողների համար աշխատանք գտնելու հարցում: Այն մի տեսակ ստուգատես-մրցույթ է: Ժամանակակից տեխնոլոգիաները քոլեջի ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալ հռչակավոր մոդելյորների աշխատանքներին: 2011 թվականի գարուն-ամառ հավաքածուն աչքի էր ընկնում նրբաճաշակությամբ, գունային անցումներով, ծաղկային թեմատիկայով: Իսկ տարվա խորհրդանիշ նապաստակը թելադրում է իր փայլը` արծաթագույնի և ոսկեգույնի, բաց մոխրագույնի նրբերանգներով: Միջոցառմանը հրավիրված էին ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, միջին մասնագիտական կրթության համակարգի հետ համագործակ ցող գործատուներ, գործարարներ, քոլեջների, հանրակրթական դպրոցների տնօրեններ, արվեստագետներ: Մրցույթին ողջունելու էին եկել գործընկեր կրթօջախների` Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի ուսանող -մոդելյորները: Մանկական ոճի հագուստի ցուցադրմանը երգի կենդանի հնչողությամբ մասնակցեց «Նոր ալիք» միջազգային փառատոնի կիսաեզրափակիչում լավագույնը ճանաչված Լիդա Առաքելյանը` Լիդուշիկը: Հաջողություն մաղթենք քոլեջի տնօրեն Ս. Քոչարյանին, դասախոսներին և շնորհաշատ ուսանողներին` հետագայում ստեղծագործական նորանոր մտահղացումների ակնկալիքով:

Անահիտ ԽԱՆՈՒՄՅԱՆ