ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆՆ այն մարդկանցից է, ում ճանաչում են և´ Հայաստանում, և´ երկրի սահմաններից դուրս: Նրա հայտնությունը մարդկանց ժպիտ է պարգևում, նրա ներկայությունը ստիպում է շատերին լրջանալ` իրենց կողքին զգալով նշանավոր արվեստագետի քննախույզ հայացքը: Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերն ուրախություն են ծնում, երկար մնում մարդկանց հիշողություններում: - Պարոն Մանարյան, հենց կինոդերերից էլ սկսենք, որոնք համաժողովրդական սիրո են արժանացել: Ձեր մի շարք հերոսների արտահայտություններ թևավոր են դարձել: Ո՞րն է Ձեր ամենասիրած կինոդերը և ինչո՞ւ: - Մի շատ հին ու ծամծմված պատասխան եմ տալու. ծնողի համար իր ո՞ր զավակն է ամենասիրելին… Պատասխանը միանշանակ է` բոլորը: Ինձ համար էլ իմ բոլոր կինոդերերը սիրելի են, որովհետև առանց սիրելու կերպարը` չեմ նկարահանվել: Եթե ընտրություն չկատարեի, ապա շատ ավելի նկարահանված կլինեի: Բայց ես պիտի սիրեմ իմ հերոսին, պիտի նրա հետ մտերմանամ… Իհարկե, կարող եմ առանձնացնել Երվանդը` «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում: Ոչ այն պատճառով, որ այդ հերոսին բոլորից շատ եմ սիրում: Պարզապես Երվանդն ամենաերջանիկներից դարձավ, որովհետև այդ ֆիլմը գրեթե չի իջնում հեռուստաէկրանից: Մարդիկ սիրում են ֆիլմը, որը երբեք չի հնանում: Իսկ չի հնանում, որովհետև ազնիվ է, մաքուր, հավերժական թեմայի վրա է հենված: Նաև` հրաշալի դերասաններ են նկարահանվել: Ես կյանքում բնավ նման չեմ Երվանդին, որովհետև այլ կերպ եմ ապրում, այլ է իմ բնավորությունը… Բայց բազմաթիվ մարդկանց եմ ճանաչել, ովքեր նման են եղել Երվանդին: Ուրեմն, ձգտել եմ հավաքական կերպար ստեղծել: - Հավաքական կերպար արտահայտությունը հենց տիպականացմանն է վերաբերում: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա, այսպես ասած, «հավաքական կերպարներին», որոնց մատուցում են տարբեր հեռուստասերիալներ: - Հավատացեք, որ սերիալներ չեմ նայում: Ի սկզբանե լուրջ վերաբերմունք չեմ ունեցել դրանց հանդեպ: Չնայած, չեմ էլ դատապարտում, որովհետև դա «զանգվածային մշակույթ» է, ուրեմն ունի իր պահանջարկը: Բայց գիտեմ, որ եթեր են գալիս ինչ-որ տիպեր, որոնք իրենց համակրողներն ունեն: Գուցե դրանք էլ որոշակի խավերի, որոշակի տեսակների հավաքականությունն են, որոնց ես չեմ կարող ընդունել: Արվեստը մաքրագործող ուժ պիտի ունենա, անգամ վատն ու այպանելին պատկերելիս` պետք է այնպես անել, որ դատապարտվի այն, մարդիկ տեսնեն, որ նմանները չեն կարող հասարակության դեմք ու դիմագիծ ներկայացնել: Իսկ մեզ մոտ հակառակն են անում…Էհ, այդպես է ստացվել, այդպես են այսօր մտածում: Դա մեր բոլորի ցավն է: - Ձեզ հիմնականում կատակերգակ դերասան են ճանաչում, որովհետև Ձեր հերոսները հայտնվում են կատակերգական իրավիճակներում, ունեն նման բնութագրեր: Հե՞շտ է խաղալ այդ նկարագրի հերոսների: - Կատակերգությունն ամենաբարդ ժանրն է: Դրա հմայքը ներքին լրջությունն ու կենտրոնացվածությունն է: Ես սիրում եմ մարդկանց նայել նրանց ծիծաղելի կողմից, գտնել այն, ինչը կարելի է հեգնել, ինչը ծիծաղելի է դարձնում նրանց: Ես փաղաքշանքով եմ վերաբերվում այդպիսի մարդկանց, նրանց ծիծաղելիության մեջ նաև նրանց խեղճությունն եմ տեսնում… Հիմա կատակերգության ժանրը նույնպես չափազանց հասարակացվել ու էժանացվել է: Շատ հումորիստներ են ի հայտ եկել, բազմաթիվ կատակերգակներ… Նրանց մեջ կան տաղանդավոր մարդիկ, կան շնորհալի անուններ, բայց, ընդհանուր առմամբ, տխրում եմ շատերին նայելիս, որովհետև միմոսությունը կապ չունի կատակերգության հետ: Հիշենք Մհեր Մկրտչյանին, Կարպ Խաչվանքյանին, էլ չեմ ասում` Թաթիկ Սարյանին: Նրանց արվեստի հմայքը բարձր պրոֆեսիոնալիզմի և մեծ լրջության մեջ էր: Ճիգ ու ջանք չէին թափում մարդկանց ծիծաղ պարգևելու համար: Իսկ հիմա ոմանք գերխնդիր են համարում ծիծաղեցնելը և ամեն ինչ անում են` ծիծաղ կորզելու համար: Դա լավ չէ: - Երվանդ Մանարյան դերասանին գիտեն բոլորը, բայց քչերն են ծանոթ նրա կենսագրությանը: - Հասկացա: Ծնվել եմ Իրանում և Հայաստան եմ գաղթել 1946-ին: Ինձ հետ Հայաստան եկան Հովհաննես Բադալյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, Աբիգ Ավագյանը, Իշխան Ղարիբյանը: Ցավոք, ես հիմա մենակ եմ մնացել: Սովորել եմ Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում, ուսանել եմ Լևոն Քալանթարին: 1952-ին, որպես դիպլոմային աշխատանք` բեմադրել եմ Մոլիերի «Տարտյուֆը»: Իսկ հետո կյանքն ինձ Վիեննա տարավ: Այստեղ գտա պոլսահայ մի տաղանդավոր երիտասարդի` Արման Վարդանյանին, ում հետ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը բեմադրեցինք: Դե, դու Արմանին լավ գիտես, նրա մասին երկու գիրք ես գրել: Նա հետո հայտնվեց թուրքական բանտում, իսկ այսօր նշանավոր թատերագիր է… Վիեննայից վերադարձա Սովետական Միություն, աշխատանքի անցա Տիկնիկային թատրոնում, որը ես վերաբացեցի: Հետո իմ դեմ հարձակումներ եղան, գաղափարախոսական արգելքներ դրվեցին… Դաժան օրեր եմ ապրել, ծանր օրեր… Բայց թատրոնից չեմ հեռացել: Ես գրեթե աքսորվեցի Երևանից, ուստի գնացի Գորիս, ղեկավարեցի Դրամատիկական թատրոնը, միաժամանակ ստեղծեցի տիկնիկային թատրոն… Տիկնիկներն իմ հավերժական ուղեկիցներն են, առանց նրանց ես չեմ ապրում: Հիմա էլ ստեղծել եմ «Ագուլիս» տիկնիկայինը: - Իսկ ինչու՞ Ագուլիս: - Իմ նախնիները ագուլիսցիներ են, նախիջևանցիներ: Մորս կողմից պապս նշանավոր աշուղ էր, երգասաց… Ես ուզեցի կարոտիս անունը տալ թատրոնին: Այդ կարոտով ապրում էին իմ ծնողները, հարազատները… - Հիմա նորից ենք մենք հայացք հառում Նախիջևանին, խոսում նրա մասին, նաև` պայքարի դրսևորումներ ի հայտ բերում: - Չէի ասի, թե ուշացած է մեր հետաքրքրությունը, բայց մենք ժամանակի մեջ շատ բան կորցրեցինք: Նաև` խանգարեցին մեզ, մեր փոխարեն` ուրիշները որոշումներ կայացրեցին: Բայց ուրախ եմ, որ արդեն հրապարակի վրա գրքեր կան, ուսումնասիրություններ կան, քաղաքական հետաքրքրության դաշտում է հայտնվել Նախիջևանը: Հուսով եմ, որ հայության արդար պահանջները մի օր կարձագանքվեն, արդարությունը կվերականգնվի: - Դուք այսօր մեր մտավորականության նահապետներից մեկն եք, նշանավոր արվեստագետ: Ի՞նչ հորդորներ ունեք հատկապես մեր երիտասարդությանը: - Սիրել հայրենիքը: Սա է իմ միակ հորդորը: Հայրենասիրությունը հոգու պարտադրանք է, հոգու պահանջ: Եթե անկեղծորեն սիրենք մեր հայրենիքը, շուտ կհասնենք նրա բարօրությանը, նրա հաղթանակներին: Իսկ մեզ հաղթանակներ շատ են պետք: Պարտություններ ունեցած ժողովուրդը դատապարտված է հաղթանակներ նշելու: