ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ


Հաղթող դուրս գալ քարոզչական պատերազմում. ահա նաև սա է լինելու Նախագահի ընտրություններին մասնակցել պատրաստվող կողմերի հիմնական նպատակներից մեկը: Խնդիրը նոր չէ: Ավելին, քարոզչական նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մեր երկրում տեղի ունեցած բոլոր նախորդ ընտրություններում կարևոր դերակատարություն է ունեցել: Այլ հարց է, որ, կախված ինչ-ինչ հանգամանքներից` այս գործում տարբեր ուժերի և գործիչների հմտություններն ու անելիքները երբեմն ավելի են կարևորվում: Ահավասիկ, Նախագահի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մասի մեկնարկին դեռ ժամանակ կա, բայց ներքաղաքական իրադարձությունների նախորդ շաբաթվա ողջ խճանկարը արդեն ներկայանում է գերազանցապես հակաքարոզչության համատեքստում: Իսկ չհայտարարված հակամարտությունը ավելի ամփոփ այսպես կարելի է բնորոշել. «Բոլորն ընդդեմ բոլորի»: Անբնական «փոթորիկի» հիմնական շարժառիթը, կարծում ենք, պարզ է. Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հնչած մտքերի հետ համաձայնելն անհնարին լինելու չափ բարդ է, չարձագանքելը` դժվար: Ամբողջ հետաքրքրությունն այն է, որ այս դեպքում պարզապես համեմատելու հնարավորություն կա: Մինչև վերջերս եղած ընդդիմությունը անդադար պնդում էր, թե իշխանությունը վատն է, իշխանափոխություն է պետք, բայց ոչ առաջարկելու բան ուներ, ոչ էլ, առավել ևս` համեմատելու: Իսկ տվյալ պարագայում ամբողջ «գաղտնիքը» հենց նախկին և ներկա ժամանակների տարբերությունն է, երբ երկու կողմն էլ փորձում է ավելի վառ գույներով ներկայացնել իր իշխանության տարիների ձեռքբերումները, բացթողումների համար օբյեկտիվ պատճառաբանություններ ներկայացնել, իհարկե, անվերապահորեն նախապատվությունը տալով սեփական ղեկավարման տարիներին: Ինչ խոսք, նախկին և ներկա նախագահների օգնությամբ չէ, որ հասարակությունը կկարողանա հին ու նոր ժամանակների տարբերությունները նկատել: Հատկապես վերջին օրերին շատ է խոսվել իրարից խիստ տարբեր այն երկու ժամանակների մասին, որոնք պարզապես անհնար է կողք-կողքի պատկերացնել: Նման իրավիճակում, բնականաբար, առաջ է գալիս ժամանակները զուգահեռելու նպատակահարմարության հարցը: Միանգամից նշենք, որ իշխանությունը պարզապես միտումնավոր կերպով հիշողությունը կորցրած նախկիններին հեռուստա կադրերով կամ թերթային հրապարակումներով առանձին դրվագներ է հիշեցնում` հույսով, թե, ինչպես ասում են, փաստերի ճնշման ներքո նախկիններն իրենք իրենց կարգի կհրավիրեն: Բայց ակնհայտորեն ամնեզիայից նրանց դուրս բերելու հույսերը փոքր են, և աստիճանաբար ակներև է դառնում, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը հարուստ հակաքարոզչական զինանոցով են ընտրապայքարի դուրս եկել: Ըստ ամենայնի` նրանց զսպելը դյուրին գործ չի լինելու, ուստիև իշխանությանը ուրիշ ոչինչ չի մնում, քան` հակաքարոզչությանը հակաքարոզ չությամբ հակադարձել: Անվիճելի է, որ հակազդման ծրագիր գործող իշխանությունը մինչև վերջերս չի ունեցել: Դեռ մի քանի շաբաթ առաջ Ռ. Քոչարյանը հիշեցնելով, որ ինքը Լ. Տեր-Պետրոսյանի անձին չի անդրադարձել` համարելով, թե առաջին Նախագահի պաշտոնը ցանկալի է, որ այդպես էլ խորհրդավորությամբ պարուրված մնա: Ավելի թափանցիկ ակնարկ հակաքարոզչության խայծին չտրվելու իր որոշման մասին դժվար էր պատկերացնել: Այսուհանդերձ, այսօր արդեն նույնքան դժվար է լռելը, քանի որ մյուս ճամբարից է առաջին քարը նետվել: Կարելի է կարծել, թե դրամատիկ իրադարձությունները դեռ առջևում են: Բայց եթե մինչև վերջերս այս իմաստով գործող ընդդիմությունն անխոցելի էր, քանի որ ոչինչ չէր արել և ոչնչի համար պատասխանատվություն չէր կրում, ապա նախկինների գործունեության մերկացումը իսկապես մեծ ջանքեր չի պահանջում: Սրանով հանդերձ` մնում է զարմանալ վերջիններիս «միամտության» և պարզունակ հաշվարկներից չհրաժարվելու անփոփոխ սովորույթի վրա, քանի որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին վերաբերող ցանկացած անդրադարձ խոսում է ի վնաս նախկինների: