Եվ ի՞նչ կպատմի Սահակաշվիլին


 

«Վրացական երազանքը» երկրի խորհրդարանում ծանուցել է նոր հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: Այն ուսումնասիրելու է Սահակաշվիլու իշխանավարման ընթացքում կատարված հանցագործությունները: Բնականաբար` աղմկահարույց հանցագործությունները, որոնց թվում և վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահն է:

Գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին էլ հայտարարել է, որ շուտով կվերսկսվի այդ գործի հետաքննությունը:

- Կհարցաքննենք բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես առնչվում են դրա հետ,- ընդգծել է նա:

Արդեն կազմված է հարցաքննվողների ցուցակը: Դրանում ընդգրկված են նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Բարամիձեի և նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անունները (տեղեկացրել է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը):

Հիշեցնենք, որ Ժվանիային մեռած էին գտել թբիլիսյան իր բնակարանում` 2005 թ. փետրվարի 3-ին: Ըստ պաշտոնական եզրակացության` մահվան պատճառը դժբախտ պատահարն էր` թունավորում շմոլ գազից: Սակայն որոշ ընդդիմադիրներ ի սկզբանե պնդում էին, որ դա սպանություն է և երկրի նախագահին էլ համարում էին դրա պատվիրատուն:

Վրաց երբեմնի առաջնորդ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, որ Ժվանիան «շատ մեծ հնարավորություն ուներ` նախագահի պաշտոնում փոխարինելու Սահակաշվիլիին»: Իսկ Ժվանիայի եղբայրը` Գեորգին, համոզմունք էր հայտնել, որ Սահակաշվիլին անձամբ է ղեկավարել նրա մահվան բեմականացումը, որն իրագործվել է Վանո Մերաբիշվիլիի (այն ժամանակ` ՆԳ նախարար), արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի և ներկայիս խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Բարամիձեի ձեռքով:

Շուրջ 8 տարի անավարտ է մնում այս գործի հետաքննությունը: Ասել է թե` մինչ օրս չի հիմնավորվել «դժբախտ պատահար» վարկածը, ինչը նշանակում է, որ հիմնովին չեն հերքվել նաև կանխամտածված սպանություն լինելու կասկածները: