«24/04» համաշխարհային նվագախումբը


Հայոց ցեղասպանության ճանաչման նախանձախնդրությամբ ՀՀ մայրաքաղաքում յուրատիպ` «24/04» համաշխարհային նվագախումբ ձևավորեցին աշխարհի 43 երկրներից ժամանած 120 երաժիշտներ: Մեր օպերայինի լեփլեցուն հանդիսասրահում դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոյի, Սերգեյ Սմբատյանի, Հովհաննես Չեքիջյանի և Միխայիլ Յուրովսկու իրարահաջորդ ղեկավարությամբ գոտեպնդեցին հայաստանցի արվեստասերներին «Վերածնունդ» խորհրդանշական խորագրով ձևավորված հանրածանոթ երկացանկի նորահմա մեկնաբանություններով:

- Ես ծնվել եմ Մեծ Հայրենականի հաղթանակի տարում,- «օրվա բանախոսներ» Մարչիանոյի և Չեքիջյանի ելույթները զուսպ արտահայտչականությամբ հանրագու մարեց Յուրովսկին:- Հաղթանակ, որին խորհրդային հարյուրավոր ազգերն ու ազգությունները հասան գերմանական ֆաշիզմի դեմ անձնվեր պայքարով: Վաստակած արժանավորությամբ նրանք մայիսի 9-ին տոնելու են միլիոնավոր մարդկային կյանքեր արժեցած պատմական այդ կարևորագույն հաղթանակի 70-ամյա փառապանծ հոբելյանը: Հաղթական մայիսի նախաշեմին մեր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին` մենք ընտրեցինք ռազմական թոհուբոհում Շոստակովիչի, Պրոկոֆևի և Խաչատրյանի հանճարով ծնված, ֆաշիզմի դեմ մարտնչած երաժշտակտավներ: Հավաստիացնում եմ` հայ ժողովուրդը առաջադեմ մարդկության կողմից երբեք լքված չի եղել: Ի հեճուկս աշխարհի տիրակալների նենգ խաղերի` քանի˜-քանի˜ խոշոր անհատականություններ ջանացին մեղմել արևմտահայերին պատուհասած ողբերգության հետևանքները: Ես երախտագիտությամբ եմ հիշում 1915-ի բոլոր հումանիստ միսիոներներին, ովքեր իրենց կյանքի գնով հազարավոր կյանքեր փրկեցին:

Թավջութակահար Նարեկ Հայկազյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, օպերային մեներգիչ Գևորգ Հակոբյանի մենակատա րությամբ գունեղացած «Վերածնունդի» փայլատակումներից էր աշխարհի առաջատար դրամատիկ սոպրանոներից մեկի` հայազգի Մարիա Գուլեգինայի զրնգուն պատարագը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ