Վերջին ճանապարհն էլ օրենքով պիտի անցնել


Մինչև հուղարկավորության մասին օրենքի ընդունումը քաղաքապետարանն առաջարկել էր սգո պարագաների վաճառքը կազմակերպել գերեզմանոցների տարածքում` մահվան հետ «հանդիպման վայրը» հնարավորինս համախմբելու մտայնությամբ: Սակայն նման համախմբում տեղի չունեցավ: Ընդամենն արգելվեց դրանք խանութներից դուրս, ցուցադրաբար վաճառելը: Եվ միայն «Սգո պարագաներ», «Սգո ծաղկեպսակներ» ցուցանակները պիտի ծանուցեին դրանց վաճառքը: Բայց քանի որ մեզանում որոշումները գրվելու համար են հիմնականում և ոչ թե կիրառվելու, մենք դեռ շարունակում ենք քայլել սգո պարագաների ցուցադրանքների կողքով` երեսներիս զգալով մահվան շունչը: Բայց ոչինչ, կարևորն այն է, որ քաղաքապետարանը լի է դրա դեմ պայքարելու վճռականությամբ: Էս տեսակ մի վճռական պայքար էլ դիատար մեքենաների դեմ է մղվում: Ըստ օրենքի, դրանք ցանկացած վայրում կայանելու իրավունք չունեն, քանի որ չունեն առողջապա հության նախարարության և պետավտոտեսչության թույլտվությունը: Պարզվում է` դի տեղափոխելու դեպքում էլ տեխնիկական որոշ կանոններ պետք է պահպանվեն, իսկ, այ, այդ «լևի» դիատարները վերցնում ու հանգուցյալներին դեպի այն աշխարհի ճանապարհը տանում են անկարգ-անօրեն: Իսկ եթե 80 տոկոսին այս պատճառով արգելված է դի տեղափոխելը, ի՞նչ է ստացվում. բնակչությունը մնում է 20 տոկոսի հույսին, և արդյո՞ք դա բավարար է այդ ծառայությունը նորմալ կազմակերպելու համար: Այստեղ քաղաքապետարանի պաշտոնյային օգնում է մարդասիրական ցանկությունը. «Աստված տա, էդ 20 տոկոսն էլ մեզ համար շատ լինի»:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ