Քույրություն անենք ամբողջ աշխարհում


Երևանը 23 քույր ունի, իսկ ընդհանուր առմամբ` 31 գործընկեր: Թե ինչու են այս քաղաքները Երևանի հետ քույրություն անում, ու ոչ թե եղբայրություն, դեռ բացատրված չէ: Բացատրված է, սակայն, որ 2007 թվականին նույնպես Երևանը շարունակելու է այս քաղաքների հետ համագործակցությունը: «Ծրագրային համագործակցությունը»,- պարզաբանում է քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Պարզապես մինչ այդ գործընկերությունը եղել է հընթացս, այսուհետ այն կլինի հստակ ծրագրված: Այսպիսի սկզբունքով կշարունակվի համագործակցությունը մեր և լոսանջելեսյան երևանների միջև (Լոսում, ասում են, Երևանի չափ հայ է բնակվում, էլ ինչո՞վ այն Երևան չէ): Բարեկամությունն էլ, պարզ է, կա ու կա: Ժողովուրդն սկսել է, իշխանությունները թագավորեցնում են: Լոսը շուտով Երևանի հետ կապը պաշտոնապես է վավերացնելու: Այս տարի աշխարհի հեռավոր ծագերում Երևանը մի քույր էլ կունենա: Մենք դեռևս 99-ին էինք հասել Բրազիլիա` Սան-Պաուլոյի հետ բարեկամություն անելու: Երկրորդ քույր քաղաքը կլինի Ռիո դե Ժանեյրոն: Հասել ենք Բրազիլիա, ու մեր դուռ-դրկից քրոջ` Թբիլիսիի հետ նոր-նոր ենք քույրանալու: Թբիլիսին, պարզվում է, հետաքրքրված է մեր քաղաքաշինությամբ: Երևանի փորձը քաղաքի իշխանություններին, սակայն, հետաքրքրում է ոչ միայն այս ոլորտում: Նրանք սովորելու բան ունեն նաև քաղաքի կառավարման համակարգում: Բնականաբար, համագործակցության մեջ մեր խնդիրը Երևան քաղաքին առավելագույն օգուտ բերելն է: Լիոնն, օրինակ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերել. Երևանի փողոցների փոշին մաքրվում է Լիոնից ներմուծված փոշեկուլ մեքենայով: Այսուհետ մենք նրանցից մեկ այլ օգուտ էլ կստանանք. սպասարկման կուլտուրա կսովորենք: Զբոսաշրջության երկիր ու քաղաք դառնալու ճանապարհին ենք, հյուրանոցառեստորանային սպասարկման մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք: Թե չէ օտարերկրացիներին, հյուրերին միայն երկար ոտքերով, բարետես արտաքինով ու երիտասարդ տարիքով չես զարմացնի: