Ի փառս հայոց պատմության


 

Հնագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ է զրույցը:

- «Ներքին Նավեր» դամբարանադաշտի Ձեր պեղումները շատ գիտնականների, հնագետ-պատմաբանների գնահատանքին արժանացան: Հայտնաբերված հինգհազարամյա հայոց հնավայրերի մասին ի՞նչ կասեք:

- Բրոնզեդարյան հնավայրի տարածքը կրում է «Ներքին և վերին Նավեր» անվանումը: Այն գտնվում է Փարպի, Օշական և Ոսկեվազ գյուղերի միջակայքում: Դամբարանադաշտը գտնվում է Շաղվերտ գետի ձախ ափին: Այն, իհարկե, գերեզմանատեղ է` երկու մասերի ուղղությամբ տարածված: Դրանք 30 դամբարանաբլուր են, որոնցից 9-ը 2002 թ.-ին պեղվել է: Մենք պեղումների ժամանակ նկատեցինք, որ գտածո նմուշները 3-րդ հազարամյակի քաղաքակրթությունն են ներկայացնում: Երևութական է` այստեղ ապրել են հնագույն մշակույթ կրող մեր նախնիները, ովքեր և տիրապետում էին բարձրագույն տեխնոլոգիաների:

- Դամբարանում արժեքավոր մասունքներ են հայտնաբերվել…

- Նմուշներից պարզ դարձավ, որ աճյունների մնացորդների մասունքները (տարբեր իրեր, քարե գործիքներ, բրոնզե զինատեսակներ, զարդեր, 30 տեսակի զոհաբերված կենդանիների գտածոներ) վկայում են` այդ տարածքում թաղման յուրահատուկ ծիսակարգ է եղել. խսիրի մեջ թաղված հեծյալը եղել է ինչ-որ վերնախավից: Տարածքում արքայական տոհմից հուղարկավորում է եղել: Նրան թաղել են զոհաբերված ձիու հետ, գլխատակին եղել է արջի մորթի: Մի խոսքով, գտնված մասունքներից տեսանելի է դառնում, որ հանգուցյալը արիական իշխանատոհմի անհատ է եղել կամ գուցե հնդեվրոպացի: Մի խոսքով` մեզ խորհել է տալիս, որ էպիկական Մհերի և Դավթի կերպարները քուռկիկ-ջալալիների հետ իրենց պատմական նախատիպերն ունեն, այսինքն` հորինված չեն, առասպելներ չեն: Բազմատեսակ մեր գտածոներն, ինչ խոսք, արվեստի հիանալի նմուշներ են: Հարկ է նշել նաև, որ հետագա մեր պեղումներն անշուշտ նոր լույս կսփռեն նախորդ հայտնաբերումների վերաբերյալ: Թերևս ցավալի է, որ դամբարանում ոչ մի պատմական գրավոր փաստարկների վերլուծումներ, ապացուցումներ չկան: Այնուամենայնիվ, մենք պեղումները նորից պիտի նույն տեղանքում շարունակենք:

- Հազարամյակների պատմության խորքերից պեղումների միջոցով հասնում եք պատմական իրողությունների, որոնք բնորոշում են նաև, որ Հայաստանը հին աշխարհի կենտրոններից մեկն է եղել: Այո´, մեր պեղումները ևս հաստատեցին, որ ձիաբուծությունը եվրոպացիներից առաջ մեր զբաղվածության «վայրի» առաջնությունն էր, որը նաև քաղաքակրթության առաջընթացի կարևոր շարժիչ ուժն է եղել:

- Շենգավիթյան պեղումների մասին ի՞նչ կասեք:

- Շենգավիթը ևս ապացուցում է իր բացառիկ ավագությունը: Այն դեռևս ունի անհայտ ու հետաքիր գաղտնիքներ, հնագիտությանը ներկայացնելու հարուստ, նոր հետազոտութ յուններ: Տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Միշել Մորը համոզմունք հայտնեց, որ այս հնավայրն արժանի է ընդգրկվելու համաշխարհային մշակույթային ժառանգության առավել հայտնի արժեքավոր հուշարձանների ցանկում:

- Նոր հնավայրերի պեղումները Ձեր աշխատանքում դժվարություններ չե՞ն հարուցում. թե՞ դրանք Ձեր աշխատանքի տարերքն են:

- Մեր աշխատանքը ջրհորից ջուր հանելու պես է. պարանը քաշում ես, ու թե հանկարծ կտրվեց, ամեն ինչ ջուրն է թափվում: Մեր պեղված ամեն մի գտածո իր, զարդ, կավե աման մեզ մի տեսակ հարազատ են դառնում: Մենք և´ ձմռանն ենք պեղումներ կատարում, և´ կիզիչ արևի տակ: Մեր գործը նաև գիտական առումով է հետաքրքիր: Շատ նրբությամբ, նվիրումով, զգուշությամբ ենք աշխատում պեղումների ընթացքում: Գործերին զուգակցում եմ իմ պաշտոնական բոլոր պարտականությունները` հանդիպումներ, դասախոսություններ, մասնակցություններ արտերկրյա գիտական ժողովների…

- Դուք մեծ ճանապարհ անցած գիտնական եք. Արցախյան գոյամարտի տարիներին եղել եք թեժ կետերում...Պատմեք, խնդրեմ, նաև այդ մասին:

- Պատմելիք շատ կա, բայց թույլ տվեք որոշ բաների մասին լռել: 1990 թ. տագնապալի գարնանն էր. դեռ կանգուն էին Գետաշենն ու Մարտունաշենը: Ամենուր իրարանցում էր, ծեծ, թալան, բռնություններ...Անտանելի տանջանքի մեջ էին գերիները Գյանջայի (Գանձակի) բերդում: Երբ ինձ Մարտունաշենում հայերը հարցնում էին` մեր փրկությունը ո՞րն է, ես երկու բառով պատասխանում էի` հավատ ու զենք: Ես հրաշքով շատ դժնդակ փորձություններից եմ փրկվել` երկու ընկերոջս հետ, բայց...Հայրենի հողը պաշտպանելուց զատ, մեզ հետաքրքրում էր տեղի հուշարձանները վավերագրելու գաղափարը, որն իրագործեցինք 20 օրում` ադրբեջանցի ելուզակների աչքի առաջ: Հետագայում ևս գիտական արշավախմբի աշխատանքներով էինք զբաղվում` արցախյան հուշարձանների ցուցակագրմամբ հայտնաբերում էինք նոր, չգրանցված կոթողներ: Ես հպարտանում եմ, երբ որևէ թանգարանի ցուցափեղկում տեսնում եմ մեր գտածոները:

- Ձեր գործունեության, գիտա-ստեղծագործական աշխատանքների մասին գիրք է լույս տեսել, որը Ձեր աշխատանքների ողջ հանրագումարն է: Դուք վերջերս արժանացել եք մեդալների, ՀՀ ՊՆ-ի կողմից «Գարեգին Նժդեհ» մեդալի, պատվոգրերի: Ձեզ հետ հանդիպել են անձամբ ՀՀ նախագահը, վարչապետը:

- Այո´, գրքի հեղինակը Ներսես Կոստանյանն է: Գիրքը կոչվում է «Ճանապարհ դեպի դարերի խորքը»: Այդ բոլորով հպարտանք եմ ապրում: Հպարտություն, որ երկրաշարժի, Արցախյան պատերազմական տարիներին աշխատել եմ վտանգի թեժ գոտիներում: Խաղաղ պայմաններում ևս ծանրաբեռնված եմ աշխատել: Ահա հիշեմ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաշինման խնդրով հանդիպում-քննարկումները վրաց մասնագետների և մեր ճարտարապետների մասնակցությամբ: Անցյալ գարնանը Իզմիրի գիտաժողովում Հայաստանից միակ գիտնականն էի, որ Թուրքիայում զեկուցում ունեի պատմամշակութային կարևոր խնդիրների շուրջ: Ուրախալի էր ինձ համար այն, որ զեկույցս բարձր գնահատվեց Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս», «Ժամանակ», «Մարմարա» հանդեսների կողմից:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ