ՀԱՅԵՑԱԿԵՏ

ԲՈՒՄԵՐԱՆԳ


 

Բոլորովին էլ զարմանալի չէ Վրաստանի ընդդիմության և ընդհանրապես հասարակության դժգոհությունն առ այն, որ թուրքերը մշակութային էքսպանսիա են սկսել Վրաստանի դեմ: Այդ ուղտը մի օր չոքելու է նաև մեր հարևանների դռանը, քանզի թուրքը մնում է թուրք: Բայց ահա թե որն է զարմանալին: Վրացիները դժգոհելով, որ Թուրքիայի տարածքում գտնվող իրենց մշակութային արժեքները լիակատար անտերության են մատնված, կամ էլ այդ երկրի կողմից որակվում են բյուզանդական, իսկ հակառակ դրան Սահակաշվիլին համաձայնվել է Աջարիայում թուրքական մզկիթի կառուցմանը` անտեսում են մի շատ կարևոր հանգամանք: Չէ՞ որ իրենք նույն կերպ են վարվում իրենց տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքների հետ: Փորձում են յուրացնել` համարելով վրացական: Վերացնում են հայկական ծագմամբ բոլոր հետքերը, նույնիսկ քերում-հանում են հայկական եկեղեցիների պատերի հայերեն արձանագրությունները: Նույն թուրքական ձեռագրով` չեն փորձում փլուզումից փրկել վթարային վիճակում գտնվող հայկական եկեղեցիները: Հիմա դառնանք ու հարց տանք թուրքերից բողոքող Լեյբորիստական կուսակցության ղեկավարին. իսկ ինչո՞վ է Վրաստանի վարվելակերպը օտարների մշակութային արժեքների հանդեպ տարբերվում թուրքականից: