2000-եվրոյանոց ելակ կերած կա՞ք 


 

Չէ, Բելգիայում միրգն այդքան թանկ չէ: Պարզապես մարդիկ տարվա առաջին բերքը «պատվելու» ավանդույթ ունեն: Անտվերպենում երկու օր առաջ աճուրդով վաճառվել է 2013-ի հատապտղի առաջին բերքը (հաղորդել է HD.be-ն): Ելակի առաջին երկու կիլոգրամի համար վճարվել է 4000 եվրո (200 գրամանոց յուրաքանչյուր փաթեթը` 400 եվրո): Գնորդները` CΖrrefour Belgigue ընկերության ներկայացուցիչները, իրենց շռայլությամբ ոչ մեկի չեն զարմացրել, որովհետև անցյալ տարի նույնպես նույն գինն է վճարվել «նուբարին»:

Հետաքրքիր մեկ այլ ավանդույթ էլ կա` այս արարողության առնչությամբ: Ավանդույթի համաձայն` աճուրդի կազմակերպիչները կրկնապատկում են վճարված գումարը: Ստացված 8 հազար եվրոն այս տարի ևս կօգտագործվի բարեգործական նպատակներով. այն կհատկացվի Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին:

Ինչ վերաբերում է ելակին ընդհանրապես, ապա այն բելգիացիների սիրած պտուղներից է: Միայն Հոոգստրատեն քաղաքում անցյալ տարի իրացվել է 31 միլիոն կիլոգրամ ելակ: