1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ընդդիմադիրներից երկուսի` ՀԱԿ¬ի և Ժառանգության ասուլիսասեր ներկայացուցիչները վերջին օրերին միմյանց «նախշելու» հարցում ածականների մեջ խտրականություն այլևս չեն դնում: Երկուստեք միմյանց «գնահատելու» այնպիսի ոգևորություն է ծայր առել, որ կարելի է կարծել, թե ով որքան հայհոյաբանություն արտանետի, այնքան յուրայինների շրջանում կհերոսանա: Այս ամենից անկարելի է վստահաբար համոզմունք չհայտնել, թե այս ուժերի վնասարարությունը մինչև հիմա էլ շատ մեծ է եղել, և փոխադարձաբար դիմակներ պատռելու առիթ նոր է միայն ներկայանում: Հարկ է նաև փաստել, որ նշված ընդդիմադիրների միջև կամուրջները վերջնականապես այրվում են: Նշված թեման չի շրջանցվի նաև այսօր հրավիրված ՀԱԿ հանրահավաքում, սակայն մինչ այդ տարբեր սոցիալական կայքերում սկսված վիտուալ պատերազմն էլ իր հերթին է ահագին պատկերացում տալիս այսօր ու առաջիկայում տեղի ունենալիքի վերաբերյալ: Նույն «Ժառանգության» պատգամավոր Ս. Սաֆարյանը կայքերից մեկում գրում է, թե մարտի 1¬ին ինքը փորձել է համոզել Լ. Տեր¬Պետրոս յանին` տուն չգնալ ու ժողովրդին միայնակ չթողնել… Իսկ առաջարկն այսպիսի պատասխանի է արժանացել. - Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբն այնտեղ որևէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչնե՞ր են հավաքվել: Սույն ուշացած, բայց ուշագրավ բացահայտմանը ՀԱԿ քարոզչամեքենան հակադարձում է, թե «Ժառանգության» պատգամավորը հայտնի դեպքերի ընթացքում ոչ պատահաբար է հենց ԱՄՆ դեսպանին դիմել` միջնորդություն խնդրելով Ռոբերտ Քոչարյան ¬ Լևոն Տեր¬Պետրոսյան բանակցություններ սկսելու հարցում: Այս առիթով ՀԱԿ¬ն էլ իր հերթին է տարիներ անց տարակուսում, թե ինչու է փորձ արվել` հատկապես ԱՄՆ դեսպանին նման «անշնորհակալ» գործում ներքաշելու… Ամեն դեպքում ակնհայտ է նաև Կոնգրեսի «հռետորական» հարցադրման ենթատեքստը. առաջին Նախագահի թիմն էլ ձգտում է «Ժառանգության» ամերիկյան ֆինանսավորման (և ոչ միայն) մասին հայտնի պնդումները թարմացնել` փորձելով հիմնավորել այս ամենում օտար խաղերի առկայության մասին կարծիքները: